Հուլիսի 16-ին Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում բացվել է նկարչուհի Նելլի Ասատրյանի ստեղծագործությունների՝ գոբելեն և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչև հուլիսի 26-ը:
Նկարչուհու անհատական ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնատար անձինք, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, նկարիչներ, մշակութային գործիչներ, նկարչուհու արվեստի երկրպագուներ:
Բացելով ցուցահանդեսը՝ Սուրեն Սաֆարյանն արձանագրել է, որ դա Նելլի Ասատրյանի՝ Հայաստանի նկարիչների միությունում բացված երրորդ անհատական ցուցահանդեսն է, որում ընդգրկված են նկարչուհու տարբեր տարիների՝ վաղ շրջանից մինչ օրերս ստեղծած աշխատանքները:
«Նելլի Ասատրյանը խորը արվեստագետ է, ով իր ստեղծագործական գործունեության ընթացքում անդրադարձել է բազմաթիվ թեմաների: Անչափ կարևոր և գնահատելի է այն մոտեցումը, որ տարբեր թեմաների նկարչուհին անդրադարձել է յուրովի և ուրույն ձեռագրով»,- նշել է Սուրեն Սաֆարյանը՝ տեղեկացնելով, որ օրերս լույս է տեսել նկարչուհու ստեղծագործությունների պատկերագիրքը, որը ցուցահանդեսի շրջանակում ևս կներկայացվի արվեստասեր հանրությանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ևս շնորհավորել է Նելլի Ասատրյանին անհատական ցուցահանդեսի բացման կապակցությամբ, զրուցել նրա ստեղծագործական կյանքի և գործունեության շուրջ, ապա նկարչուհու ընկերակցությամբ շրջել է ցուցասրահում և դիտել աշխատանքները:
Նշենք, որ Նելլի Ասատրյանը ծնվել է 1944 թվականին Երևանում: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այնուհետև՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ստեղծագործում է հիմնականում գոբելենի և գրաֆիկայի բնագավառում։ Նա առաջիններից էր, ով գորգարվեստից ընտրել է գոբելենը և իր ձեռամբ ու էսքիզներով գործած շուրջ 70 գոբելեններով իր հիմնավոր կնիքն է դրել հայկական գոբելենի պատմության մեջ:
Նելլի Ասատրյանի «Պոեզիա։ Հայաստան» գոբելենը տեղ է գտել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, «Դիլիջան» գոբելենը՝ Դիլիջանի կինեմատոգրաֆիստների տանը: Արվեստագետի գոբելեն աշխատանքները տեղ են գտել նաև «Դվին» համալիրում, Չարենցի տուն-թանգարանում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Նրա բազմաթիվ գոբելեններ այժմ պահպանվում են Սարդարապատի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, ինչպես նաև բազմաթիվ մասնավոր հավաքածուներում: Հեղինակի «Հայաստան» գոբելենը Լատվիայում ներկայացվել է «Գոբելենի միջազգային սիմպոզիումում»:
Նելլի Ասատրյանի գործունեության երկրորդ շրջանը նշանավորվել է գոբելենից գրաֆիկայի կտրուկ անցմամբ: Առաջին գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը կայացել է 1996 թվականին, երկրորդը՝ 2004 թվականին: Նույն թվականին Ռավեննայում Նելլի Ասատրյանը մասնակցել է Հայաստանի քրիստոնեության 2750-ամյակին նվիրված բիենալեին՝ իր երկու ստեղծագործություններով:
Մեծ և բազմազան է Նելլի Ասատրյանի թեմատիկ ընդգրկումը՝ դիմանկարներ, հունական դիցաբանության, աստվածաշնչյան թեմաներ, «Դանթեական» շարք, կրկեսային և այլ թեմատիկ գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև աշխատանքներ՝ արված քրոջ՝ բանաստեղծ Անահիտ Ասատրյանի պոեզիայի հիման վրա, որոնցից էլ, ըստ էության, սկիզբ են առել նրա գրաֆիկական աշխատանքները:
Հարկ է նշել, որ Նելլի Ասատրյանի ստեղծագործություններում առանցքային է ձևի և բովանդակության յուրօրինակ համակցումը՝ քնարական գործերից մինչև գրոտեսկային շարքեր, ինչպես նաև սյուրռեալիզմին հարող բազմաթիվ աշխատանքներ: Դրանք նկարչուհու տարբեր տարիների ստեղծագործություններն են, որոնց մեջ իրենց ուրույն տեղն ունեն սև և սպիտակ գծանկարները, գունավոր նկարների շարքը:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ