Ադրբեջանն այս շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ միջադեպ է հրահրում հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում: Ռազմական մեկնաբան Կարեն Հովհաննիսյանը կարծում է, որ միջադեպի հրահրման վայրի ընտրությունը պատահական չէ, պայմանավորված է նրանով, որ սա հայ-ադրբեջանական սահմանի՝ Երեւանին ամենամոտ գտնվող հատվածն է: Հովհաննիսյանը վստահ է նաեւ, որ այսպիսի տեղային գործողությունները վաղ թե ուշ բերելու են լայնամասշտաբ բախման: Մեր զրույցը՝ ստորեւ.
– Պարոն Հովհաննիսյան, Երասխի կողմից արդեն երկրորդ անգամ թշնամու ակտիվացումը ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված: Ինչո՞ւ Երասխ:
– Եկեք չտեղայնացնենք, թե ինչու Երասխ, որովհետեւ այն, ինչ Ադրբեջանն անում է Երասխում, կարող է լինել մեկ այլ հատվածում: Այս պահին թշնամու նպատակը մեկն է՝ դրվագային որոշակի ռազմական գործողությունների մեկնարկումով Հայաստանի իշխանությանը նեղը գցել հնարավոր բանակցային պրոցեսներում, կարողանալ ինչ-որ բաներ կորզել հօգուտ իրեն: Ես կարծում եմ, որ այս դրվագային ռազմական գործողությունները վաղ թե ուշ բերելու են լայնածավալ բախման. մենք այժմ գտնվում ենք 1988 թվականի անվտանգային իրավիճակում, այսինքն՝ աջից, ձախից, ներքեւից, վերեւից, հարավից, հյուսիսից թշնամին անընդհատ փորձում է «բզել», ճեղքել, ցույց տալ, որ ինքն ավելի գերակա վիճակում է գտնվում, քան Հայաստանը: Եթե կենտրոնանանք Երասխի վրա, ապա իրենց համար նպաստավոր է այդ հատվածը, որովհետեւ Երասխը շատ ավելի մոտ է Երեւանին: Դա մեծացնում է ռիսկայնությունը, դրա համար իրենք փորձել են այս անգամ Երասխի ուղղությամբ ձեռնարկել նման քայլ:
– Կան վերլուծություններ, որ Տիգրանաշենի կամ այսպես ասած՝ Քյարքիի գրավումն է նպատակը: Բացի այդ, այդ հատվածին շատ մոտ է Նախիջեւանը: Այս տարբերակներից ոչ մեկը հավանական չե՞ք համարում:
Կարդացեք նաև
– Ես դրա հետ այդքան էլ չեմ կապում: Ես ավելի շատ դա կապում եմ հոգեբանական խնդրի հետ՝ հաշվի առնելով Երեւանին մոտ լինելը: Սա հայ-ադրբեջանական սահմանի՝ Երեւանին ամենամոտ հատվածն է, իրենք փորձում են այդ կերպ ազդեցիկ լինել: Բայց մյուս կողմից, ինչու չէ, իրենք դեմ չեն լինի որեւէ հաջողության հասնել, իրենց վերահսկողության տակ վերցնել որեւէ բլուր, բնակավայր կամ որեւէ դաշտ: Դրա օրինակը արդեն կա Սեւ լճի հատվածում, Գեղարքունիքի հատվածում: Եվ այնպես չէ, որ պետք է հատկապես Տիգրանաշենը լինի, որ կարողանան կամ ցանկանան վերցնել իրենց վերահսկողության տակ:
– Իսկ այս իրավիճակը պե՞տք է կապել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախօրեի հայտարարությունների եւ դրանց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա արձագանքի հետ:
– Ես կարող եմ ասել, որ իրականում Ալիեւը նոր չէ, որ սկսել է նման հայտարարություններ տարածել: 2020 թվականի նոյեմբերի 11-ից սկսած Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանին ստիպելու է ստորագրել այս կամ այն փաստաթուղթը: Իսկ ստիպելու միակ ճանապարհը սա է, որ սահմաններում լարվածություն առաջացնի եւ վախի մթնոլորտ ստեղծի: Միեւնույն ժամանակ Փաշինյանի հայտարարությունը, որ մենք կարող ենք օգտագործել մեր բոլոր հնարավորությունները՝ դիմել ՀԱՊԿ-ին, հայ-ռուսական միացյալ զորախմբին եւ այլն, սա դեռեւս հայտարարության մակարդակով է, եւ կարծում եմ մենք ունենալու ենք առիթ, հստակ դեպք՝ դիմելու ՀԱՊԿ-ին՝ ռազմական օգնություն ցուցաբերելու հարցով:
– Ինչո՞ւ: Սյունիքի դեպքը բավարար չէ՞ր դրա համար:
– Ոչ, Սյունիքի եւ Գեղարքունիքի դեպքերը բավարար չէին, որովհետեւ այդ դեպքում Ադրբեջանը ոչ մի ռազմական գործողություն չի իրականացրել Հայաստանի տարածքում հայտնվելու համար: Իսկ այս դեպքում արդեն ինքը ռազմական գործողություն է իրականացնում, փորձում է առաջ գալ, նույնիսկ մարդիկ են զոհվել: Սա, ի տարբերություն Սյունիքի, այլ իրավիճակ է ստեղծում, սա արդեն կոչվում է ռազմական գործողություն:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում