2021 թվականի արտահերթ ընտրություններում իր գլխավորած ուժի ստացած քվեն Հայաստանի ու Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ անվանելով` երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բացել է այդ մանդատի բովանդակությունը. տարածաշրջանային հաղորդուղիների բացում, տարածաշրջանային կայունություն ու տեւական խաղաղության հաստատում:
Բայց դրան, տեսեք մի, խանգարում է Ալիեւը, ու, առհասարակ, Ադրբեջանն ամեն ինչ անելու է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու ու ցույց տալու համար, թե Հայաստանը կամ Արցախը իբր դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման ու սահմանագծման գործընթացներին: Ու այս ֆոնին, Փաշինյանի խոսքով, Ադրբեջանը ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ է ստեղծելու, որի դրսեւորումը վերջին օրերին տեղի ունեցողն է (երեւի նկատի ունի Երասխում սահմանային միջադեպը` հայկական կողմի մեկ զոհով եւ մեկ վիրավորով, երկու հայ զինվորականի անհետացումը Սեւ լճի շրջանում):
Որ Ադրբեջանը լարումներ է հրահրում եւ հրահրելու է մեր սահմաններին` ոչ ոք ո՛չ կասկածում է, ո՛չ էլ որեւէ մեկի համար անսպասելի է: Բայց այն, որ հայկական կողմը վերջապես պատասխան գործողություններ է իրականացրել` սա կարող է նշանակել երկու բան. Փաշինյանի համար վերջապես պարզվել է, որ «Զանգեզուրի միջանցքից» եւ Ղարաբաղի չգոյությունից խոսող Ալիեւն ի սկզբանե ոչ մի նպատակ չի ունեցել խաղաղություն հաստատելու, այլ միայն զավթելու:
Ուշ է պարզվել, հսկայական մարդկային, տարածքային եւ նյութական կորուստներից հետո, բայց էլի մի բան է` վնասի կեսից հետ դառնալու իմաստով, ու միգուցե ամեն ինչ դեռ կորած չէ, որ Փաշինյանն ասում է` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» հորջորջումը որեւէ կապ չունի աշխատանքային խմբի կատարած աշխատանքի ու հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ, Ադրբեջանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ 30-ամյա գործընթացի քաղաքականությունը: Այդ դեպքում անհասկանալի է` ինչու շարունակել աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում, ինչպես Փաշինյանն է հավաստիացրել կառավարության նիստին, «Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ ու Ռուսաստանի, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը», սահմանազատումն ու սահմանագծումը` վրադիր:
Կարդացեք նաև
Վահ, Երասխում սահման առաջ տալու, Սեւ լճի հատվածում թշնամու զինական ուժի ներկայությամբ` ի՞նչ սահմանազատում, ձեռք քաշեք, վերջապես գերադաս դրեք Հայաստանի շահը, եթե հաղորդուղի եք ուզում բացել` հայկական կողմի մի նախապայման պետք է առկա լինի. մեր տարածքում ոչ մի այլ զինված խմբավորում հաղորդուղի չի հսկելու, այլ միայն` հայկական զինուժը, գնացք է` թող անցնի, ուրիշ ոչինչ ավելի: Ու, այո, Հայաստանը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, վարչապետի պաշտոնակատարն էլ վերջապես հստակ նշեց, միայն թե «ներառյալ հայ-ռուսական միացյալ զորախմբի ու ՀԱՊԿ-ի մեխանիզմների գործարկմամբ» միտքը սրբագրման է արժանի, ՀԱՊԿ-ն արդեն ցուցադրել է իր մեխանիզմների անգործունակությունը, իսկ ավելի ստույգՙ մեկ երկրի ցանկությունից կախվածությունը:
Իսկ որ մեր արտաքին գործերի նախարարությունը կոշտ դատապարտել է սահմանին Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունները, որի հետեւանքով զոհվել է հայ զինվոր, վայ, ԱԳՆ ունե՞նք. «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նման քայլերը կարող են հանգեցնել իրավիճակի հետագա սրման, իսկ հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները»:
Է, դե արի ու մի հարցրու` պատրա՞ստ է ՀՀ-ն այդ սրումներին, կարգի բերո՞ւմ է իր զինուժը, թե ոնց որ ամեն ձյունի ժամանակ եւ բոլոր իշխանությունների օրոք մեր քաղաքապետարանը, երբեք պատրաստ չի, նույն կերպ երկիրն էլ պատրաստ չէ այդ նոր լարումներին: Թե չէ ռուսների, թուրքերի բտած Ալիեւը արդեն բացահայտ սպառնում է, թե` «Կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ճանաչեն սահմանները, սկսեն աշխատել սահմանազատման ուղղությամբ:
Եթե Հայաստանը դա չի ուզում, ուրեմն դա նրա գործն է: Բայց նա պետք է լավ մտածի, այլապես հետո ուշ կլինի»: Ու իր այս խոսքին սպառնալիք է կցում՝ այլապես իրենք կվերադառնան իրենց «նախնիների հողերը` Զանգեզուր, Սեւան, Երեւան»: Դե երբ քոչվորի հետ քաղաքակիրթ լեզվով ես խոսում, նա դրանից չի քաղաքակրթվում, նա միայն հասկանում է ուժի լեզուն:
Զատուլինի ասած` քոչվորը, որ հարյուր տարի առաջ թուրք -թաթար էր կոչվում, պատմություն ո՞նց սովորի, նա միայն կարող է նայել ու ասելՙ ոչխարը սարն անցավ: Ալիեւը շտապում է, նրան ինչ-որ բան անհանգստացրել է, նա զգում է, որ գնացքը կարող է գնալ, իսկ ինքն ուշանալ այդ հարկավոր գնացքից, ու շանտաժի, սպառնալիքի լեզվից անգամ չի խորշում` բաղձալի սահմանազատման, սահմանագծման, Ադրբեջանի տարածքային ամբողջականության (Արցախն էլ հետը) պայմանագիր ստանալու համար Հայաստանից: Ու ոչ մի մանդատ` երկաթյա, պողպատյա, պլաստիլինե թե թղթյա չի կարող հայի արյուն կրող որեւէ ղեկավարի այդպիսի պայմանագիր ստորագրել տալ, որով Հայաստանի հետագա օկուպացման դուռ կբացի անհագ թուրք-թաթարների առաջ, ի՛նչ սիրուն բառերով էլ քողարկվեն այդ կարգի պայմանագրերը:
Որ սկսում ես ակնդետ հետեւել տեղի ունեցողին, իրար հետեւից տնտղել տարածաշրջանային խաղացողների հայտարարություններն ու քայլերը, մերոնց արձագանքներն ու չարձագանքները` մեկ-մեկ թվում է, որ մեր տարածաշրջանոմ կատարվողը մեծ եւ լավ պայմանավորված խաղի մաս է` հստակ նպատակով, լավ բաշխված դերերով, ու այդ դերերը նաեւ Հայաստանն է ստանձնել: Ինչ -որ մեկը ղեկավարում է, քաշում պերսոնաժ տիկնիկների թելերը, սրանք էլ համապատասխան քայլն են անում, կամ ինչ-որ բան հայտարարում, մյուսները պատասխան հայտարարություն են անում, եւ այսպես շարունակ: Իսկ շեղումները, այս ամենով իրոք մտահոգվածների գործն ու խոսքը խանգարում է տիկնիկներին էլ, տիկնիկավարին էլ:
Բոլոր դեպքերում հիշեք` այս երկիրը քաղաքակրթության բնօրրան է եղել, այս երկրի հետ ոչ ոք չի կարող վարվել այնպես, ինչպես Իրաքի հետ վարվեցին, մենք կանգնած ենք շատ ազգերի ստեղծման ակունքներում, ու, անկախ նրանից, որ ղեկավարն ինչ սեւ կամ սպիտակ գործ է մտմտում, ազգերի մեջ եղած հայկական հետքը, տիեզերքի էներգետիկ կենտրոն լինելու հանգամանքը եւ հայերիս մեջ դրված ծրագիրը միասնական ուժով հակադրվելու են հակահայկական քայլերին, սա որպես հիշեցում նաեւ մեր ղեկավարներին:
Իհարկե, դժվար է հակադրվել աշխարհի հզոր հատուկ ծառայությունների ներքնահարկերում ստեղծված սցենարներին, դրա համար այս պահին Հայաստանում պետք է ապրեր ոգին չկոտրված ժողովուրդ, Հայաստանի ղեկավարներն ունենային Նժդեհի, Արամ Մանուկյանի ու Հայկ Նահապետի անկոտրում կամքից, ու բոլորս այսքան նյութի գերին չլինեինք: Պիտի ունենայինք մեր անխոցելի հատուկ ծառայությունները, որպեսզի մեկ քայլ առաջ իմանայինք գլխներիս գալիքը, օդը հոտոտելով անգամ զգայինք տարածաշրջանային ճարտապետների հետին մտքերը: Չունենք այդ որակի կառույց, եղածն էլ ընկել է չորրորդական բաների հետեւիցՙ երկրի անվտանգության խնդիրը հազար գլուխ ամեն տեսակի պոպուլիստական ձեռնարկից բարձր դասելու փոխարեն:
Ասենք` հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 14-ին Երասխի հատվածում միջադեպը ու հնարավոր այդպիսի միջադեպերն արդյոք ունե՞ն տարածաշրջանային ճարտապետներ, քանի որ կան կողմեր, որ այդպիսի միջադեպերով կարող են ճնշում գործադրել ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի վրա, չէ՞ որ տարածաշրջանային տնտեսական հաղորդուղիների հարցը ոչ հայկական նախաձեռնություն է եւ ոչ էլ բուն ադրբեջանական, ու մինչեւ ո՞ր աստիճանի ներգրավվածություն ունեն աշխարհի գլխավոր խաղացողները` այդպիսի միջադեպերում եւ լարումներում , իսկ ավելի ստույգ` հրահրումներում:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում