Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիությունն իր այդ քայլով «փափուկ» տեղավորվում է հարավկովկասյան թատերաբեմում եւ վճռական ձայնի իրավունք է պահանջում․ «Ազգ»

Հուլիս 17,2021 10:20

Տեւական ժամանակ լքված եւ անտեսված մնալուց հետո Հայաստանը կրկին հայտնվում է աշխարհաքաղաքական հետաքրքրությունների ծիրում: Արեւմուտքը, հանձին Եվրամիության, շաբաթավերջին անակնկալի բերեց բոլորիս՝ պաշտոնապես հայտարարելով, որ առաջիկա չորս տարիների ընթացքում մեր երկրին կտրամադրվի ընդհանուր՝ 2,6 միլիարդ եվրո գումար, որը աննախադեպ է Հայկական պետության պատմության մեջ:

Այդ գումարը, ինչպես հայտարարեց պաշտոնական այցով Երեւանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին, ներդրվելու է ոչ թե մարդասիրական, ինչպես սովորաբար լինում է, այլ առավելապես զարգացման եւ հատկապես կրթության ու ճանապարհաշինության ոլորտներում: Ու թեեւ դեռեւս բացահայտված կամ բարձրաձայնված չեն գումարների ներդրման նախապայմաններն ու հարակից հանգամանքները, ինչպես նաեւ վերջնական նպատակները, սակայն քաղաքական իմաստով կարելի է արձանագրել, որ Եվրամիությունն իր այդ քայլով «փափուկ» տեղավորվում է հարավկովկասյան թատերաբեմում եւ վճռական ձայնի իրավունք է պահանջում գերազանցապես ռազմաքաղաքականացված բեմահարթակի վրա:

Թե ի՛նչպես կընկալվի նրա ներկայությունը ցարդ բեմահարթակը միայնակ զբաղեցնող եռյակ խաղացողների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, դեռեւս տեսնելու հարց է: Սակայն ֆինանսական ներդրման իրավունքը եւ դրա գործնականացումը այնպիսի հաղթաթուղթ է, որը ոչ ոք չի կարող ժխտել, առավելեւս արգելել: Շատ-շատ՝ կարող են խանգարել, որը ներկա պայմաններում չի բացառվում, եթե շարունակենք վերջին տարիների, մանավանդ վերջին երեք տարիների անպատասխանատու, խաբեպատիր, սնամեջ եւ վնասաբեր գործելակերպը, գլխավորությամբ ապիկար հայտնի անձնավորության:

Անշուշտ պատրանքներ պետք չէ ունենանք, որ եվրոպացիները 2,6 մլրդ եվրոյի օգնությունը հայթայթում են միայն բարի նկատառումներով, միայն մեզ համար: Միշտ հիշենք 2008-ի պատերազմից հետո Վրաստանին տրված 3 միլիարդ դոլարը: Ավելորդ է ասել, որ եվրոպացիք այդ նախաձեռնությանը դիմում են իրենց համար, աշխարհի այս զգայուն հատվածում խոսքի եւ գործի իրենց իրավունքը հաստատելու համար: Եվ մեր հավաքական իմաստությունից է կախված, թե ինչքանով եւ ինչպես այդ խոսքը կհնչի ներդաշնակ՝ մեր ձայնի հետ, որը, դժբախտաբար, 44-օրյա պատերազմից հետո կորցրել ենք իսպառ, դարձել ենք քրջե գնդակ, որը տշում են աջից ու ձախից, կրծոտում ու պատառոտում:

Այդ նախաձեռնությունը հաստա՛տ կարող է մեզ օգնել, ի թիվս այլոց, Արցախյան հարցը Մինսկի խմբի եռանախագահության սեղան վերադարձնելու եւ դրանով իսկ «Արցախի հարցը փակված» հայտարարող Իլհամի լափառոշ բերանը փակելու համար: Այդ նախաձեռնությունը կարող է չափավորել Հայաստանը Աջարիայի վերածելու Էրդողանի նկրտումները: Կարող է հակակշռել մեր գլուխը սակարկության առարկա դարձնելու Պուտինի ռազմաստրատեգիակա՜ն ազարտը: Կարող է, դրական իմաստով, գրավիչ դարձնել մեր երկիրը Իրանի եւ Չինաստանի համար նաեւ: Եվ վերջապես՝ կարող է արտասահմանյան ներդրումների խթան հանդիսանալ վաղուց ներդրում չտեսած այս երկրում, որտեղ, սփյուռքահայ մի գործարարի ասելով, անգամ 5 միլիոն դոլարը պատշաճորեն ներդնելու տեղ չկա: Չմոռանանք բիզնեսի ոսկե կանոնը՝ կարեւորվում է, գրավիչ է դառնում այն երկիրը, որտեղ այլք ներդրումներ են կատարել արդեն:

 

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031