Լրահոս
Օրվա լրահոսը

Ծուռ հայելիների աշխարհում ենք հայտնվել․ «Փաստ»

Հուլիս 17,2021 09:50

Հանրային կյանքի բոլոր ոլորտներն էլ բարձիթողի իրավիճակում են, իսկ կառավարման համակարգը տոտալ ճգնաժամի մեջ է։ Դրանով պայմանավորված՝ լիովին անկանխատեսելի է դարձել, թե հաջորդ օրն արթնանալով՝ հանրությունն էլ ինչպիսի անակնկալի կարող է բախվել։

Տպավորություն է, թե ծուռ հայելիների աշխարհում ենք հայտնվել։ Գործող իշխանությունների պաշտոնավարման պայմաններում նույնիսկ ամենաանհնար թվացող երևույթը կամ ամենավատ երազը վաղը կարող է իրականություն դառնալ։ Օրինակ՝ թշնամու համար որևէ կաշկանդող հանգամանք չկա կրկին սադրանքների անցնելու ու նոր կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումը պարտադրելու համար, որտեղ կարող են այնպիսի պայմաններ տեղ գտնել, որ այսօր դժվար է նույնիսկ դրա մասին դատողություններ անելը։

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, զիջումների գնալուց բացի, ոչնչի ընդունակ չէ։ Դրա համար էլ Փաշինյանի իշխանության վերարտադրության փաստը ադրբեջանական մամուլում գլխավորապես դրական արձագանքների արժանացավ։ Ստացվում է՝ մի այնպիսի շրջապտույտի մեջ ենք հայտնվել, որ իշխանությունները հանրությանը մի պարտությունից դեպի մյուս պարտությունն են առաջնորդում։ Ընդհանրապես, ընդունված է, որ եթե անգամ որևէ ոլորտում ձախողում է արձանագրվում, ապա այդ ոլորտները համակարգող պաշտոնյաներն, իրենց վրա վերցնելով պատասխանատվությունը, հեռանում են։ Թվում է՝ նույնը պետք է վերաբերի ընդհանրապես իշխանություններին։

Տեսեք՝ իշխանությունների «սրտի մարզպետ» Սանոսյանը խրոխտ կերպով հայտարարում էր, թե իրենց համայնքներում խայտառակ պարտություն կրած համայնքապետներն ինքնակամ պիտի հեռանան։ Սակայն իշխանական այդ տրամաբանության համաձայն (ներողություն այս իշխանությունների պարագայում տրամաբանություն բառն օգտագործելու համար), եթե համայնքներում պարտություն կրած համայնքապետները պետք է հեռանան, ապա կապիտուլ յացիայի խորհրդանիշ դարձած իշխանությունները պետք է վաղուց հեռացած լինեին։

Բայց չէ, դա բնական կլիներ նորմալ մարդկանց ու նորմալ իշխանությունների դեպքում, միայն ոչ Նիկոլ Փաշինյանի ու «նիկոլփաշինյանների». նրանք սոսնձված են իրենց աթոռներին և բառիս բուն իմաստով ամեն ինչի ունակ են այդ աթոռները պահելու համար։ Միևնույն ժամանակ, ՔՊ-ականներն իրենց այնպես են պահում, կարծես թե իրենք չեն այսքան աղետը բերել ու բերում ժողովրդի գլխին։ Կարևորը՝ ճոխ պարգևավճար ստանան, պատգամավորական վճարը հինգ անգամ բարձրացնեն և այդպես շարունակ։

Կարևորը, որ իրենց փողը չի բավարարում, սրճարաններում ու ռեստորաններում մեկ-մեկ էլ իրենք պիտի հաշիվ փակեն, վերջապես բենզինը թանկացել է… Իսկ մնացյալը ոնց ուզում են ապրեն: Այս մարդիկ պարզապես թքած ունեն երկրի ու ժողովրդի վրա, կարևորն իրենց անձնական օգուտներն ու շահերն են։ Գուցե նրանք իրավացի են. չէ՞ որ այսքանից հետո 600 հազարից ավելի մարդ քվեարկեց իրենց օգտին, այսինքն այն ապագայի օգտին, որը միայն իշխող ուժի համար է: Այդ դեպքում ինչո՞ւ նորանոր արտոնություններ չսահմանեն իրենց համար, կյանքը կարճ է, իշխանությունը՝ առավել ևս…

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031