Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողջ հանրապետությունով աշխատենք պատգամավոր պահելու համա՞ր․ սա ձեռ անելիք է սեփական ժողովրդին»․ նորընտիր պատգամավոր

Հուլիս 17,2021 00:02

Երեկ Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց իշխանական պատգամավորների հեղինակած նախագիծը, որով յուրաքանչյուր պատգամավորի ծախսերի համար հատկացվող ամսական գումարը 50 հազար դրամից կդառնա 250 հազար դրամ։

Նորընտիր պատգամավոր Արա Մելիքջանյանն Aravot.am- հետ զրույցում հայտնեց, որ չի մասնակցել քվեարկությանը, դուրս է եկել դահլիճից, որը ևս աղմկահարույց այս նախագծի դեմ բողոքի մի ձև է։

«Սա սխալ որոշում է՝ ոչ տեղին ու ժամանակին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետպատերազմյան Հայաստանն այլևս նախկինը չէ և շատ ու շատ լրջագույն խնդիրներ կան մեր երկրի առջև ծառացած, բոլոր միջոցները պետք է ուղղվեն այդ խնդիրների հրատապ կարգավորման համար, այլ ոչ թե պատգամավորների ամսական ծախսի վրա։ Առաջնային խնդիրն այսօր սահմանների, առաջնագծի կահավորումն է, զինվորների առաջին անհրաժեշտության, կենսական նշանակություն ունեցող իրերի, կոմունիկատիվ բնույթի միջոցների ապահովումն է։ Սա ամենակարևորն է, այսօր սահմանն ավելի երկարել է ու այդ սահմանի պահպանության առումով մենք լրջագույն խնդիրներ ունենք։ Անընդհատ աճող գործազրկության ֆոնին, չնվազող աղքատության ֆոնին նման ծախսեր․․․»,-ասում է պատգամավորը։

Պատգամավորի համար առնվազն տարօրինակ է, որ ասենք փակվում է առանցքային նշանակություն ունեցող մի կառույց՝ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը, բայց դրա փոխարեն պատգամավորների ծախսեր են ավելացնում:

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ՊՈԱԿ-ը, որը որ առանցքային նշանակություն ունեցող կառույց է Հայաստանի համար՝ հաշվի առնելով 1988 թվականի աղետալի երկրաշարժը, փակվեց, փոխարենը պատգամավորների ամսական ծախսերի գումարն ավելացնելու համա՞ր։Կենսաթոշակների խնդիր կա, մարդը ստանում է 30 հազար դրամ կենսաթոշակ, պատգամավորն իր ամսական աշխատավարձը, պլյուս պարգևավճար, մի հատ էլ գումարվում է 250 հազար դրամը․․․

Էդ ասա՝ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը պիտի աշխատի պատգամավոր պահելու համար, հարկատուները պիտի աշխատեն, որ 107 պատգամավոր պահեն։ Ու ամենազավեշտալին ու տարօրինակը գիտե՞ք որն է, երբ որ ընտրված պատգամավորը ժողովրդի կողմից վճարված հարկերով ստանում է պարգևավճար և ստանում է աշխատավարձ, մի հատ էլ նույն ժողովրդի կողմից վճարված հարկերով պիտի ամսական ստանա ծախս՝ իր տրանսպորտային ու մնացած հարցերը կարգավորի, գնա այդ նույն ընտրողի հետ հանդիպելու։
Այսինքն` ընտրողը մի հոգու վրա առնվազն մեկ միլիոն ու կես փող պիտի ծախսի ամսական, որ այդ պատգամավորը կամ գա իրեն տեսնի, կամ չտեսնի, լսի իր խնդիրները, կարողանա կարգավորել կամ ոչ։

Չակերտավոր այսպես ասենք՝ ուզո՞ւմ ես քո խնդիրները կարգավորենք, ուզո՞ւմ ես քեզ լսենք, ուրեմն մեզ պիտի շատ փող տաս։ Էս է տրամաբանությունը, և սա այն դեպքում, երբ մեր ծնկաչոք եղած տնտեսությունը վերականգնելու խնդիր ունենք, արտաքին մարտահրավերներ ունենք, անվտանգային մարտահրավերներ ունենք, հազար տեսակի խնդիրների ֆոնին նման տեսակի նախագիծ քննարկելը ու ընդունելը ոնց որ ձեռ առնես սեփական ժողովրդին։ Սա պիտի ժողովրդին էլ խրատ լինի, որ ընտրությունների գնալուց առաջ կամ այս կամ այն ուժին սատարելուց ավելի խորը մտածի՝ ում է ձայն տալիս, ում համար է առհասարակ դոշ տալիս»։

Մեր զրուցակցի ասելով՝ եթե այդ գումարով կենսաթոշակներն ավելացնեին, սոցիալական աջակցության ծրագրեր իրագործեին կամ Արցախից տեղահանված մարդկանց համար մի հարց լուծեին, որևէ մեկը դեմ չէր լինի։

 

Հասկացանք, որ 2022 թվականի հունվարից պետք է գործի, բայց հաշվեք 107 պատգամավոր բազմապատկած 250 հազար դրամ, անգամ 12 ամիս, պատկերացնում եք՝ ինչ թվեր են, երբ որ օրինակ՝ Շիրակի մարզում հսկայական խնդիրներ կան, խմելու ջրի բաց համակարգ է գործում․ կան տեղանքներ, որտեղ խմելու ջուրը բնակչին հասնում է բաց համակարգով, նույն ջուրը անասուններն են խմում, վերևից իջնում, հասնում է, մարդիկ են խմում։

Այսինքն՝ փոխանակ այդ կոմունիկացիաները սարքեն, որ վաղը մյուս օր համաճարակային խնդիր չառաջանա համայնքների համար, փաստորեն ավելի գերադասելի է էդ մարդկանց փող տալ, որ մեկն էլ ասի՝ գնում ենք էստեղ, էնտեղ հաշիվ-մաշիվները ուրիշներն են տալիս, ամոթ է։

Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդն ավելի թասիբով է, և եթե պատգամավորը գա իրենց տեսնելու, իրենք կհարգեն, կպատվեն, հաշիվն էլ կփակեն, ոչ մեկը չի թողնի որևէ մեկը հաշիվ փակի։ Ու հիմա հիմնավորում բերել, թե մարզային այցելություններ պիտի անենք, դա նույնն է, ոնց որ բուժհաստատությունում բժշկին աշխատավարձից զատ գնալ-գալու գումար տաս, այդ ո՞ր մեկին են տեղաշարժվելու համար գումար տալիս։ Պատգամավորի արյունը ժողովրդի արյունից կարմիր չէ»,- ասում է նորընտիր պատգամավորը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Արա Մելիքջանյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031