Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչված տենորը` իր եւ Կոնստանտին Օրբելյանի ամերիկյան գործունեության մասին

Հուլիս 17,2021 12:00

Հարցազրույց Պերճ Քարազյանի հետ

– Ձեզ ինչպե՞ս ներկայացնենք՝ ամերիկաբնա՞կ, թե՞… Շուրջ մեկ տարի է՝ դուք Հայաստանում չեք, օրերս եք վերադարձել ԱՄՆ-ից, իսկ ձեր անվան շուրջ պտտվում են խոսակցություններ, թե 15 եւ ավելի տարիներ Երեւանի օպերային թատրոնում կարիերան սկսած եւ զարգացրած, խաղացանկային համարյա բոլոր ներկայացումներում գլխավոր դերերգերով հանդես եկած երգիչը իր գործունեությունը շարունակում է ԱՄՆ-ում, որքանո՞վ են հավաստի նման լուրերը, մանավանդ որ, ժողովրդական ասացվածք կա՝ «առանց ծուխ կրակ չի լինում»։

– Այս անգամ երկարատեւ դադարից հետո եմ վերադարձել ԱՄՆ-ից։ 2020թ. սկզբներին ԱՄՆ կատարած հերթական այցիս ժամանակ, պանդեմիայի բռնկման պատճառով դադարեց կապը աշխարհի հետ եւ գարնանից սկսեցի եկեղեցական հանդիսությունների գործունեություն ծավալել։ Ավելի ստույգ՝ ԱՄՆ-ի Արեւմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանի նախաձեռնությամբ U.S. ARMENIA TV-ով որպես հաղորդավար, հեղինակ եւ վարող սկիզբը դրեցի «Գոհարներ» հաղորդաշարի, որտեղ ներկայացնում ենք հայ հոգեւոր ու դասական ժանրերի բացառապես գոհարները։ Սա լավ առիթ էր, որ ես՝ որպես երգիչ, գտնվեմ լավ «մարզավիճակում»։ Ինչ վերաբերում է ձեզ հասած տեղեկություններին՝ ԱՄՆ-ում գործունեություն ծավալելու մասին, ազնվորեն պատասխանեմ. ինքս՝ լինելով բարձր արվեստի ներկայացուցիչ, վստահ եմ, որ հենց բարձրարվեստ ու բարձրակարգ արվեստագետներն են պատկանում համաշխարհային արվեստին եւ իրավամբ համարվում աշխարհաքաղաքացի։ Մշտապես գտնվելով Հայաստանում, բազմիցս բացակայել եմ, այսինքն՝ մեկնել հյուրախաղերի աշխարհի տարբեր երկրներ։ Գործընկերներս համակարծիք կլինեն, որ հյուրախաղերի մեկնելը ինքնանպատակ չէ, ավելին՝ այն հետաքրքրություն է շարժում, որ նման փոքր պետությունում ինչ բարձրարվեստ արվեստագետներ են ստեղծագործում։ Միանգամից ասեմ, որ չեմ պատրաստվում հեռանալ հայրենիքից եւ հնարավորություններիս սահմաններում կվերադառնամ ու ծառայությունս կմատուցեմ հայ արվեստին ու իմ հանդիսատեսին։

Պերճ Քարազյանը՝ ԱՄՆ-ի Արեւմտյան թեմի առաջնորդ Թորգոմ եպիսկոպոս Տոնոյանի հետ։

– Ձեր արտահայտած վերջին նախադասության մեջ հակասություն կա։ Գիտենք, որ վերադարձել եք եւ հանդես եք գալու Սարոյի դերերգով՝ Տիգրանյանի «Անուշում» ու Ալֆրեդի՝ Վերդիի «Տրավիատայում»։

– Անկեղծ ասած՝ ես հակասություն չեմ տեսնում արտահայտած մտքերիս մեջ։ Այո, ձեր նշած դերերգերով հանդես գալուց հետո, ամառային արձակուրդի օրերին կմեկնեմ ԱՄՆ՝ շարունակելու «ամերիկյան» գործունեությունս, իսկ աշնանը դարձյալ բեմ կբարձրանամ Երեւանում։

Երգիչն ու մաեստրո Օրբելյանը՝ Սան Ֆրանցիսկոյում։

– ԱՄՆ-ում հավանաբար հանդիպել եք մաեստրո Կոնստանտին Օրբելյանի հետ։

– Այո, մաեստրոն էլ, պանդեմիայով պայմանավորված, գտնվում էր ԱՄՆ-ում եւ մենք մշտական կապի մեջ էինք։ Եվ մի օր մաեստրոն առաջարկեց մասնակցել Սան Ֆրանցիսկոյում «Նյու Յորք օպերա» կազմակերպության հայտարարած լսումներին։ Այն օնլայն հեռարձակվում էր շուրջ 30 թատրոններում։ Նպատակը մեկն էր՝ պանդեմիայից հետո, երբ աշխարհը վերջապես կարթնանա խոր քնից, օպերային թատրոնները իրազեկ լինեն, թե ինչ երգիչներ կան ասպարեզում, ինչ կարգավիճակում, որպեսզի համագործակցեն նրանց հետ։ Պետք է նշեմ, որ այդ լսումները, իհարկե, պանդեմիայի կանոնների շատ խիստ պահպանման պայմաններում, իրականացան մեր մաեստրոյի ջանքերի շնորհիվ։ Լսումներին մասնակցեց 40 վոկալիստ։ Կներեք անհամեստությանս համար, բայց փայլուն ելույթիցս հետո արժանացա միջոցառման գլխավոր կազմակերպիչ, կազմակերպության տնօրեն, աշխարհահռչակ տենոր Էրիկ Մարջիորեի բարձր գնահատականին, որն էլ ինձ հրավիրեց Նյու Յորք՝ մեկամսյա կատարելագործման՝ իր վոկալի պրոֆեսորի ու «Մետրոպոլիտեն» թատրոնի մասնագետների ղեկավարությամբ։ Նա նույնիսկ վստահեցրեց, որ դա խթան կհանդիսանա Նյու Յորքում իմ բեմելների սկսելուն։ Իմիջիայլոց, ես արդեն պետք է սկսեի դրանք, բայց չէի կարող բաց թողնել հայաստանյան հանդիսատեսիս հետ հանդիպելու հերթական հնարավորությունը, ինչպես նաեւ վայելել հարազատ թատրոնում բեմ բարձրանալու անփոխարինելի հաճույքը։

– Մաեստրո Օրբելյանը վերջերս նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր…

– Հասկանալի է հարցը… Մինչ կոնկրետ պատասխանը պետք է նշեմ, որ այդ փաստը ոչ միայն իմ, այլեւ հայ ազգի համար պատվաբեր ցնցող լուր է, երբ մեր հայրենակցին նման բարձրագույն պաշտոն են վստահում։ Մասնավոր զրույցների ժամանակ մաեստրոն ինձ ասաց ու վստահեցրեց, որ լինելով հայ ազգի արժանավոր զավակ, դեռեւս շատ անելիքներ, ծրագրեր ունի Երեւանի օպերային թատրոնում եւ իր նոր պաշտոնը հնարավորություն է կոնկրետ ԱՄՆ-ում ներկայացնելու ոչ միայն մեր հիանալի օպերային ձայները, այլեւ խաղացանկային որոշ ներկայացումներ։

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031