Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախիջեւանի կողմից ադրբեջանական զինուժի առաջխաղացման փորձերն առավել կոշտ արձագանքի կարժանանան մեր կողմից»

Հուլիս 17,2021 13:00

«Առավոտը» զրուցել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ:

– 2021 թվականի հուլիսի 10-ին Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներն այցելեցին Արցախի օկուպացված տարածքներ, նկարահանումներ ունեցան Շուշիում: Արդյոք այս մեթոդով Ադրբեջանն ուզում է խեղաթյուրե՞լ հակամարտությունը եւ փորձում է իր զավթողական ծրագրի շուրջ շրջանա՞կ ձեւավորել: Կատարվածին համարժե՞ք է հայկական կողմի եւ միջազգային հանրության արձագանքը:

– Պաշտոնական Բաքուն գործում է իր այն իրավաքաղաքական թեզերի ու մոտեցումների հիման վրա, որոնք վաղուց են մշակվել ու դրվել շրջանառության մեջ: Հակառակ բազմաթիվ հրապարակավ արված հորդորների ու նախազգուշացումների՝ ՀՀ իշխանության ղեկը ստանձնած քաղաքական թիմերը վերջին տասնհինգ տարիների ընթացքում չցանկացան կարեւորություն տալ համապարփակ արդյունավետ իրավաքաղաքական պլատֆորմ մշակելու գործի կազմակերպմանը: Դրա հետեւանքով խիստ խոցելի մնացինք ոչ միայն բանակցային սեղանի մոտ, այլեւ ճակատում: Այսօր եւս Հայաստանը չունի սեփական շահերի ապահովման համար անհրաժեշտ արտաքին միջավայրի հետ հարաբերություններ զարգացնելու քաղաքական եւ իրավական տեսանկյունից լիարժեք ու կիրառելի տեսլական: Միջազգային հանրության արձագանքը ուղղակիորեն պայմանավորված է հենց Բաքվի ակտիվությամբ եւ Երեւանի պասիվությամբ: Կարելի է ասել, որ համանախագահ պետություններն ավելի սկզբունքային գտնվեցին այս հարցում, քան մենք՝ ինքներս:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպանները չայեցելին Շուշի, ինչն առաջացրել է վրդովմունք ադրբեջանական լրատվամիջոցներում: Մի շարք քաղաքական գործիչներ եւ պատգամավորներ մեղադրում են Մինսկի խմբին նրանում, որ նրանք բաց են թողնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը Բաքուն համարում է փակված: Ի՞նչ եք կարծում՝ առաջիկայում ԼՂ կարգավիճակի հարց կբերվի՞ առաջնային պլան եւ ի՞նչ պետք է անի դրա համար Հայաստանը:

– Անկախ այն բանից, թե ինչպես է դրան վերաբերվում Բաքուն, Արցախի կարգավիճակի հարցը բաց է մնում եւ պետք է իր լուծումը ստանա: Համանախագահ երկրները հենց այս իրողությունն են ընդգծել, ինչպես նաեւ ցույց են տվել, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառմամբ հարցի լուծման փորձը լեգիտիմացնելու հեռանկար գոյություն չունի: Ադրբեջանը խախտել է 1994 թվականին կնքված անժամկետ զինադադարի համաձայնագիրը եւ, այդպիսով, իրեն միջազգային իրավունքի գործողության տիրույթից դուրս դրել:

– Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում՝ զոհ, Սեւ լճի տարածքում անհետացած զինծառայողներ. այս իրավիճակն ինչպե՞ս բնութագրել եւ ի՞նչ զարգացումներ սպասել, մանավանդ, որ մինչ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա մեկնելը հայ-ադրբեջանական սահմանի՝ Վարդենիսի հատվածում կրկին սահմանային լարվածության դեպքեր գրանցվեցին, որին հետեւեցին Մոսկվայում բանակցությունները եւ հայտարարությունները՝ կապված սահմանային այդ հատվածում ռուս խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության հետ:

– Հիշենք, որ պատերազմն ավարտված չէ, եւ այս կարգի միջադեպերը հայ-ադրբեջանական զինված ուժերի միջեւ առկա շփման գծի ողջ երկայնքով կարող են պարբերաբար տեղի ունենալ: Մենք նաեւ դեռ պետք է կարողանանք նոր շունչ հաղորդել բանակաշինության գործին, իսկ դա ենթադրում է, որ հայկական բանակը պետք է վերազինվի՝ ձեռք բերի պատմական այս փուլի համար արդյունավետ զինտեխնիկա ու սպառազինվի նաեւ նոր գիտելիքով: Աշխարհաքաղաքական նոր պայմաններ են ձեւավորվում՝ մեզ համար ի հայտ կգան նոր անվտանգային ռիսկեր ու սպառնալիքներ, որոնց պետք է կարողանանք դիմագրավել ինչպես քաղաքական-դիվանագիտական մակարդակում, այնպես էլ ճակատային գծում: Դրա համար մեզ ժամանակ է անհրաժեշտ:

– Սահմանային վերջին իրադարձությունների ֆոնին կանխատեսո՞ւմ եք, արդյոք, լարվածության աճ, սահմանային առաջխաղացման փորձեր Ադրբեջանի կողմից: Արդյոք Երասխը կդառնա Գեղարքունիքի, Սյունիքի շարունակությո՞ւնը: Ի՞նչ հրատապ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը:

– Որեւէ բան չեմ բացառի, թեեւ գտնում եմ, որ Նախիջեւանի կողմից ադրբեջանական զինուժի առաջխաղացման փորձերն առավել կոշտ արձագանքի կարժանանան մեր կողմից:

– ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Փաշինյանի զրույցի մասին հաղորդագրության մեջ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին խոսք չկա, մինչդեռ հայտարարություններ են հնչում հայ-ամերիկյան հարաբերությունների բարելավման մասին: Ձեր գնահատմամբ՝ այս ժամանակահատվածում լուրջ ակնկալիքներ կարելի՞ է ունենալ հայ-ամերիկյան հարաբերություններից:

– Այս հարցին հիմնավոր պատասխան հնարավոր կլինի տալ երեք-չորս ամիս անց միայն: ՀՀ կառավարությունը դեռեւս ձեւավորված չէ, իսկ մեր շուրջ տեղի ունեցող զարգացումներն էլ այնքան արագընթաց են ու բազմաբովանդակ, որ կոնկրետ նման թեմայի վերաբերվող կանխատեսումն այսօր լիարժեք լինել չի կարող:

– Տարօրինակ չէ,՞ արդյոք, այն հանգամանքը, որ Սեւ լճի տարածքում անհետացած զինծառայողները զինված չեն եղել: Թեեւ ՀՀ ՊՆ-ն պարզաբանել է, թե այն ծառայությունը, որը տվյալ պահին կատարել են նրանք, մարտական զենքի կրում չի ենթադրել։

– Այս հարցը ՀՀ ՊՆ իրավասության տիրույթում է գտնվում եւ հենց այդ գերատեսչության ներկայացուցիչներն են իրավասու պարզաբանումներ տալ: Այլ հարց է, որ ես գտնում եմ, որ շփման գծի մերձակայքում գտնվող բնակավայրերի բնակիչներն էլ, այդ գոտում ծառայություն իրականացնող ուժային կառույցների ներկայացուցիչներն էլ պետք է ինքնապաշտպանության համար անհրաժեշտ զենքն ունենալու եւ կրելու իրավունք ունենան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031