Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյանը հերքում է Նաիրի Հոխիկյանին, իսկ Նաիրի Հոխիկյանը վկայության կանչում Լապշինին

Հուլիս 16,2021 23:12

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը Civic.am-ի հետ զրույցում մեկնաբանել է լրագրող Նաիրի Հոխիկյանի՝ իրեն վերագրված և պետական դավաճանություն պարունակող հայտարարությունը, թե իբր 2019 թվականին Կարապետյանը ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ զրույցում, նկատի ունենալով Արցախը հանձնելը, ասել է, թե «մի քանի հազար զոհ տանք՝ ժողովուրդը լավ էլ կտա»։

Այնուհետեւ, արդեն Հոխիկյանի հետ զրույցում, իբրև թե Կարապետյանը հատուկ իր համար մանրամասնել է․ «Մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ գնալու ենք բարեկամության ճանապարհով, և մեր օրիենտացիան փոխում ենք»։

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանելով Հոխիկյանի հայտարարությունը՝ ասաց․ «Դա սուտ է։ Ես իր հետ խոսել եմ, հերքել եմ եւ սպասում եմ, որ ինքն այդ հերքումը հրապարակայնացնի։ Լապշինն էլ, նկատել եմ, որ հրապարակել է այդ օրվա իրադարձությունները, որում իմ մասով տեղեկությունը մոտ է իրականությանը։ Ինքը խոստացավ մեր խոսակցությունը հրապարակել», – ասաց Կարապետյանը։

Հարցին՝ եթե Հոխիկյանի հայտարարություններում կա զրպարտություն՝ արդյոք չի՞ պատրաստվում դատի տալ Հոխիկյանին, Կարապետյանը պատասխանեց․ «Ես կտեսնեմ, թե ինչ է հրապարակում, ոնց է հրապարակվում, դրանից հետո որոշում կկայացնեմ։ Ես խնդրել եմ, որ ինքը հերքի, իմ անունից ասի, որ դա սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը։ Հիմա ես սպասում եմ, որ հրապարակի, եթե հրապարակի՝ համապատասխանաբար ես որոշում կկայացնեմ»։

Իր հերթին՝ Նաիրի Հոխիկյանն իր ՖԲ էջում գրել է.

Այսօր ինձ զանգել էր Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկինում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը և պնդում էր, որ ինքը Ալեքսանդր Լապշինի հետ խոսակցության ժամանակ չի արել Արցախի մասին կանխատեսումներ և միայն աջակցություն է հայտնել Լապշինին։ Վլադիմիր Կարապետյանը պնդում էր, որ ինքը որևէ կապ չունի իմ հրապարակած ձայնային հաղորդագրության մեջ հնչած մտքերի հետ։

Ալեքսանդր Լապշինը այդ ձայնային հաղորդագրությունը (ուշադրություն դարձրեք, դա ձայնագրություն չի եղել) ուղարկել է 2020թ․ նոյեմբերի 11-ին՝ հիշեցնելով մեր ընդհանուր խոսակցությունը 2019թ․ մայիսի 11-ին։ Ես այդ ժամանակ բազմիցս Լապշինին խնդրել եմ հրապարակային խոսել, մինչդեռ նա ինքն է ասել, որ չի կարելի դա անել, քանի որ կա անվտանգության խնդիր։

Լապշինին ես ճանաչում եմ 2016-ի դեկտեմբերից, նրան և նրա ընտանիքին օգնել եմ ամեն ինչով, երբ նա կալանավորվել էր Բելառուսում և ուղարկվել Ադրբեջան։ Լապշինի խնդրանքին՝ չհրապարակել դա իր անվտանգության համար, ընդառաջել եմ, թեպետ իրեն ասել եմ, որ բոլոր դեպքերում պետք է խոսել այդ մասին․ չէ՞ որ ես էլ ունեմ անվտանգության խնդիր։

Հուսով եմ, այս անգամ ևս հերքումներ չեն լինի, քանի որ ձեռքիս տակ են բոլոր խոսակցությունների օրիգինալները։ Ես սովոր եմ խոսել փաստերով, և եթե մեկը ինձ մեղադրում է ստախոսության կամ կեղծիքի մեջ, պետք է դրա համար փաստեր ունենա։ Եթե իմ հրեա ընկեր Լապշինը պնդում է, որ ես ստում եմ, գուցե բաց հրապարակե՞նք մեր խոսակցությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031