Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղմկահարույց ապամոնտաժումից հայտնի կառուցապատողն ուներ 5 հարկանի շենքի շինթույլտվություն, բայց ինքնակամ 2 հարկ էլ է ավելացրել

Հուլիս 16,2021 22:40

Թվում էր, թե վերջին շրջանում քաղաքապետարանի՝ ինքնակամ կառույցների «դաժան» ապամոնտաժումները խելքի են բերելու կառուցապատողներին, բայց կան կառուցապատողներ, որոնք անուղղելի են, շարունակում են նույն ոգով եւ նույն ոճով։

Դավթաշեն 3-րդ թաղամասի 33/1 հասցեում «Հեփի Հաուս» ընկերությունը բազմաբնակարան շենք է կառուցում: Երեւանի քաղաքապետարանն այս ընկերությանը շինթույլտվություն է տվել 5 հարկի համար։ Սակայն «Հեփի Հաուս»-ը որոշել է ինքնագործունեությամբ զբաղվել` 7 հարկ է կառուցում։  5 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի համար շինթույլտվությունն այս ընկերությունը ստացել է 2020 թվականի մայիսին 20-ին։  Մեր տեղեկություններով ապօրինի այս կառուցապատում իրականացնող ընկերության ղեկավարը Դավիթ Ահարոնյանն է։

Դավիթ Ահարոնյանն անհայտ դեմք չէ․ նա լրատվամիջոցների եւ քաղաքապետարանի տեսադաշտում է հայտնվել դեռ 2018 թվականին, երբ Նոր Նորքի  Գյուրջյան 1/3 հասցեի  կիսակառույց շինությունը քաղաքապետարանը ապամոնտաժեց։ Այս տարածքում  Դավիթ Ահարոնյանին պատկանող «Անի 97» ընկերությունը շինթույլտվությամբ սահմանված տարածքն ընդլայնել էր, եւ կառույցի մի մասը կառուցում էր համայնքային սեփականության հողի վրա, որի համար շինթույլտվություն չուներ։  Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ Դավիթ Ահարոնյանը  «Անի 97» ընկերության սեփականատեր է դարձել 2018 թվականի օգոստոսի  9-ին, մինչ այդ ընկերությունը պատկանել է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, նա այս ընկերության սեփականատեր է եղել 2014-2018 թվականներին։

Դավիթ Ահարոնյանն իր եղբոր՝ Արմեն Ահարոնյանի հետ՝ «Անի 97» ընկերությունով երեք-չորս տարում հասցրել են 10-ից ավելի  շինությունների տեր դառնալ, հարկային պարտավորություններ կուտակել։

Հիմա նույն Դավիթ Ահարոնյանը իր մեկ այլ՝ «Հեփի Հաուս» ընկերության միջոցով կրկին, այսպես ասած, ապօրինի շինարարություն է իրականացնում։

Մեր հարցմանն ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ «Հեփի Հաուս» ընկերությանը քաղաքապետարանը շինարարության թույլտվություն է տվել 5 հարկի համար՝  մեկ կիսանկուղային, երեք վերգետնյա եւ մեկ մանսարդային հարկ։

Մեր տեղեկություններով, «Հեփի Հաուս»-ի ինքնակամ կառուցած այս երկու հարկերի առնչությամբ  Երեւանի քաղաքապետարանում հարուցվել է վարչական վարույթ, սակայն իրավախախտողին չհայտնաբերելու պատճառով վարույթը կասեցվել է։ Եվ, չնայած վարույթի կասեցմանը, քաղաքապետարանի համապատասխան բաժինը ծանուցվել է «Հեփի Հաուս»-ին նոր շինթույլտվություններ չտրամադրելու մասին։

Այս առնչությամբ էլ քաղաքապետարանից փորձեցինք պարզաբանում ստանալ, սակայն մեզ ասացին, որ շինթույլտվության մասին տեղեկություններից բացի, այլ մանրամասներ այս պահին չեն կարող հայտնել։

«Հեփի Հաուս»-ով իրավապահներն արդեն զբաղվում են, նյութեր են նախապատրաստվում՝  պետությանը պատճառած խոշոր չափերի վնասի առթիվ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031