Լրահոս
Օրվա լրահոսը

«Խելագարը, հիվանդը, խանգարվածը  կարող է ուզել պատերազմ, բայց ստորացված խաղաղություն էլ ոչ ոք չի ուզում»․ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյան (ֆոտոշարք)

Հուլիս 16,2021 22:08

Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցավ Արցախյան 44- օրյա պատերազմում  նահատակված դիլիջանցի զինվորների հուշ-երեկոյի արարողություն։

Հուշ- երեկոյի սկզբում տեղի ունեցավ հերոսների պատվին նվիրված հուշաքար – ցայտաղբյուրի բացման արարողությունը, որն անցկացվեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ։

Արարողությանը ներկա էին զոհված զինվորների հարազատները, ընկերները, Դիլիջան համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Երեկոյի ընթացքում դպրոցի սաներն իրենց երախտիքի խոսքերն էին ասում ընկած զինվորներին և նրանց ընտանիքներին, ելույթ ունեցան նաև զոհված զինվորների եղբայրներն ու որդիները։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ամփոփելով օրը նշեց, որ  զոհված տղաների մասին չպետք է անցյալով խոսել, քանի որ այդպես մենք կսպանենք մեր հերոսներին․ «Մենք ներկայով ենք խոսելու իրենց մասին։ Դժբախտաբար, մեր պատմությունը հավաքականությունից վերածվեց անհատների պատմության՝ դարձավ Կարենի, Միշայի, Լևոնի, Արսենի, Խաչատուրի, Մոնթեի պատմությունը և այսպես շարունակ։ Մեր պատմությունը հավաքական կդառնա մեր հաղթանակի ժամանակ։ Մեր տղերքի պատմությունը դարձավ, քանի որ յուրաքանչյուրը, իր սխրանքը գործելով, իմ կենսագրությունն էլ վերցրեց իր վրա։ Ես մաղթում եմ, որ այս բոլոր անուններով մենք նորից հավաքական պատմություն և կենսագրություն կերտենք։ Մեր կյանքի նպատակը կմնա մեր տունը, մեր հայրենիքը, մեր պետությունը ամբողջությամբ վերականգնելը։ Քանի որ սա է պատգամը մեր հերոս տղաների։ Այլապես ինչու՞ են նրանք նահատակվել, ու՞մ լավ ապրելու համար»։

Սրբազանը իր խոսքում հավելեց, որ մենք պետք է ամեն օր ու ժամ պատրաստվենք, եթե ուզում ենք մեր պետությունը լինի հաղթանակող, այլ ոչ թե միայն անհատների պատմություն․ «Ես իմ ձեռքերով 120 երիտասարդ իմ եղբայրներին եմ հուղարկավորել։ Դառն է դա, բայց ես միշտ ասել եմ, որ մեր ընտանիքներից պետք է դուրս գան մեր տղերքը, իրավունք չունեք, ժողովուրդ, հրելու նրանց դեպի իրենց ընտանիքներ, ցավը միայն այդ ընտանիքներինը չէ այլ բոլորինս է։ Ընտանիքինը չեն երեխաները, այլ մերն են՝ այս մեծ ընտանիքինն է։ Եթե մեր տղաները մտածեին իրենց տիկնոջ, իրենց մոր, հոր, զավակների մասին, այնտեղ չէին լինի նրանք, քանի որ դա չի եղել իրենց ներշնչումը։ Մենք էլ իրավունք չունենք այդպես անելու, քանի որ նրանց արյունը ավելի պակաս չի, քան մերը։ Ոչ ոք չի ուզում պատերազմ։ Խելագարը, հիվանդը, խանգարվածը  կարող է ուզել պատերազմ, բայց ստորացած խաղաղություն էլ ոչ ոք չի ուզում։ Նրանք հաղթող են, հերթը՝ մերն է»։

Սաթենիկ Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031