Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով փորձում է ճնշել խոշոր հարկատուին, ինչը, բացասաբար է անդրադառնալու մեր ներդրումային միջավայրի վրա. Կառլեն Խաչատրյան

Հուլիս 16,2021 20:37

«Նախագիծը, որն էկոնոմիկայի նախարարությունը դրել է շրջանառության մեջ, իմ խորին համոզմամբ, ավելի լուրջ տնտեսական հաշվարկներ ու հիմնավորումներ էր պահանջում: Իսկ Էկոնոմիկայի նախարարությունն առավելապես առաջնորդվել է այս պահին պետական գանձարան հավելյալ գումար բերելու ձգտումով»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) շուրջ տեղի ունեցող իրադարձություններին :

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարությունն այս օրերին, երբ ԶՊՄԿ-ում նաեւ իրավական գործընթացներ են ընթանում,  շրջանառությանն մեջ է դրել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը , որով նախատեսվում է արտահանման լիցենզիոն տուրք սահմանել պղնձի, մոլիբդենի խտանյութի համար՝ ներկայիս գնի 15%-ի չափով:

Երեկ Ազգային ժողովում այդ նախագծի քննարկումներ էին:

Որքան էլ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է՝ փոփոխությունները վերաբերում են հանքարդյունաբերության ողջ ոլորտին, Կառլեն Խաչատրյանն այդպես չի կարծում. «Ստացվում է, որ նախագիծն առավելապես վերաբերում է կոնկրետ կազմակերպության, եւ եթե դրան զուգահեռ  դիտարկենք այն հանգամանքը, որ կոմբինատի շուրջ նաեւ ուժային կառույցների կողմից որոշակի հավելյալ գործողություններ են իրականացվում, ստացվում է, որ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությունը եկել է լրացնելու այդ իրավական կառույցների  կողմից նախաձեռնված գործընթացը: Փաստացի ականատես ենք  լինում, որ կառավարությունը երկու ուղղությամբ՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով փորձում է խոշոր հարկատուին ճնշել, ինչը, բնականաբար, բացասաբար է անդրադառնալու մեր ներդրումային միջավայրի վրա՝ այն պարզ պատճառով, որ ցանկացած օտարերկրյա ներդրող, հատկապես՝ խոշոր ներդրում անել ցանկացող գործարար, տեսնելով այդ կամայականությունները, տեսնելով, որ կառավարության քմահաճույքից ելնելով, առանց որեւէ հիմնավորման, առանց որեւէ խաղի կանոնները փոխելու համար ժամանակ տրամադրելու, հանկարծակի կարող է դրույքաչափ փոխվել, մաքսատուրք փոխվել, բնականաբար, պոտենցիալ ներդրողը զերծ է մնալու մեր երկրում ներդրում կատարելուց: Այդ ամենն անկանխատեսելի է դարձնում մեր երկրի տնտեսական միջավայրը»:

Տնտեսագետի խոսքով՝ հանքարդյունաբերության ոլորտում խնդիրներ կան, բայց այդ խնդիրները համակարգային են, եւ չի կարելի դրանց նկատմամբ «էպիզոդիկ, քաղաքական քմահաճույքներից կամ քաղաքական դրդապատճառներից» ելնելով որոշակի քայլեր նախաձեռնել:
«Այսինքն, եթե մենք, օրինակ, գտնում ենք, որ ընդերքը, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը, եւ որը որոշակի ժամկետով տրված է առանձին իրավաբանական անձանց՝ շահագործման համար, ինչի արդյունքում այդ ընկերությունները գերշահույթներ են ստանում, իսկ պետությունը դրա հետ համեմատած՝ չնչին բյուջետային մուտքեր, այդ պարագայում, մենք պետք է ամբողջ հանքարդյունաբերության համար ազդեցիկ բոլոր բաղադրիչների համար խաղի նույն կանոնները սահմանենք: Ոչ թե դա անենք բացառապես Պղնձամոլիբդենային կոմբինատի առումով, իսկ մնացած հանքարդյունաբերողներին չառնչվի այս նախագիծը: Իմ կարծիքով, այստեղ համակարգային մոտեցում էր պետք, որը չի եղել, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ այս գործընթացը նախաձեռնվել է ոչ այնքան տնտեսական նկատառումներից ելնելով՝ որքան քաղաքական նպատակին հասնելու համար գործի է դրվել նաեւ տնտեսական լծակը»,-ասաց պարոն Խաչատրյանը:

Մեր հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի էկոնոմիկայի նախարարի այն արձագանքը, որը հնչել էր ի պատասխան՝ ԶՊՄԿ-ն ազգայնացնելու վերաբերյալ հարցին, Կառլեն Խաչատրյանն ասաց՝ ես ցավում եմ, որ տնտեսական քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյան նման արտահայտություն է անում: Հիշեցնենք՝ նախարարը նշել էր, որ կառավարությունը հոգեբանական արգելք չունի կառավարելու պետական ընկերություններ: «Դա նշանակում է, որ ինքը որեւէ կերպ չի առաջնորդվում տնտեսվարողի շահերով եւ բաց տեքստով հայտարարում է ի լուր բոլոր գործարարների՝ թե՛ գործող, թե՛ պոտենցիալ, որ կառավարությունը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության, որեւէ խնդիր չի տեսնում ու ցանկացած պահի՝ ինչ «խելքներին փչի», տվյալ պահին քաղաքական-տնտեսական նպատակահարմարությունն ինչ թելադրի՝ կարող են իրականացնել»,-ասաց տնտեսագետը:

Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է, որ նման մոտեցումը կարող է մեծացնել բիզնեսի անորոշությունը եւ պոտենցիալ ներդրողներին զերծ պահել Հայաստանում  ներդրում կատարելուց. «Չի կարելի բիզնեսի հետ նման լեզվով խոսել: Մի կողմից մենք տեսնում ենք քաղաքական ճնշումներ, մյուս կողմից տեսնում ենք ուժային կառույցների կողմից կոնկրետ գործողություններ՝ բիզնեսին ճնշելու: Եվ մյուս կողմից էլ տնտեսական քաղաքականության պատասխանատուն ասում է, որ դրանից զատ  որեւէ բանի առաջ չեն կանգնելու եւ հարկ եղած դեպքում բանեցնելու են տնտեսական մահակը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ. Գ. Այսօր լրագրողների հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ասել է՝ Նիկոլ Փաշինյանը գլխատում է ե՛ւ Սյունիքը, ե՛ւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Նրա խոսքով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում խուզարկություններն ավարտվել են, զմռսվել է հաշվապահության ամբողջ բլոկը, ինչը պարալիզացրել է հիմնարկը. «Կոմբինատն այսօր հնարավորություն չունի վճարումներ անել մատակարարներին ու արդեն երկու շաբաթ՝ կանգնած է հանքանյութի արտահանման պրոցեսը, մենք կանգնել ենք շատ լուրջ խնդիրների առաջ, դա ենթադրում է տուգանքներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031