Լրահոս
Օրվա լրահոսը

«Մրցույթի հիմնական փուլում շեշտը դրվում է մասնագիտական կողմնորոշման վրա». ԳԹԿ մամուլի պատասխանատու

Հուլիս 16,2021 17:58
qnnutyun

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը, հուլիսի 18-ին կհրապարակվեն մրցույթի արդյունքները, եւ բուհերում կկախվեն ցուցակները, իսկ դիմորդները հաղորդագրություն կստանան իրենց էլեկտրոնային հասցեներին:

«Դրական միավոր ստացած, սակայն մրցույթը չհաղթահարած դիմորդների համար հուլիսի 19-26-ը կազմակերպվելու է մրցույթի լրացուցիչ փուլ՝ 6 մասնագիտությամբ: Մրցույթը լինելու է ըստ հայտերի հերթականության՝ սկզբում անվճար տեղերի համար, եթե կան այդպիսիք, հետո՝ նույն մասնագիտության վճարովի տեղերի: Առավել բարձր միավորներ ունեցողները կընդունվեն, իսկ մնացածները կմասնակցեն երկրորդ հայտով նշված մասնագիտության մրցույթին, հետո՝ երրորդ, չորրորդ, և այդպես շարունակ»,-ասաց Խաչանուշ Գրիգորյանը:

Ապա հիշեցրեց այս տարվա ընդունելության նորույթի մասին՝ մեկ բուհ, մեկ մասնագիտություն. «Մրցույթի հիմնական փուլում շեշտը դրվում է մասնագիտական կողմնորոշման վրա, իսկ լրացուցիչ փուլում կարևորվում են բարձր գնահատականները»:

Խաչանուշ Գրիգորյանը նաեւ հավելեց, որ երկրորդ լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները հրապարակվելու են հուլիսի 30-ին: «Այս դեպքում փոքր-ինչ տարբեր է մոտեցումը: Ինչպես նշվեց, մրցույթի առաջին փուլում կարեւորվում է մասնագիտական կողմնորոշումը, եւ հենց դա է այս տարի շեշտվել, որ օրինակ պատմության ուսուցիչ դառնալ ցանկացողը դուրս չմղվի մրցույթում իրավաբանականի մրցույթից դուրս մնացողի կողմից, եթե ավելի բարձր միավորներ է հավաքել:

Այսինքն` մարդիկ պետք է հնարավորություն ունենան ընդունվել իրենց նախընտրած մասնագիտությամբ: Բնականաբար այս դեպքում հնարավոր է, որ մրցույթից դուրս մնացածները բարձր միավորներ ստացած լինեին, դրա համար մրցույթի երկրորդ փուլը թափուր տեղերը համալրելու համար այլ սկզբունքով է կառուցվում` ըստ միավորների:

Ըստ հայտերի հերթականության սկզբում նույն մասնագիտության անվճար մրցույթին են մասնակցում, եթե անվճար տեղեր կան, հետո վճարովի: Եթե առաջին հայտնի մասնագիտությամբ դիմորդը չի ընդունվում, հերթով հաջորդին է մասնակցում, այդպես մինչեւ վեցերորդը, մինչեւ թափուր տեղերը կլրացվեն: Երբ ամփոփվեն մրցույթի հիմնական փուլի արդյունքները, բուհերը կներկայացնեն թափուր տեղերի ցանկը, եւ ըստ այդմ, դիմորդները կարող են կողմնորոշվել` ինչ մասնագիտություններով դիմել»,-ասաց ԳԹԿ մամուլի պատասխանատուն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031