Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵԿ պաշտոնատար անձինք 4 տնտեսվարող սուբյեկտներից 1.900.000 դրամ կաշառք են պահանջել և ստացել. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացնում

Հուլիս 16,2021 17:54

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Լոռու բաժնի պետը, նախնական համաձայնության գալով իր անմիջական ենթակայությամբ գործող օպերլիազորների հետ, միմյանց միջև կատարելով դերաբաշխում և միավորելով իրենց ջանքերը, 2021 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում իրենց լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության՝ հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված տարատեսակ խախտումները չարձանագրելու և մեղավոր անձանց վարչական պատասխանատվության չենթարկելու, ստուգման ընթացքում ի հայտ եկած խախտումները չարձանագրելու համար, Լոռու մարզում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 4 տնտեսվարող սուբյեկտից պահանջել և ստացել են, ընդհանուր առմամբ, առանձնապես խոշոր չափերի՝ 1.900.000 ՀՀ դրամ կաշառք, որը բաժանել են միմյանց միջև:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հիշյալ հարկային ծառայողները, ինչպես նաև նրանց կաշառք տված տնտեսվարողները հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել են:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Կալանավորվել է նաև պաշտոնատար անձանց 1.000.000 ՀՀ դրամ կաշառք տված ընկերության տնօրենը, իսկ կաշառք տված մյուս անձանց նկատմամբ կիրառվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ պաշտոնատար անձանց կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում և զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից ու զգուշացնում, որ շարունակելու է ձեռնարկել համանման միջոցառումներ՝ հանրային տարբեր բնագավառներում առկա կոռուպցիոն դրսևորումներն իսպառ արմատախիլ անելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ազգային անվտանգության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031