Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ գործոն. Ալիևը սկսում է պարտվել Փաշինյանին. Ստանիսլավ Տարասով

Հուլիս 16,2021 17:50

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ՝ ըստ Պետդեպի հաղորդագրության, շնորհավորելով Հայաստանին ընտրությունների անցկացման կապակցությամբ: Բայց այդ իրադարձությունը ուշադրություն է գրավել այլ պատճառով, գրում է «Ռեգնում»-ի խմբագիր Ստանիսլավ Տարասովը «ԵԱՀԿ ՄԽ գործոն. Ալիևը սկսում է պարտվել Փաշինյանին» վերտառությամբ հոդվածում:

Պետքարտուղարն ընդգծել է, որ Վաշինգտոնը «սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամուր քաղաքական կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացվող գործընթացը» և կոչ է արել Հայաստանին «կառուցողական գործակցություն սկսել ԵԱՀԿ գծով»: Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հանդես է եկել ավելի ընդլայնված տեղեկատվությամբ: Այնտեղից նշել են, որ Բլինքենը «առանձնահատուկ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերսկսման կարևորությունը՝ ընդգծելով խաղաղության գործընթացի համար հստակ օրակարգի մշակումը, որը հնարավորություն կտա գտնել հարցի ամուր և երկարաժամկետ լուծում»:

Բացի այդ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, հանդիպելով Փաշինյանի հետ, հայտարարել է, որ «ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, և այդ կարգավորումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումից հետո»: Ի վերջո, մեծ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանների մերժումը՝ Բաքվի հրավերով դիվանագիտական կորպուսի հետ այցելել ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ «ազատագրված» Շուշի:

Այսինքն` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները այդ հարցում համերաշխություն են ցուցաբերել, ինչը ընկալվում է որպես նրանց համաձայնություն՝ պահպանել ընդհանուր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Դա շեշտակի հակասում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այն մասին, որ «Երևանը, Սյունիքը և Սևանը Ադրբեջանի պատմական հողերն են», որ «Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ անունով տարածքային միավոր, կա Ղարաբաղ», որ «սկսվել է շինարարության նոր ժամանակաշրջան՝ հետպատերազմական շրջան, և «Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն լուծված է»: Բանն այն է, որ Ալիևն այդպես էլ չի կարողանում հրաժարվել «հաղթական հռետորաբանությունից» և Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ հանդես է գալիս ուժի դիրքերից, այն դեպքում, երբ 2020թ. նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագրից հետո նա լավ կաներ օգտվել «փափուկ ուժի» հնարքից, գրում է Տարասովը:

Եթե Բաքուն ի վիճակի չէ դա անել, ապա դա նրա փոխարեն կանեն ուրիշները, առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահ երկրները: Դա այբուբեն է, որն ասում է, որ «պատերազմը կարելի է հաղթել մարտական գործողությունների դաշտում և պարտվել դիվանագիտական սեղանների շուրջ», շարունակում է հոդվածագիրը: Իսկ տվյալ դեպքում Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային դիվանագիտությանը՝ ըստ էության արգելափակելով ԵԱՀԿ ՄԽ աշխատանքների մեկնարկը, այն դեպքում, երբ Երևանը պատրաստ է հետևել համանախագահ երկրների հայտարարությանը, որոնք հակամարտության կողմերին կոչ էին անում առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակով հանդիպումները՝ միջնորդների հովանու ներքո: Բայց արդյոք դա հնարավո՞ր է: Նախ նշենք, որ Ռուսաստանի դիրքորոշումը կրում է «ստեղծագործական» բնույթ և այն չի բացառում ԼՂ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխությունը՝ համարելով, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքական ռեսուրսն այս ուղղությամբ սպառվել է: Մինսկի խումբը և նրա համանախագահները պետք է նպաստեն հակամարտության երկարաժամկետ և կայուն կարգավորմանն ուղղված բանակցություններին: Հարցը լուծված չէ, և Մոսկվան կարծես թե 2020թ. նոյեմբերի 9-ի խաղաղության համաձայնագրից հեռու վճռականություն չի ցուցաբերում ինքնուրույն խաղալ:

Հետևաբար, բաց է մնում այն հարցը, թե ինչպես և ինչ հանգամանքներում ԵԱՀԿ ՄԽ-ն կարող է վերսկսել իր միջնորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ այն պայմաններում, երբ, ինչպես կարծում է ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը, «հին ստատուս քվոն կտրուկ կոտրվել է, բայց նորը դեռ չի ստեղծվել»: Միաժամանակ, Մոսկվան հայտարարում է, որ իր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում, և փաստացի հենց Ռուսաստանն է հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հայերի երաշխավորի դերում: Ալիևի այն հայտարարությունների համատեքստում, թե «ղարաբաղյան հակամարտությունը լուծված է», տրամաբանորեն բխում է Մոսկվայի և Բաքվի միջև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության մասին երկկողմ պայմանագրին անցնելու հավանականություն, այդ թվում հնարավոր միջանկյալ կարգավիճակ Ստեփանակերտին, Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմական իրավիճակն ավարտելու կամ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հաղորդակցման միջանցքի մասին պայմանագրի կնքում:

Տեսականորեն դրան որևէ բան չի խոչընդոտում: Եթե այդպիսի սցենար սկսվի, Մինսկի խմբի՝ իր նախկին ձևաչափով գործունեության անհրաժեշտությունը կնվազի, քանի որ առաջ կգան կարգավորման նոր գործոններ: Բայց Ալիևը փակում է այդ ճանապարհը՝ գործելով կոպիտ, իսկ նրա կողմից առաջարկվող հետագա գործողությունների հնարավոր տարբերակը աջակցություն չի ստանում միջազգային դիվանագիտության կողմից: Իրավիճակը կարող է էլ ավելի խորանալ, եթե Բաքուն սկսի իրագործել Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովի՝ Մինսկի խմբի համանախագահ երկրերի դիվանագիտական ներկայացուցչությունները բոյկոտելու առաջարկը, եզրափակում է Տարասովը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031