Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք այդ գումարը հնգապատկել են սեփական գրպանները լցնելու համար»․ Արսեն Բաբայան

Հուլիս 16,2021 17:42

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանի հետ Aravot.am-ը զրուցել է պատգամավորների ծախսերին հատկացվող գումարը 50 000 դրամից 250 000 դրամ դարձնելու վերաբերյալ իշխանության հեղինակած նախագծի մասին, որն ընդունեց ԱԺ-ն։

-Պարոն Բաբայան, ձեր գնահատմամբ` որքանո՞վ է հիմնավոր եւ արդարացված այդ նախագիծը։

-Այդ գումարը նախատեսված է, որպեսզի փոխհատուցի պատգամավորների այն ծախսերը, որոնք նա կատարում է ընտրողների հետ աշխատելիս։ Արդարացված է արդյոք, թե ոչ, ընդամենը պետք է ուսումնասիրել պատգամավորների աշխատանքը։ Իմ ամբողջական ուսումնասիրությունները հստակ փաստում են, որ գերազանցապես ունենք անբավարար աշխատանք։ Պատգամավորները գրեթե չեն հանդիպում ընտրողների հետ, այդ նպատակով չեն այցելում մարզեր։ Հետևությունը մեկն է, որ այդ գումարը նրանց համար պարգևատրման նման մի բան է, անաշխատ եկամուտ։

Ես երեկ հիշեցի, որ պատգամավորներից մեկը դեռ հունվարին առաջարկում էր այդ հիսուն հազարական դրամները բարձր վարձատրություն ստացող պատգամավորներից վերցնել և փոխանցել զինհաշմանդամներին։ Այդ նույն պատգամավորները, որոնք իշխանություն են ձևավորել, մերժեցին այդ կարևոր առաջարկը։ Իսկ հիմա նրանք այդ գումարը հնգապատկել են սեփական գրպանները լցնելու համար։

Իսկ ի՞նչ բարիք են նրանք ստեղծել, որ իրենք իրենց լրացուցիչ վարձատրում են։ Իսկ հիմա Նիկոլի հայտնի ուսուցչուհին ի՞նչ է մտածում Նիկոլի մասին։ Կարո՞ղ է մտածել, որ երբեմնի իր աշակերտը մի շարքային ստախոս ու անհայրենիք արարած է։ Վստահ եմ, որ հենց այդպես էլ մտածում է։

-Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նպատակ կարող է հետապնդել հեռացող ազգային ժողովում այն էլ արտահերթ նիստով նման նախագիծ բերելը։

-Շտապողականությունը պայմանավորված է կարևոր հանգամանքով. նրանք հիմա են դա անում, քանի որ Ազգային ժողովում չկա ընդդիմություն։ Նրանք հրաշալի գիտեն, որ հաջորդ գումարման Ազգային ժողովում խնդիրներ են ունենալու։

-Ձեր կարծիքով` 50 000 դրամը պատգամավորի համար որքանո՞վ է բավարար` ընտրողների հետ հանդիպելու, մարզային այցեր իրականացնելու համար։ Նախագծին կողմ արտահայտվողները պնդում են, որ գումարի պակասի պատճառով հաճախ իրենց գրպանից են վճարել։

-Պատկերացնո՞ւմ եք, այն պատգամավորները, որոնք նույնիսկ պատերազմի ընթացքում Արցախ կամ Սյունիք էին մեկնում պետության հաշվին գործուղման ծախսեր ստանալով (հյուրանոցի, վառելիքի ու գրպանի ծախսի փող), հիմա լրացուցիչ գումար են ստանալու։ Օրինակ, այդ գումարով կարող են վարկով թանկարժեք մեքենաներ գնել։ Եվ հիմա այդպիսի պատգամավորներն ասում են, թե իբր իրենց գրպանից գումար են ծախսել։ Նրանք սովորական ստախոսներ են, սովետական միության ժամանակներում պետական միջոցը գողացող ցեխավիկի մակարդակում գտնվող սովորական պատուհասներ են մեր գլխին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Ժամանակին ձեր կուսակցակից պատգամավորներին ոչ հավելավճարներ էր պետք, ոչ էլ աշխատավարձ, նրանք քամահրանքով էին նայում այդ «կոպեկներին», նրանցից յուրաքանչյուրը ուներ բազմաթիվ բիզնեսներ, որոնցից ինչքան ցանկանում, այնքան էլ հարկ էին տալիս: Գոնե լռեք:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031