Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբ քննարկվում է ԿԸՀ որոշումը, միակ պատասխանողը պետք է լիներ ԿԸՀ-ն. ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար

Հուլիս 16,2021 17:30

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ներկա է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները բողոքարկելու՝ քաղաքական չորս ուժերի դիմումների քննարկման ՍԴ բոլոր նիստերին: Նա դատաքննության կազմակերպման ու ընթացքի մասին մանրակրկիտ դիտարկումներ է արել, որոնց հիմնական, ամփոփ արձանագրումները ՍԴ որոշումի հրապարակման վերջնաժամկետից մեկ օր առաջ ներկայացրեց հանրությանը:

Էդգար Ղազարյանի առաջին կարեւոր դիտարկումն այն է, որ ՍԴ-ն այս նիստն իրականացրել է ոչ լեգիտիմ կազմով: Նրա պնդմամբ, ՍԴ 9 դատավորներից 5-ը՝ Արման Դիլանյանը, Վահե Գրիգորյանը եւ այն երեք դատավորները, որոնք ՍԴ են գործուղվել ոչ օրինական ճանապարհով իրականացված սահմանադրական փոփոխություններից հետո՝ եղել են ոչ լեգիտիմ: «Իսկ հինգ դատավորը՝ ոչ լեգիտիմ կազմը, դատավորների անհրաժեշտ թվաքանակն է որոշում կայացնելու համար»,-ասաց նա:

Երկրորդ արձանագրումը, որ արել է պարոն Ղազարյանը ու որը նույնպես, ըստ նրա՝ շատ կարեւոր է, այն է, որ նիստը նախագահել է Արման Դիլանյանը, ինչի իրավունքը չուներ: «Որովհետեւ Արման Դիլանյանին Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու վերաբերյալ դատարանը որոշում չի կայացրել: Համաձայն սահմանադրության, ՍԴ-ն իր ֆունկցիաներն իրականացնում է որոշումների եւ եզրակացությունների միջոցով: ՍԴ-ն ունի երեք տիպի որոշում՝ դատարանի որոշում, աշխատակարգային որոշում եւ դատական կազմի որոշում: Բոլոր որոշումները հրապարակված են ՍԴ կայքում: Մտեք, նայեք՝ գոյություն չունի որոշում Արման Դիլանյանին ՍԴ նախագահ ընտրելու վերաբերյալ: Հետեւաբար, նա ՍԴ նախագահ չէր, նա նիստը նախագահելու իրավասություն չուներ եւ դատարանի այդ նիստը պետք է նախագահեր տարիքով ավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը»,-եզրակացնում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը:

Էդգար Ղազարյանի մեկնաբանությամբ. «Չնայած այն հանգամանքին, որ սահմանադրական փոփոխություններից հետո բողոքարկման առանցքում միայն ԿԸՀ որոշումն է եւ դրա սահմանադրությանը համապատասխանությունը, ՍԴ-ն մինչեւ նիստի մեկնարկը որոշում է կայացրել, որ որպես հարակից պատասխանող կողմ պետք է լինի նաեւ դատախազությունը, ոստիկանությունը, որն անմիջականորեն ենթարկվում է վարչապետին եւ ՀՌՀ-ն: Սրանք մարմիններ են, որոնք ոչ մի կապ չունեն ԿԸՀ կողմից կայացրած որոշման հետ: Եթե նախկին տարիներին ընտրական վեճեր են եղել եւ դատարանը այդ մարմիններին ներգրավել է որպես հավելյալ պատասխանող կողմ, թերեւս այն պատճառով, որ բողոքարկվել է ընտրությունների օրինականությունը, իսկ այդ մարմինները մասնակցել են ընտրությունների կազմակերպմանը: Բայց երբ քննարկվում է ԿԸՀ որոշումը, միակ պատասխանողը պետք է լիներ ԿԸՀ-ն: Արհեստական կերպով մարմիններ են ներգրավվել այս գործընթացում:

Մյուս չափազանց տարօրինակ որոշումը, որ կայացվել է նիստից առաջ, ինչն ունի նաեւ քաղաքական կարեւոր բովանդակություն, դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը որպես երրորդ անձ գործին ներգրավելու որոշումն է: Հատկանշական է, որ ընտրություններին մասնակցել են 26 քաղաքական ուժեր, նրանցից չորսը բողոքարկել է ԿԸՀ որոշումը եւ մյուս 22 քաղաքական ուժերից միայն մեկին՝ ՔՊ կուսակցությանը, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, ներգրավել են որպես երրորդ անձ: Դատարանը հնարավորություն ուներ ցանկացած պահի, ցանկացած տեղեկության համար հարցումներ անել պետական մարմիններին, այլ սուբյեկտների, անհրաժեշտության դեպքում դատավարության ընթացքից ելնելով որպես վկա ներգրավել նրանց գործում եւ լսել միայն կարծիք: Իսկ դատավարության մասնակցի կարգավիճակ տալ, նշանակում է ամբողջ գործընթացի լիարժեք մասնակից դարձնել: Եվ այդպիսի հնարավորություն դատարանը տվել է բոլոր քաղաքական ուժերից միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի ներկայացուցիչները ՍԴ-ում եղել են Արդարադատության նախարարը, նրա տեղակալը եւ նիստից մեկ օր առաջ իրավաբան բակալավրի դիպլոմ ստացած 47-ամյա մի պատգամավոր, որը, ցավոք սրտի, վերջին մի քանի նիստերին չմասնակցեց»:

Էդգար Ղազարյանը երկար թվարկեց իր գրառած խախտումները, որոնք վերլուծելով ենթադրում է, թե վաղը ՍԴ-ի հրապարակելիք որոշումը ինչ բովանդակություն կարող է ունենալ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031