Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց է ստացվում, որ քաղաքացիների նվազած վստահությունը դառնում է պողպատե մանդատ, ձեր առհասարակ մանդատն է կասկածելի, ուր մնաց՝ պողպատե». Մամիջանյան

Հուլիս 16,2021 16:58

Այսօր «Այլընտրանքային նախագծեր խումբը» «ՀՀ քաղաքական եւ իրավական մարտահրավերները. հետընտրական Հայաստան» թեմայով կոնֆերանս էր կազմակերպել:

«Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացնող Հայկ Մամիջանյանն իր ելույթում ասաց. «Կա մի թյուր կարծիք, որ արտահերթ ընտրությունները կարող են դիտարկվել որպես կապիտուլյացիոն պայմանագրի լեգիտիմացման փորձ: ՀՀ-ն չի՛ հաշտվել դրա հետ, այդ արդյունքները մեր երկրի, մեր քաղաքացու համար ընդունելի չեն: Յուրաքանչյուր քաղաքացի, որը ինչ-ինչ պատճառով ձայն է տվել կապիտուլյանտի ղեկավարած քաղաքական միավորին, մաս է կազմում նոյեմբերի 9-ի խայտառակ ստորագրությանը»:

Մամիջանյանն ասաց, որ խամաճիկ իշխանությունը ձեռնտու է բոլոր երկրներին, բացի մեզնից. «Հայաստանում այն ասացվածքը, որ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզնով, մենք դրա դասական օրինակն ենք: Այն քաղաքացիները, որոնք չեն իրացրել իրենց ընտրական իրավունքը, պիտի գիտակցեն, որ դրանով միայն վնասել են մեր երկրի ապագային: Հաշվի առնելով, որ ընտրություններին մասնակցողների մեջ շատ մեծ էր «հաճախորդ» քաղաքական գործիչների թիվը, որոնք փոշիացնում էին ձայները, բայց կապիտուլյանտը չի կարող խուսափել այն պնդումից, որ նույնիսկ այդ փոշիացված ձայները ընդդիմադիր ձայներ էին: Մոլորված քաղաքացիները, որոնք համարում են, որ ռոմանտիկ տանդեմները ունակ են լինելու ազգային ուժ, որ 3 տարի շարունակ պառլամենտում տգեղ ընկերուհու ֆունկցիա կատարած քաղաքական ուժի ներկայացուցիչները կարող են մի կերպ որպես արմատական ընդդիմություն հանդես գալ, այո, ես գիտակցում եմ, բայց այդ ձայները ընդդիմադիր ձայներ էին: Գրեթե ամեն երրորդ ձայնը Նիկոլին դեմ ձայն է: Մեր երկրում ընտրություններին մասնակցած ամեն երկրորդը դեմ է Նիկոլին»:

Հայկ Մամիջանյանը խոսեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին. «Այս ընտրությունները ցույց տվեցին, որ որոշ քաղաքական ուժերի կողմից, մասնավորապես, ԼՀԿ-ի մասին եմ խոսում, որոնք խորշում էին խորհրդարանում ռադիկալ ընդդիմության կարգավիճակից, որոնք իրենց այս կամ այն գործողությամբ կամ հայտարարությամբ կիսում են Նիկոլի այսօրվա սխալի պատասխանատվությունը՝ սուրճ խմել եւ այլն, դա երկար կարող եմ թվարկել, զրկվեցին իրենց ունեցած քաղաքական կապիտալից: Այնպես որ, սա բավական լավ օրինակ կլինի մեր բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք երբեւէ կդիտարկեն հավանականությունը Նիկոլ Փաշինյան քաղաքական չարիքի հետ որևէ համագործակցության եզրեր ունենալու»:

Մամիջանյանի խոսքով՝ այս պահին Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորից փաստացի վերածվել է Արցախի համար սոցիալական աջակցություն փոխանցող հաբի ընդամենը. «Փաստենք, որ Հայաստանը դարձել է ինչ-որ օգնության ֆոնդ Արցախի հարցում ու կարծես պլաններ չունի այլ դեր ստանձնելու»:

Մամիջանյանը հերքեց այն միտքը, թե այս իշխանությունը ստացել է պողպատե մանդատ. «Չանդրադառնանք, թե ինչ դժոխային ընտրություններ եք կազմակերպել դուք, բայց ո՞նց է ստացվում, որ քաղաքացիների նվազած վստահությունը դառնում է պողպատե մանդատ: Այն քաղաքացիները, որոնք մասնակցել են ընտրությունների, իրենց վերաբերմունքով ու քվեների քանակով ցույց են տվել, որ իրենք դժգոհ են ձեզանից, հանած մի քանի դեպք: Միֆ, որը բացարձակ չպետք է թույլ տանք, որ սրանք զարգացնեն, այն է, որ ունեն պողպատե մանդատ: Ձեր առհասարակ մանդատն է կասկածելի, ուր մնաց՝ պողպատե»:

Նա վստահեցրեց, որ պետք է հերքեն ցանկացած սուտ, որ այս իշխանությունները գցում են դաշտ. «Բերնին գալու քաղաքականությունը մեր քաղաքական վիճակում միակ լուծումն է: Չպիտի լինի կեղծ որեւէ թեզ, որը մնա անպատասխան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031