Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ես ով եմ, որ Փաշինյանն ինձ հետ քննարկեր Արցախի հարցը. Լապշինը պատասխանել է Հոխիկյանին

Հուլիս 16,2021 16:46

Բլոգեր Ալեքսանդր Լապշինն արձագանքել է լրագրող Նաիրի Հոխիկյանի մի քանի հայտարարություններին՝ Լապշինի, Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Կարապետյանի մի զրույցի մասին: Լապշինի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ընկերներ, ինձ խնդրում են մեկնաբանել լրագրող Նաիրի Հոխիկյանի հայտարարությունը՝ կապված իմ և Նիկոլ Փաշինյանի և վարչապետի նախկին մամուլի քարտուղար (այսօր՝ Կիևում Հայաստանի դեսպան) Վլադիմիր Կարապետյանի հետ:

Որքանով ես կարողացա հասկանալ Նաիրիի հայերեն հոդվածի թարգմանությունից, այնտեղ ինձ հիշատակում է այն համատեքստում, թե ես իբր Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Կարապետյանի հետ քննարկել եմ Արցախը հանձնելու ծրագրերը, որ իբր Կարապետյանն ասել է, թե «եթե մի քանի հազար հայ զոհվի՝ սարսափելի բան չէ», և որ եթե ես չդադարեմ քննադատել Ադրբեջանին, ավելի լավ է այլևս Հայաստան չգամ: Եթե այնքան էլ լավ չեմ հասկացել տեքստի էությունը, ներողություն եմ խնդրում, դա Google-թարգմանչի բացթողումներն են:

Այսպես, 2019թ. գարնանը ինձ զանգահարեց Նաիրի Հոխիկյանը և ասել, որ օրերս Գավառում լինելու է տնտեսական ֆորում, և ինձ այնտեղ հրավիրել են: Նա ասաց է, որ այնտեղ ներկա է լինելու վարչապետ Փաշինյանը, և ես հնարավորություն կունենամ նրա հետ ծանոթանալու: Ես համաձայնեցի: Առավել ևս, երբ որ ես գտնվում էի բելառուսական բանտում (Բաքու արտահանձնումից առաջ), Փաշինյանը Էդմոն Մարուքյանի հետ ցույցեր էր անցկացնում Երևանում Բելառուսի դեսպանատան առաջ՝ պահանջելով ինձ ազատ արձակել: Դա ինձ համար շանս էր այդ մարդկանց շնորհակալություն հայտնել կալանավորման ողբերգական այդ օրերին ինձ ցուցաբերած աջակցության համար:

Գավառի ֆորումից հետո ֆուրշետ կար, որտեղ էլ հանդիպեցինք ես, Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Կարապետյանը և Նաիրի Հոխիկյանը: Այնտեղ էլի մարդիկ կային, պարզապես ես նրանց հետ ծանոթ չէի, ավելի շուտ վարչապետի անվտանգությունն էր:

Այդ հանդիպման ընթացքում ես Նիկոլ Փաշինյանի հետ խոսեցի այն մասին, թե ինչ է ինձ հետ տեղի ունեցել Ադրբեջանում Արցախ այցելության պատճառով, Ադրբեջանի ռեժիմի կողմից իմ դեմ դատական հայցի մասին: Հիշեցնեմ, որ 2021թ. մայիսին Եվրոպական դատարանն Ադրբեջանին մեղավոր է ճանաչել իմ անօրինական կալանքի, խոշտանգումների, նվաստացումների և սպանության փորձի համար: Նիկոլը ցավակցություն հայտնեց և ասաց, որ եթե ինչ-որ բանով կարող է օգտակար լինել, ապա ես ցանկացած պահի կարող եմ դիմել: Կողքին կանգնած էր Վլադիմիր Կարապետյանը, և զրույցի ընթացքում նա ասաց, որ Հայաստանն ապրում է իր պատմության մեջ ծանրագույն շրջան, գտնվում է ճնշման տալ և շրջափակումից ու տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար անխուսափելի են Արցախում փոխադարձ զիջումները: Նա նաև ասաց, որ երկրի տնտեսության բնականոն գործունեության և շրջափակումից ու ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է պայմանավորվել հարևանների հետ: Նա նաև ավելացրեց, որ առաջիկա տարիներին իրավիճակը կարող է փոխվել և ես լավ կանեմ հետևեմ տարածաշրջանի իրադարձություններին՝ իրավիճակը հասկանալու համար:

Հետո իմ՝ վարչապետի հետ հանդիպման մասին գրեց «Սպուտնիկ Արմենիա»-ն, այսինքն` դա միանգամայն բաց, հանրային միջոցառում էր, առանց գաղտնիքների:

Վերջ:

Որևէ այլ բան չի եղել: Մնացած ամեն ինչ, ինչ գրված է Նաիրի Հոխիկյանի հոդվածում, ինձ դժվար է մեկնաբանել, քանի որ նման խոսակցություն չի եղել: «Հազարավոր սպանված հայերի» վերաբերյալ մեջբերումը ես երբևէ չեմ լսել, և ինձ հետ հանդիպմանը ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Վլադիմիր Կարապետյանը դա չեն ասել: Ինձ ոչ մեկը չի ասել, որ եթե ես չդադարեմ քննադատել Ադրբեջանին, ապա լավ կանեմ Հայաստան չգամ: Ընդհակառակը, ինչպես արդեն վերևում նշեցի, Փաշինյանն ինձ ասաց, որ ես կարող եմ իրեն դիմել, եթե ինչ-որ բանով կարող է օգտակար լինել: Այո, և անկեղծ ասած, ես ով եմ, որ «հազարավոր սպանված հայերի» հարցը պետության ղեկավարը քննարկի ճանապարհորդ-բլոգերի հետ:

Բնական է, որ 2020թ. աշնան պատերազմից հետո մենք բոլորս (ես էլ) հարց ենք բարձրացրել՝ արդյոք Արցախի կորուստը նախապես ծրագրված էր: Իհարկե, ես մտածել եմ՝ արդյոք դա նկատի ուներ պետության ղեկավարը՝ խոսելով ճգնաժամից դուրս գալու անհրաժեշտության և Արցախում հարկադրված զիջումների մասին, թե՞ այլ բան: Ես չգիտեմ: Ամեն դեպքում, տեղի է ունեցել աղետ և ինձ համար ցավալի է, ինչպես և Հայաստանի ողջ ժողովրդի համար: Բոլորը հասկանում էին, որ ինչ-որ պահի Արցախի հակամարտությունն ինչ-որ կերպ կլուծվի և ինչ-որ հողեր ստիպված կլինեն զիջել Բաքվին: Բայց այս գնով՝ իհարկե ողբերգություն է:

Բնական է, որ պատերազմի ժամանակ ես չգիտեի և չէի կարող իմանալ՝ ինչ կլինի Շուշիի հետ: Հոդվածում Նաիրին գրում է, որ ես իրեն դեռ հոկտեմբերին եմ ասել, որ «Շուշին կհանձնեն, և այդ ժամանակ էլ պատերազմը կավարտվի»: Նման խոսակցություն մեր միջև երբևէ չի եղել: Ես համոզված էի, որ Հայաստանը կդիմակայի և մինչև վերջ հավատում էի դրան, անգամ չնայած այն բանին, որ շրջապատում բազմաթիվ հայ վերլուծաբաններ ասում էին՝ «ամեն ինչ արդեն որոշված է, նրանք կհանձնեն Արցախը»:

Հարգում եմ Նաիրի Հոխիկյանին, նա տաղանդավոր լրագրող է և մոլի հայրենասեր: Ինձ համար անհասկանալի է՝ ինչով է առաջնորդվել նա, երբ հրապարակել է այդ հոդվածը՝ հիշատակելով այնտեղ իմ անունը և զրույցներ, որոնց ես երբևէ չեմ մասնակցել: Այն, ինչ իրականում տեղի է ունեցել մեր զրույցի ժամանակ, ես վերևում գրեցի: Նաիրիի մյուս հայտարարությունների և գնահատողական դատողությունների համար ես չեմ կարող պատասխանատվություն կրել:

Հ.Գ. Ես չգիտեմ՝ ինչու է Նաիրին ձայնագրել իմ և իր զրույցն արդեն պատերազմից հետո, որտեղ ես հիմարաբար ասում եմ, որ փորձում եմ հասկանալ՝ ինչ նկատի ունեին Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Կարապետյանը Գավառում այդ հանդիպմանը: Իմ խոսքում ոչ մի գաղտնի և կոմպրոմատային բան չկա, բայց ինձ թվում է, որ նրա կողմից դա այնքան էլ ազնիվ չէր: Ես հեռու եմ հայկական քաղաքականությունից, ես բլոգեր եմ և ճանապարհորդ և ճիշտ չեմ համարում ինձ քաղաքական հաշիվմաքրոցիների մեջ ներքաշելը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031