Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը ամեն չորեքշաբթի սարսափով պետք է մտնի խորհրդարանի շենք». Ինչ է պատրաստվում անել ընդդիմությունն ԱԺ-ում

Հուլիս 16,2021 16:35

Այսօր «Այլընտրանքային նախագծեր խումբը» «ՀՀ քաղաքական եւ իրավական մարտահրավերները. հետընտրական Հայաստան» թեմայով կոնֆերանս էր կազմակերպել:

«Հայաստան» դաշինքը ներկայացնող Աննա Գրիգորյանն ասաց, որ իր համար թիվ մեկ մարտահրավերը ՀՀ ինքնիշխանության կորուստն է. «Այս պահին Սեւ լճում, Գեղարքունիքում դեռեւս շարունակում են տեղակայված մնալ ադրբեջանական զորքեր: Այսինքն, մեր տարածքային ամբողջականությունը մեր զինված ուժերը չեն կարողանում ապահովել, հետեւաբար, նման սուբյեկտայնության ցածր շեմ երբեւէ չենք ունեցել: Մեր պետականությունը մեծ հարցականի տակ է: Եթե Սյունիք գնաք պատերազմից հետո, այն եռադրոշ է դարձել, կտեսնեք: Տեսնում ես ադրբեջանական դրոշ, ռուսական դրոշ, հայկական դրոշ, երբեմն չես էլ հասկանում՝ որ տարածքն է, որ այսպես կոչված «իշխանությունների» կողմից հայտարարված է ադրբեջանական, որը՝ հայկական»:

Աննա Գրիգորյանն ասաց, որ ինչքան էլ չեն ընդունում իշխանությունները, կա հուշագիր, որով Գորիս-Կապան, ինչպես նաեւ Կապան-Ճակատեն հատվածները հանձնվել են նաեւ Ադրբեջանին. «Այս իշխանությունը, որ այսպես կոչված վերընտրվել է, ասում է, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածի 4 կմ-ը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մի մաս է: 4 տարի հետո, երբ պայմանագրի ժամկետը ավարտվի, Ադրբեջանը կարող է ասել՝ դուք այլեւս չեք կարող գնալ այդ ճանապարհով»:

Ըստ Գրիգորյանի, մենք գաղափարական սնանկության պայմաններում ենք ապրում, իշխող քաղաքական ուժը հայտարարում է, որ զերծ է «իզմ-երից». «Ունենք իշխանություն, որ «իզմ» չունի, չի հասկանում՝ ինչ ուղղություն է դավանում, հետեւաբար չի հասկանում, թե Հայաստանն ուր է տանում, հետեւաբար, մեր՝ ընդդիմադիրների ուսերին է մնացել ծանր պատասխանատվությունը, որ մենք ժողովրդին առաջարկենք ազգային զարգացման տեսլական»:

Թե ինչ լուծում են տեսնում ստեղծված իրավիճակում՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Բագրատ Եսայանը պատասխանեց. «Ընդդիմությունը, որն այսօր նաեւ ներկայացված է խորհրդարանում, պետք է օգտագործի ամբողջ գործիքակազմը եւ այն լրացուցիչ հնարավորությունը, որ ստացել է հունիսի 20-ին այս իշխանության կողմից նույնիսկ ստիպված արձանագրված արդյունքներով: Դա խորհրդարանական ամբիոնն է, քննիչ հանձնաժողովն է: Խորհրդարանում, եթե նույնիսկ այս դավաճան խմբակը բոյկոտի ենթարկի, դրա փորձը ունի, փորձի չստեղծել այդ հանձնաժողովը, ուղղակի խորհրդարանի դահլիճը պետք է դարձվի քննիչ հանձնաժողովի գործունեության վայր: Ամեն չորեքշաբթի հարցուպատասխանի օր պետք է վերածվի վարչապետի պաշտոնը ստանձնած անձնավորության հարցաքննության օրվա: 36 պատգամավորները պետք է հարցերը, որ ունեն 44-օրյա պատերազմի, 5000 զոհերի, ավելի քան 10 հազար հաշմանդամ դարձած երեխաների ճակատագիրը այդ ձեւով դասավորած իշխանության ղեկավարին, այդ հարցերը պետք է տրվի նրան ու նա ամեն չորեքշաբթի սարսափով պետք է մտնի խորհրդարանի շենք»:

Եսայանը հավելեց. «Եթե քաղաքական հետապնդումները շարունակվեն, բոլոր միջոցներով պետք է զրկենք «սրանց» իրենց ժողովրդավար ներկայացնելու որեւէ հնարավորությունից: Քաղաքական այն բռնապետական ռեժիմը, որ փորձ է արվում այսօր հաստատելու, պետք է ցանկացած գնով կասեցնել՝ կլինի փողոցային պայքարով, կլինի ձերբակալությունների գնով, ցանկացած գնով: Այն խավին, որ ձայն են տվել խաբվելով պետք է բացատրել ամեն օր, թե ում են ձայն տվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031