Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկ հայտարարել էր, որ իր ունեցած հավաստի տեղեկություններով՝ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանը էքսպանսիայի ենթարկելու ծրագիր ունեն մշակած, ինչը պատրաստվում են անարգել իրականացնել նաեւ մեր այսօրվա իշխանությունների անգործության պայմաններում:
Aravot.am-ը Արամ Սարգսյանից հետաքրքրվել էր, թե այսօրվա իշխանությունների հասցեին հատկապես խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի եւ ընտրությունների ավարտին հնչեցրած քննադատություններից հետո ինչպե՞ս ստացվեց, որ իրենց կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը ընդունեց Նիկոլ Փաշինյանի հրավերը եւ հանդիպեց նրա հետ: «Մեր ցուցակի առաջին անձը կուսակցական չի եղել՝ մինչեւ իրեն ոչ իրավաչափ ճանապարհով ինչ-ինչ պատճառներով ցուցակից հանելը, որից հետո նա դիմել եւ ընդունվել է մեր կուսակցության շարքերը:
Հիմա այն մասին, թե ինչո՞ւ է Տիգրան Արզաքանցյանը ընտրություններից հետո մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչների նման գնացել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման: Հրավերը եղել է կուսակցության նախագահին, որը ես չեմ ընդունել: Շրջանցելով կուսակցությունը, իրենք առանձին հրավիրել են նաեւ Տիգրան Արզաքանցյանին: Նա էլ ինչ-ինչ պատճառներով ընդունել է այդ հրավերը: Բայց այնտեղ չի քննարկվել կուսակցության կողմից ներկայացված որեւէ առաջարկ եւ ոչ ոք լիազորություն չի տվել, որ այդպիսի քննարկում լինի: Մենք հիմա կառավարությանը հուշում ենք, որ մեղմ ասած, կարգը խախտել են: Իսկ կարգը հետեւյալն է. հրավերը նախագահի անունով գալիս է կուսակցության կենտրոնական գրասենյակ, եւ նախագահն է որոշում՝ գնա՞լ, թե չգնալ կամ լիազորե՞լ որեւէ մեկին, թե չլիազորել: Տիգրան Արզաքանցյանը այդ հանդիպմանը գնացել է անձնական նախաձեռնությամբ»,-ասաց պարոն Սարգսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ