Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանի նիստն ընթացել է աշխատակարգային, կազմակերպական և ընթացակարգային կոպիտ խախտումներով. Էդգար Ղազարյանի դիտարկումները

Հուլիս 16,2021 16:10

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ամփոփիչ առանցքային դիտարկումներ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի 2021 թվականի հուլիսի 9-ից 14-ը կայացած նիստի վերաբերյալ

1.Սահմանադրական դատարանը դիմումների քննությունն իրականացրել է ոչ լեգիտիմ կազմով։ Սահմանադրական դատարանի 9 դատավորներից 5-ն ունեն լեգիտիմության խնդիր՝ 2020 թվականի հակասահմանադրական փոփոխություններով պայմանավորված։

2.Սահմանադրական դատարանի նիստերը նախագահել է դատավոր Արման Դիլանյանը, որի ՍԴ նախագահ ընտրվելու վերաբերյալ Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշում չի կայացրել, նման որոշում գոյություն չունի։ Տվյալ պարագայում նիստը պետք է նախագահեր տարիքով ավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը։

3.Սահմանադրական դատարանի նիստը նախագահող Արման Դիլանյանը հայտարարել է դատավարության մասնակիցների հետ ունեցած արտադատական շփումների մասին, ինչն անտրամաբանական լինելուց բացի նաև անօրինական է, իսկ Սահմանադրական դատարանի պատմության իմաստով՝ աննախադեպ։

4.Չնայած այն հանգամանքին, որ Սահմանադրական փոփոխություններից հետո վիճարկման առարկան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն էր, նախքան դատավարության մեկնարկը, Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումներով որպես հարակից պատասխանողներ են ճանաչվել այդ որոշման ընդունման հետ որևէ առնչություն չունեցող ՀՀ դատախազությունը, ՀՀ ոստիկանությունը (անմիջականորեն վարչապետին ենթակա մարմին) և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

5.Չնայած այն հանգամանքի, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել են 26 քաղաքական ուժեր, որոնցից 4-ը բողոքարկել են ընտրությունների արդյունքները, մյուս 22 քաղաքական ուժերից Սահմանադրական դատարանը, նախքան դատական նիստի մեկնարկը, որոշում է կայացրել որպես երրորդ անձ ներգրավվել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, դարձնելով նրան դատավարության լիարժեք մասնակից՝ ընդգծված քաղաքական վերաբերմունք ցուցաբերելով իշխող քաղաքական ուժի նկատմամբ և ուշադրությունից դուրս թողնելով մյուս քաղաքական ուժերին։

6.ՍԴ դատական նիստում պարզ դարձավ, որ դիմումները բավարար չափով ուսումնասիրված և նախապատրաստված չեն եղել դատական քննության ներկայացնելու համար։ Դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ չորս դիմումներով միաժամանակ գործով զեկուցող է նշանակվել միայն մեկ դատավոր՝ այն դեպքում, երբ կարող էին և տրամաբանական կլիներ առնվազ չորս զեկուցող դատավորներ նշանակել։ Ի դեպ՝ այդ հսկայածավալ գործով, որպես զեկուցող դատավոր է նշանակվել գործող կառավարության կողմից դատավորի թեկնածու առաջադրված դատարանի ամենաերիտասարդ դատավոր Էդգար Շաթիրյանը, որը Սահմանադրական դատարանում ունի ընդամենը մեկ տարվա աշխատանքի փորձառություն։

7.Սահմանադրական դատարանի նիստն ընթացել է աշխատակարգային, կազմակերպական և ընթացակարգային կոպիտ խախտումներով։ Մասնավորապես, չի պահպանվել գործի քննության հրապարակայնության, թափանցիկության և բանավոր ընթացակարգի գաղափարախոսությունն ու սկզբունքները։ Բազմաթիվ հարցերի քննությունն իրականացվել է Սահմանադրական դատարանի նիստից դուրս, օրենքով չնախատեսված «խորհրդակցությունների» ռեժիմում։ Այդ խախտումների մասին բարձրաձայնել են ինչպես ՍԴ դատավորները, այնպես էլ դատավարության այլ մասնակիցներ։

8.Նշված ժամանակահատվածում Սահմանադրական դատարանը կայացրել է մի շարք աշխատակարգային որոշումներ՝ Սահմանադրական դատարանի բանավոր ընթացակարգով նիստի ձևաչափից դուրս՝ առանց ՍԴ աշխատակարգով սահմանված աշխատակարգային նիստեր հրավիրելու, որոշ դեպքերում նաև առանց դատարանի բոլոր դատավորների մասնակցության։

9.Դատավարության ընթացքում դատարանը պատշաճ ժամկետներում կողմերին չի փոխանցել անհրաժեշտ նյութեր, տրամաբանական ժամկետներում չի անդրադարձել ներկայացված միջնորդությունների քննարկմանը, դրանց մասին չի տեղեկացրել միջնորդություններ ներկայացրած կողմերին և դատավարության այլ մասնակիցներին։ Այդ խնդիրների մասին դիմող կողմերի ներկայացուցիչները բարձրաձայնել են դատարանում։

10.Սահմանադրական դատարանն աշխատել է անկանոն և անկազմակերպ ռեժիմում, դատավարության մասնակիցների համար հստակ չեն եղել աշխատանքի և ընդմիջման ժամերը։ Ինտենսիվ ռեժիմի և աշխատանքային ժամերից դուրս լրացուցիչ ծանրաբեռնված աշխատանքը չէր կարող իր բացասական ազդեցություն չթողնել դատավարության մասնակիցների, հատկապես դատավորների, աշխատանքի արդյունավետության և արդարադատության որակի վրա։ Դատավորին և դատավարության մասնակիցներին պատշաճ ժամանակ չի հատկացվել հաջորդ օրերի նիստերին նախապատրաստվելու, իրենց տրամադրության տակ գտնվող նյութերին ծանոթանալու, հանգստանալու և ուժերը վերականգնելու համար։

11.Արձանագրվել է ՍԴ մի շարք դատավորների ընդգծված պասիվ վարքագիծն ու գրեթե զրոյական մասնակցությունը դատավարության գործընթացին։ Մասնավորապես, դատավարության մասնակիցներին ոչ մի հարց չի տվել և ոչ մի միջնորդությամբ հանդես չի եկել դատավոր Արաիկ Թունյանը։ Նույն դատավարական վարքագիծն է ցուցաբերել նաև դատավոր Արման Դիլանյանը, ով, բացի ՍԴ նիստն ապօրինի նախագահելու գործառույթից, ՍԴ դատավորին բնորոշ որևէ այլ դատավարական վարքագիծ չի ցուցաբերել․ ոչ մի հարց չի ուղղել դատավարության մասնակիցներին, ինչն աննախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլ, թերևս Սահմանադրական դատարանների համաշխարհային պատմության մեջ։ Ընդամենը մեկ կողմին երեք հարց է ուղղել դատավոր Աշոտ Խաչատրյանը՝ ակնհայտորեն պասիվության զրոյական ցուցանիշի արձանագրումից խուսափելու նպատակով։ Դատավարության ընթացքում գործով զեկուցող դատավորին ոչ բնորոշ պասիվություն է ցուցաբերել նաև դատավոր Էդգար Շաթիրյանը։ Դատական նիստում ֆունկցիոնալ նշանակություն և դերակատարություն ունեցող դատավորի վարքագծով աչքի են ընկել առավելապես դատավորներ Արևիկ Պետրոսյանն ու Հրայր Թովմասյանը։

12.Սահմանադրական դատարանի ոչ մի դատավոր հարցեր չի ուղղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներին։ Որոշ դատավորների պարագայում դա կարելի է համարել արհամարհանք՝ բացառապես քաղաքական շարժառիթներով և որոշման հետևանքով բարձր դատարանում հայտնված սուբյեկտի նկատմամբ, մյուսների պարագայում՝ վախ և անհանգստություն։

13.Սահմանադրական դատարանը գրեթե ամբողջությամբ մերժել է ոչ միային Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի, այլև դիմող կողմերի ներկայացրած միջնորդությունները, դրա փոխարեն բավարարել է, որպես հարակից պատասխանող ճանաչված, ՀՀ ոստիկանության միջնորդությունը։ Սա վկայում է դատարանի կողմնակալ կեցվածքի, գործի հանգամանքները համակողմանի, ամբողջական և օբյեկտիվ ուսումնասիրելուց խուսափելու և կողմերի հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքի մասին։ Մերժված միջնորդություններ վերաբերվել են անգամ պետական տարբեր մարմինների տեղեկությունների ստացմանը։ Ի դեպ, Հրայր Թովմասյանը միակ դատավորն է եղել, որ դատավարության ընթացքում ներկայացրել է միջնորդություններ։

14.Խիստ կասկածելի է միջնորդությունները մերժելու մասին Սահմանադրական դատարանի որոշումների լեգիտիմությունը։ Խնդիրը կայանում է դրանում, որ, հատկապես բանավոր ընթացակարգով նիստերի պարագայում, դատարանն աշխատակարգային որոշումներ պետք է կայացնի նիստերի դահլիճում, հրապարակայնորեն, դատավարության մասնակիցների և ողջ հասարակության աչքի առջև։ Մյուս դեպքում, աշխատակարգային որոշումներ կարող են կայացվել աշխատակարգային նիստերում, որոնց մասին, որպես կանոն, դատարանը պետք է դատավորներին տեղեկացնի նիստից առաջ՝ ներկայացնելով բոլոր անհրաժեշտ նյութերը։ Այս պարագայում պարզ չէ, թե ինչ ձևաչափով են քննարկվում կողմերի ներկայացրած միջնորդությունները և ինչ ձևաչափում են կայացվել միջնորդությունները մերժելու մասին որոշումները։

Ակնհայտ է, որ տեղի է ունեցել ընթացակարգային խախտումներ, ինչը ՍԴ որոշումների բողոքարկման ինստիտուտի բացակայության պայմաններում, միայն նվազեցնում է դատարանի հեղինակությունը և նրանց կողմից կայացված որոշումների հանդեպ հանրային վստահությունը, ավելին, տվյալ գործի շրջանակներում, ընդգծում՝ դատարանի քաղաքական կաշկանդվածությունն ու օրվա իշխանությունների վերահսկողության տակ գործելու հանգամանքը։

15.Պատասխանող կողմ հանդիսացող Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առավելապես անդրադարձել է դիմողի կողմի ներկայացուցիչների մատնանշած՝ ընտրությունների օրը և քվեարկության պահին արձանագրված ընտրախախտումներին։ ԿԸՀ-ն խուսափողական պատասխաններ է տվել այն ընտրախախտումներին, որոնք կրել են զանգվածային, համակարգային և պարբերական և բնույթ և կարող էին և վճռորոշ ազդեցություն են թողել ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Այդ տեսանկյունից դրանք կարելի համարել հաստատված և ապացուցված։

16.Դատարանում լայն քննարկման առարկա է դարձել հրաժարականից հետո վարչապետի պարտականությունները Նիկոլ Փաշինյանի կողմից ապօրինաբար իրականացնելու խնդրին, ինչն էլ դարձել է վարչական ռեսուրսի չարաշահման և ընտրական գործընթացում թեկնածուների միջև անհավասար մրցակցության, դրանով իսկ ընտրությունների վերջնական արդյունքների վրա ազդեցության հիմնական պատճառ։

Դատավարության մի շարք մասնակիցների կողմից այդ կապակցությամբ ներկայացվել են խիստ հիմնավոր և իրավաբանորեն են հստակ ձևակերպված բացատրություններ, մեկնաբանություններ և հիմնավորումներ։

17.Դատավարության ողջ ընթացքում նկատելի է եղել նիստերը նախագահող Արման Դիլանյանի շփոթված, կաշկանդված վիճակը, ինչը պայմանավորված թերևս քաղաքական գործոններով և Վահե Գրիգորյանի ազդեցության դաշտում գտնվելու հանգամանքով։ Ի դեպ, նախքան դատական նիստի մեկնարկը մամուլում չհերքված տեղեկություններ են հրապարակվել, համաձայն որոնց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը երեկոյան ժամերին այցելել է կառավարական առանձնատուն և հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։

18.Սահմանադրական դատարանում տարբեր հարցերի քննարկումների ժամանակ փաստվել է, որ դատավորներ Վահե Գրիգորյանի, Արման Դիլանյանի, ՀՀ դատախազության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներ տեսակետները նույն են, ինչը ողջամիտ ենթադրության հիմք է տալիս, որ նրանք բոլորը ղեկավարվում են մի կետից և դատարանում ՀՀ դատախազությունն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներգրավված են որպես դատավարության մասնակից՝ այդ երկու քաղաքականացված դատավորներին դահլիճից անհրաժեշտ «աջակցություն» ցուցաբերելու համար՝ համապատասխան կարգավիճակում։

19.Արման Դիլանյանի կողմից դրսևորվել է չափազանց տարօրինակ վարքագիծ, երբ Դավիթ Հարությունյանի ամփոփիչ ելույթին հաջորդել է նրա կողմից գրավոր տեքստից ընթերցվող արձագանք, ինչը բնականաբար չէր կարող գրվել տվյալ պահին։ Ընդ որում` այդ տեքստից ընթերցող խոսքում ուրվագծվում էր ՍԴ սպասվելիք որոշումը և տպավորություն կար, որ կողմերին և հանրությանը նախապատրաստում էր դրան։

20.ՀՀ դատախազության ներկայացուցիչները փաստել են, որ նախընտրական շրջանում հարուցված մի քանի տասնյակ քրեական գործերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ոչ մի թեկնածու, վստահված անձ, շտաբի անդամ կամ համակիր ներգրավված չէ որևէ դատավարական կարգավիճակում, չնայած այն փաստին, որ հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր հատկապես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչների հանդեպ, որոնց թվում են նաև պատգամավորի թեկնածուներ, համայնքների գործող ղեկավարներ, նախընտրական շտաբների ղեկավարներ և այլն։

21.Դատախազության բացատրություններից և նրան ուղղված հարցերի պատասխաններից պարզ դարձավ, որ այդ կարևոր իրավական մարմինը դիրքորոշում չունի հրաժարականից հետո վարչապետի պաշտոնում անձի պաշտոնավարման մասին՝ այն համարելով առկա սահմանադրական վեճ, չնայած այն բանին, որ մինչ օրս ոչ ոք դա վեճի առարկա չի դարձրել և չի դիմել Սահմանադրական դատարան։ Այսինքն` ստացվում է, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի 2-րդ մասով հստակ նկարագրվող հանցագործություն Հայաստանում կարող են անել բոլորը, քանի որ ՀՀ դատախազությունը կողմնորոշում չունի դրա վերաբերյալ։ Սա առավել քան տարօրինակ է։

22.Բարձր դատարանին ներկայացրած իր խոսքում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է բազմաթիվ, համատարած, պարբերական և ակտիվ «ստուգողական» և «պրոֆիլակտիկ» միջոցառումների փաստը ողջ հանրապետության տարածքում, ինչը փաստացի ապացույցն է, հատկապես, ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին քարոզարշավի ողջ ընթացքում զանգվածային ահաբեկումների ենթարկելու մասին, որն ընտրությունների վերջնական արդյունքների վրա ունեցել է չափազանց էական ազդեցություն և նշանակություն։ Այդ «ստուգողական» և «պրոֆիլակտիկ» միջոցառումների ժամանակ են սպառնացել ընդդիմադիր գործիչներին չմասնակցել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին, չվանկարկել «դավաճան», «հողատու», «թուրք» և այլ արտահայտություններ, չփակել ճանապարհներ և այլն, իսկ չենթարկվողներից մեկն էլ՝ Եղեգնաձորում Շահեն Վարդանյանի ցցուն օրինակն է, որին հանիրավի դաժան ծեծին են ենթարկել Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում, ինչի կապակցությամբ մինչ օրս իրավապահ ողջ համակարգի չի կարողանում պարզել հանցանքը կատարած մեղադրյալի։ Այդ ամենաթողության հետևանքներից մեկն էլ այն է, որ օրեր առաջ այրել են Շահեն Վարդանյանի մեքենան։

23.Ոստիկանության ներկայացուցիչն իր ամփոփիչ խոսքում, անդրադառնալով դատավարության ընթացքում հնչեցված հարցերին, պաշտոնապես հաստատեց, որ նախընտրական քարոզչության շրջանում Ոստիկանության հաղորդագրություններում Նիկոլ Փաշինյանի վերաբերող նյութերում նա վկայակոչվել է ոչ թե որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու, այլ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ փաստացի հաստատելով վերջինիս կողմից ի պաշտոնե հանդես գալու և վարչական ռեսուրսը զանգվածաբար օգտագործելու փաստը, ինչն ինքնին բավարար է ընտրությունների արդյունքները չեղարկելու համար։

24.Բարձր դատարանում հնչեցրած իր բացատրության մեջ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը հաստատել է ատելության և կշտամբանքի փաստը քարոզչության ընթացքում, որին միջամտելու հնարավորություն իրենք չեն ունեցել՝ համապատասխան լիազորությունների բացակայության պատճառաբանությամբ։

25.Սահմանադրական դատարանում դատաքննության ընթացքում ԿԸՀ-ի բողոքարկվող որոշմամբ առավելագույն ձայներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրել է վարչության նիստ, որտեղ, չսպասելով դատարանի որոշմանը, կամ նախապես տեղեկացված լինելով ապագա որոշման մասին, կուսակցական որոշումներ են կայացրել ապագա խորհրդարանում քաղաքական պաշտոններում կուսակցության կողմից առաջադրումների, այդ թվում՝ Ազգային ժողովի ղեկավար պաշտոններում նշանակումների վերաբերյալ։

26.Պատմության մեջ առաջին անգամ Սահմանադրական դատարանի նիստերին օրենքով չնախատեսված և ոչ հիմնավոր սահմանափակումներ են դրվել քաղաքացիների մասնակցության համար։ ՍԴ նիստերի դահլիճ մուտքը բաց է եղել միայն ՍԴ աշխատակազմի կողմից հատուկ անցաթղթեր ունեցողների համար։ Որևէ տեղեկատվություն ՍԴ աշխատակազմի կողմից չի տրամադրվել այդ անցաթղթերի ձեռք բերման կամ դրանց բաշխման վերաբերյալ։

27.Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի միջոցով չի իրականացվել ՍԴ նիստի լուսաբանում։ Այն իրականացվել է բացառապես զանգվածային լրատվամիջոցների կողմից։ ՍԴ պաշտոնական կայքում չի հրապարակվել պաշտոնական տեղեկատվություն նիստի մասնակիցների, ընթացքի մասին և այլն։

Ամփոփում։ Սահմանադրական դատարանի 2021 թվականի հուլիսի 17-ի որոշումից պարզ կդառնա ներկայացված արձանագրումների հետ հնչող անհանգստության հիմնավորվածությունը։ Այդ որոշումից տեսանելի կլինի նաև թե Նիկոլ Փաշինյանի՝ ժապավեններով զարդարված մուրճով կազմակերպված արտահերթ ընտրություններին հաջորդող հետընտրական հանրահավաքում Սահմանադրության տեսքով նրան փոխանցված պողպատե մանդատի հետևանք հանդիսացող սպառնալիքները և այդ մուրճի առաջին հարվածն իրենց գլխին ստանալու հեռանկարն ինչ ազդեցություն կգործի Սահմանադրական դատարանի դատավորների և նրանց կայացրած որոշման վրա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031