Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Հայաստան» դաշինքի անդամ, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն այսօր դատարանի որոշմամբ կալանավորվեց երկու ամսով։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը մեղադրվում է «Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով ընտրակաշառք տալու համար։
Մինչեւ դատարանի որոշման հրապարակումը՝ լրագրողներն Առուշանյանից հետաքրքրվեցին՝ վարույթն իրականացնող մարմնի պնդմամբ՝ դուք Քարահունջ համայնքի ղեկավարի միջնորդությամբ հանդիպել եք բնակիչների հետ ու գումար բաժանել, ինչի՞ մասին է խոսքը։ «Օրենքը սահմանում է, որ համայնքի բյուջեի հինգ տոկոսի չափով՝ մոտ վաթսուն միլիոն դրամ, տրամադրվում է սոցիալապես անապահովների ընտանիքներին։ Օրենքն ասում է, որ ես ամեն ամիս պետք է այցելեմ համայնքներ, լսեմ մարդկանց խնդիրները, որպեսզի օգնություն տրամադրվի ավագանու որոշմամբ։ Դա եղել է ամեն տարի, ինձանից առաջ էլ, դա բնականոն աշխատանք է՝ անկախ քաղաքական հայացքներից»,-նախ նշեց Առուշ Առուշանյանը։
Նա, նկատի ունենալով գումար բաժանելու մեղադրանքները, հավելեց․ «Առհասարակ իմ աշխատանքում երբեւէ նման բան չի եղել, չի էլ կարող լինել։ Հենց օրինակ Քարահունջում մի քանի ամիսը մեկ լինում եմ։ Մի բան կուզեի նշել։ Սահմանամերձ գյուղեր այցերն ավելի հաճախ են դարձել։ Քարահունջում հողերի մի մասը ոչ թե հանձնվել, այլ նվիրվել է թշնամուն, ու մարդիկ մնացել են առանց աշխատանքի, ուստի փորձել ենք այդ ուղղությամբ աշխատել»։
Կարդացեք նաև
Լրագրողները նաեւ հարցրին՝ եթե Առուշանյանը պնդում է, որ իր հանդեպ կատարվողը ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց է, ապա որո՞նք են դրա շարժառիթները։ Առուշ Առուշանյանի խոսքով՝ կառավարությունն ասում է, թե իրենք ուզում են ճանապարհների ապաշրջափակում, մինչդեռ Ադրբեջանը դրա դիմաց հողեր է ուզում․ «Այնպես են խոսում, կարծես նորմալ է, որ թշնամու հետ պետք է ապրենք։ Գուցե իրենց համար դա նորմալ է, թող գնան Ադրբեջանում ապրեն։ Հայի տեսակի համար նորմալ չի։ Նաեւ «Զանգեզուրի միջանցք» ասվածի հետ եմ կապում ասածս։ Ուզում են՝ չլինի այն տեսակը, որը թշնամու դեմ է պայքարում։ Համենայն դեպս ես այդպես եմ հասկանում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ