«Արևմուտքը սկսել է խառնել ռուս-թուրքական պայմանավորվածությունները, ուստի այսպիսի սրացումները որոշ ժամանակ ավելի ակտիվանալու են»,-«Հայացք» մամուլի ակումբում Ազգային-ժողովրդավարական բևեռի հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց բևեռի անդամ Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով Երասխում տեղի ունեցած միջադեպին:
Ըստ նրա՝ սա արվում է այն պատճառով, որ մեծացնեն ահաբեկչության մթնոլորտը ՀՀ-ում և հասնեն իրենց վերջնական նպատակին: Այս առիթով Վարուժան Ավետիսյանն ասաց. «Հայության և Հայաստանի ապագայի հաշին ուզում են պարտադրել խաղաղության պայմանագիր՝ խորհրդային Հայաստանի, նույնիսկ դրանից էլ վատ սահմաններով՝ սահմանների վերջնական սահմանագծման և սահմանազատման պայմանագիր կնքելու միջոցով»:
Վարուժան Ավետիսյանի մեկնաբանմամբ՝ տեղի է ունենում Լավրովի ընդլայնված պլանի կամ Լավրովի պլան-2-ի իրականացման գործընթացը, որը, ինչպես պայմանավորված պատերազմը, սպասարկում են իշխանությունն և կեղծ ընդդիմությունը: Վարուժան Ավետիսյանի վստահեցմամբ՝ նրանք երկուսով սպասարկում են՝ թշնամու ջրաղացին ջուր լցնելով, որ ավարտին հասցվի Արցախի օտարումը և ՀՀ ինքնիշխանության կլանումը:
Վարուժան Ավետիսյանի տպավորությամբ՝ ռազմական պարտությունից հետո հիմա անցել են հաջորդ փուլին՝ հայ ժողովրդի հոգեբանական և գիտակցական պարտության: Նրա հավաստմամբ՝ ինչպես Նիկոլ Փաշինյանի թիմը, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը «Կրեմլի հաճախորդներն են»:
Կարդացեք նաև
Բևեռի անդամը համարում է, որ ՌԴ-ն ոչ թե մեր ռազմավարական դաշնակիցն է, այլ «ռազմավարական հակառակորդը, հիմա նաև ռազմավարական թշնամին. Թուրքիայի հետ համահավասար իրականացնում է ՀՀ-ի ոչնչացման ծրագիր, տարածաշրջանի վերաձևման ծրագիր»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ