Aravot.am-ի տեղեկություններով, իրավապահ մարմիններն արդեն պարզել են հուլիսի 14-ին Գորիսում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։
Ըստ այդմ, հուլիսի 13-ին ժամը 23.00-ի սահմաններում, Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ 33-ամյա Կարեն Պողոսյանը հորեղբոր որդու 41-ամյա Գագիկ Պողոսյանի, ընկերների Հարութ Վարդանյանի, Արմեն Աղաջանյանի, Էրիկ Զադայանի, Արմեն Հովսեփյանի, Հարութ Լալազարյանի, Մհեր Սահակյանի հետ Գորիս համայնքի Գետափնյա եւ Գ.Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում վիճաբանել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ 27-ամյա Տիգրանի հետ։ Տիգրանի հետ են եղել Հրաչիկ Թունյանը, Նորայր Մնացականյանը, Մելիք Բարսեղյանը եւ վերջինիս որդին՝ Մուշեղ Բարսեղյանը։
Առաջացած ծեծկռտուքի ընթացքում Կարեն Պողոսյանը իրեն պատկանող «Տոյոտա Քեմրի» 44 XX 044 ա/մ-ից վերցրել է ապօրինի պահվող ինքնաձիգը եւ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով անկանոն կրակահերթ է արձակել, ինչի արդյունքում Հ. Վարդանյանը եւ Մ.Բարսեղյանը ստացել են հրազենային վիրավորումներ:
Կ.Պողոսյանը իր ա/մ-ով Հ.Վարդանյանին տեղափոխել է «Գորիս» Բ/Կ, իսկ Մ.Բարսեղյանը նշված բուժհաստատություն է տեղափոխվել Ն.Մնացականյանի ուղեկցությամբ:
Կարդացեք նաև
Դեպքի առթիվ հուլիսի 14-ին ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդ., ՀՀ քր. օր.-ի 258 հոդ. 4-րդ մասի եւ ՀՀ քր.օր.-ի 235 հոդ. 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է 32102021 քր.գործը:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքին մասնակից անձանց, հանցագործության գործիք հանդիսացող ապօրինի պահվող հրազենը հայտնաբերելու եւ նախաքննական մարմին ներկայացնելու համար:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ