Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բերման ենթարկողները պետք է պատճառաբանեն ու հիմքեր ներկայացնեն, թե ինչու են ուժ կիրառել կամ չեն կիրառել. Միքայել Համբարձումյան. «Հրապարակ»

Հուլիս 16,2021 11:39

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը երեկ անդրադարձել էր ԱԱԾ «Ալֆա» ջոկատի կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների ձերբակալությանը։ Բերման էին ենթարկվել այդ նույն «Ալֆայի» ստեղծման ակունքներում կանգնած ԱԱԾ փոխգնդապետ, «Չիկո» ծածկանունով Արամ Գասպարյանը եւ անվտանգության մայոր, Խորհրդային Միության սպորտի վարպետ, «Շուկ» ծածկանունով հայտնի Տիգրան Ներսիսյանը։ Միությունն «ուշի-ուշով հետեւելու է զարգացումներին, քանզի չեն կարող անհաղորդ մնալ կյանքի լավագույն տարիները երկրին նվիրած գործընկերների ճակատագրի նկատմամբ», եւ հնարավոր ամեն ինչ անելու են գործընթացը քաղաքական շարժառիթներով հետապնդումներից ու շահարկումներից զերծ պահելու համար։

ԱԱԾ պահեստազորի սպաների միության անդամ, ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են դա անելու, պայքարի ի՞նչ գործիքակազմ ունեն։

«Բարձրաձայնելու ենք էն խնդիրները, որը կտեսնենք»,- ասաց նա։

– Ես հասկանում եմ, որ օրենքի առջեւ բոլորը հավասար են, բայց զուտ բարոյական առումով ԱԱԾ-ում կա՞ր կոդեքս, վերաբերմունք, որ եթե համակարգի աշխատակից է, նրան մի փոքր այլ կերպ վերաբերվեն։

– Ես քո հարցին ուղիղ պատասխանեմ, որ պատկերացնես․ ես ԱԱԾ քննիչ աշխատելու ժամանակ առիթ եմ ունեցել տեսնելու, թե ինչպես է մի քննիչը ձերբակալում մի ուրիշ քննիչի, երբ նրա վերաբերյալ կոնկրետ հանցագործության հետ կապված տվյալներ են եղել։ Այսինքն՝ այն, որ ԱԱԾ աշխատակիցներն իրար հանդեպ սոլիդար պետք է լինեն, ու ոչ ոք ոչ մեկի նկատմամբ գործողություն պիտի չանի, էդպես չէ։ Գոյություն ունի ներքին անվտանգություն, գոյություն ունի ինսպեկցիա՝ ԱԱԾ կազմում, որոնք զբաղվում են հենց ԱԱԾ աշխատակիցների կողմից կատարված հանցագործության դեպքերով։ Եվ եթե էդպիսի տվյալներ են ստացվում, ոչ ոք դա չի կոծկի։ Եվ ես գտնում եմ, որ սխալ է, եթե հանկարծ էդպիսի մոտեցում լինի։

– Մի փոքր տարբերություն, սակայն, մենք նկատեցինք, որ ԱԱԾ 2 նախկին աշխատակիցներին բերման ենթարկելիս բռնության չեն դիմել, մինչդեռ Գորիսի ու Մեղրիի քաղաքապետերին հատուկ գետնին պառկեցրել ու նկարահանել են։ Կարո՞ղ է սա ԱԱԾ աշխատակիցների սոլիդարության մասին է հենց խոսում։

– Ամեն մի ուժի կիրառման փաստն ունի իր հիմնավորումներն ու պատճառները։ Ես հիմա չեմ կարող ասել՝ ինչ հանգամանքներում են մյուսներին բերել, ես չեմ կարող ասել՝ ինչ իրավիճակ է ստեղծվել, որ մյուսների նկատմամբ ուժ են կիրառել, իսկ մեր տղաների նկատմամբ՝ ոչ։ Ես միայն կարող եմ ողջունել, որ տղերքի նկատմամբ ուժ չի գործադրվել։ Դա էլ, նորից կրկնում եմ՝ բերման ենթարկողները պետք է պատճառաբանեն ու հիմքեր ներկայացնեն, թե ինչու են կիրառել կամ չեն կիրառել։

– Կարծում եմ՝ ակնհայտ է, թե ինչու՝ համայնքապետերը հայհոյել էին Փաշինյանին, իսկ ձեր տղաները չէին հայհոյել, դրա համար իրենց չեն պառկեցրել ասֆալտին։

– Չեմ կարող բացառել, ոչ էլ հաստատել, ամեն իրավիճակ պետք է իր փաստացի հանգամանքներով նայես ու գնահատես։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031