Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր Արցախի «խաղաղ զարգացումը»

Հուլիս 16,2021 10:00

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ: Մանդատը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից», – կառավարության վերջին նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ճիշտն ասած, ինձ թվում է, այս դեպքում վարչապետի պաշտոնակատարը համեստություն է արել: Իշխանությանը ձայն տված քաղաքացիները մանդատ են տվել Փաշինյանին՝ անելու այն, ինչ ինքն է ծրագրում՝ կատարելով, առաջին հերթին, ուղղակիորեն Ռուսաստանի, իսկ միջնորդավորված ձեւով՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կամքը: Ինչո՞ւ եմ ես այդպես կարծում. որովհետեւ այդ քաղաքացիները հավանություն են տվել այն գործողություններին, որոնք իշխանություններն արդեն իսկ իրականացրել են Հայաստանի եւ Արցախի հանդեպ՝ այդքանից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» «քարթ-բլանշ» է ստացել անելու ցանկացած քայլ՝ ընդհուպ մինչեւ Հայաստանն այլ երկրի կազմում ներառելը: Միեւնույն է, եթե անգամ ինչ-որ վատ բան պատահի, դրանում մեղավոր են լինելու «նախկինները»: Դա չափազանցություն չէ. վերջերս ոռոգման ջրից զրկված գյուղացիներից մեկն ինձ հավաստիացնում էր, ու «Քոչարյանը զանգել, ասել է, որ ջրերն անջատեն»:

Բայց ենթադրենք, որ այս իշխանությունն իսկապես մանդատ ունի Արցախի խաղաղ զարգացման: Հարց է առաջանում՝ ո՞ր Արցախի. մինչեւ 2020 թվականի պատերազմը գոյություն ունեցող Արցախի Հանրապետությա՞ն, նախկին ԼՂԻՄ-ի՞, թե՞ 3,3 հազար քառակուսի կիլոմետր տարածքի, որը մնացել է Արցախից եւ որը գոյություն ունի բացառապես ռուս խաղաղապահների շնորհիվ: Պարզ է, որ Փաշինյանի ընտրազանգվածին, որը հավատում է իրեն հրամցվող ամեն մի առասպելի, այդ հարցը չի հետաքրքրում: Բայց պետության հեռանկարի տեսանկյունից այդ հարցը համաձայնվեք, իմաստալից է: Իշխանությունը պետք է ազնվորեն խոստովանի, որ փորձելու է հայկական պահպանել Արցախից մնացած հատվածը՝ ռուս խաղաղապահների միջոցով ապահովելով մարդկանց անվտանգությունը: Պետք է «դուխ ունենա»՝ ասելու, որ մնացածից մենք պիտի ձեռ քաշենք:

Կրկնեմ, քաղաքացիների մեծամասնությանն այդ խոստովանությունը չի հուզի, բայց Հայաստանում մտածող մարդկանց, ինչպես նաեւ միջազգային հանրությանն այդ դեպքում պարզ կդառնա, թե ինչ են մեր իշխանություններն ուզում: Կամ՝ եթե վիճակն ավելի վատն է, Փաշինյանը պետք է ասի, որ Արցախի մնացած մասն էլ հնարավոր չէ պահել, եւ Հայաստանի «խաղաղ զարգացման» միակ գրավականը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» ճանաչումն է: (Ինչում ես, ի դեպ, կասկածում եմ):

Մի խոսքով, հետագայի համար պետք կլինի հստակություն: Ոչ թե բառերի ծխածածկույթ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ruben says:

    «…երբ թուրքերը հասան Ալեքսանդրապոլի մատույցներ, տեղի բոլշևիկյան հեղափոխական կոմիտեն, օրիորդ Նուշիկ Զավարյանի առաջնորդությամբ դիմավորեց թուրքերին հետևյալ խոսքերով՝ «Ողջու՛յն թուրք ազատարար բանակին, որ գալիս է ազատելու մեզ դաշնակցականների դժոխքից»։
    Նուշիկ Զավարյանը, ծնվել է Լոռու մարզի Իկահատ, այնուհետ Դանուշավան դարձած, այսօր՝ Այգեհատ գյուղում։ Նա եղել է ՀՅԴ հիմնադիրներից Սիմոն Զավարյանի հարազատ քույրը։
    Բաքվում ձևավորված հեղափոխական կոմիտեն Սարգիս Կասյանի գլխավորությամբ Հայաստան մտավ Աղստաֆայից և Քարվանսարայում, այսօր՝ Իջևան, հռչակեց խորհրդային կարգեր։
    Ի՞նչը փոխվեց:
    Ներկաներին, Նիկոլայ Վլադիմիրովիչի գլխավորուոթյամբ, մնում է դիմավորել թուրքերին հետևյալ՝ «Ողջու՛յն թուրք ազատարար բանակին, որ գալիս է ազատելու մեզ նախկինների դժոխքից» խոսքերով ու ստորագրել Քարվանսարայի/Իջևանի պայմանագիր:
    Ի՞նչ հայ ազատագրական բանակը, ի՞նչ պետություն, ի՞նչ ազգ, ի՞նչ կյանք …

  2. Նարեկ says:

    Այս իշխանության ներկայացուցիչները ասում են, հիմա նոր հնարավորություններ են բացվել: Այո բացվել են, կարելի է Սասուն, Մուշ ու վանը հայկական հող է երգի նման գրել Հադրութն ու Շուշին հայկական հող է: Պատկերացնում եք ինչ հնարավորություն է:

  3. Armen says:

    Հետաքրքիր տրամաբանություն է, այսինքն ժողովուրդի կողմից փրկիչներին(Քոչարյանին) ընտրելու դեպքում, վերջիններս պետք է ընդդիմանայի՞ն Ռուսաստանին, իրո՞ք:

  4. Ալֆրեդ says:

    նիկոլին ընտրողների մեծ մասը նրան ընտրել են որ նստեցնի Քոչարյանին ու Սերժին: Նույնիսկ պատերազմից հետո նրանց դժգոհությունը նիկոլից միայն դա էր, որ չի նստեցնում Քոչարյանին ու Սերժին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031