Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Խաչատրյան. «Ես, որպես քաղաքացի եւ պատգամավոր, Ալիեւի մոտ նկատում եմ հոգեխանգարման երեւույթներ». «Հայկական ժամանակ»

Հուլիս 16,2021 09:30

Ալիեւի սպառնալիքների շուրջ զրուցեցինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի հետ.

– Վստահաբար տեղյակ եք, որ Ալիեւը կրկին հայտարարել է Զանգեզուրի նկատմամբ հավակնությունների մասին, ասել է՝ Սեւանը մեր հողն է, Երեւանը մեր հողն է, մենք վերադառնալու ենք: Ինչո՞վ եք պայմանավորում այս հռետորաբանությանը վերադարձը:

– Ես, որպես քաղաքացի եւ պատգամավոր, Ալիեւի մոտ նկատում եմ հոգեխանգարման երեւույթներ: Նման հայտարարություններ անելով նա երեւի փորձում է վախի, ապակայունացնող մթնոլորտ ստեղծել ՀՀ-ում եւ ասեմ, որ որոշ ժամանակ անց դա նրան ինչ-որ կերպ հաջողվում է: Կարծում եմ, այդպիսի հայտարարությունները հետագա բանակցային գործընթացի վրա ազդելու փորձ են: Նա փորձում է իր դիրքերը ավելի ամրապնդել, որպեսզի կարողանա դիվանագիտական պրոցեսում ավելի բարձր դիրքերից խոսել, պատերազմում կրած իր հաջողությունների հետ մեկտեղ նաեւ ավելացնի այս սպառնալիքները, որպեսզի ավելի մեծ հաջողություններ ունենա:

Բայց իհարկե Ալիեւի հայտարարությունները ուղղակի հարիր չեն որեւէ երկրի նորմալ առաջնորդի: Այս ամենին պետք է գնահատական տան միջազգային կառույցները եւ պետությունները, որովհետեւ սա ուղղակի սադրանք է եւ Հայաստանի Հանրապետությանն ուղղված ագրեսիայի սպառնալիք:

– Կարո՞ղ է այդ սպառնալիքը վերածվել պատերազմի, թեեւ Ալիեւը խոսում է նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին՝ ասելով, որ Հայաստանը չի համաձայնում դրան:

– Այս պահի դրությամբ չեմ կարծում, որ պատերազմի վտանգ կա, բայց սադրանքներ կարող են լինել, տեղային, սահմանային միջադեպեր կարող են հրահրվել. Ադրբեջանի ձեռագիրն է եւ չեմ բացառում այդպիսի դեպքերը, բայց պատերազմի վտանգ չեմ տեսնում: Սա չի նշանակում, որ մենք ինտենսիվ չպետք է պատրաստենք մեր բանակը այնպիսի վիճակի, որ ցանկացած իրավիճակում հնարավորություն ունենա հակազդել թշնամուն. ամեն դեպքում մենք պատրաստ պետք է լինենք ամեն ինչի՝ ե՛ւ պատերազմական գործողությունների, ե՛ւ հակազդելուն, ե՛ւ մեր սահմանների անվտանգությունը ապահովելուն: Այս ուղղությամբ բանակում շատ անելիք կա, ես կարծում եմ բանակում պետք է հստակ միջոցառումներ, մեծածավալ բարեփոխումներ իրականացվեն, որպեսզի մենք կարողանանք այսօրվա մեր առջեւ դրված խնդիրները լուծելի դարձնել:

– Պարոն Խաչատրյան, Ալիեւն ասում է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կարգավիճակի հարց այլեւս չկա: Մենք պահանջում ենք բանակցություններ՝ այս հարցով: Ինչպե՞ս ենք պատկերացնում նրա հետ բանակցային սեղան վերադառնալը:

– Շատ բան կա բանակցելու՝ սկսած գերիների վերադարձից, վերջացրած տեղային ներխուժումների խնդրից, որ այլեւս նման բան չանեն: Եվ իհարկե, գլխավոր հարցը, հարցերի հարցը Արցախի կարգավիճակի հարցն է: Վաղ թե ուշ պետք է կարգավիճակ տրվի Արցախին, Արցախի անկախությունը պետք է ճանաչվի. դա միակ երաշխիքն է Արցախի, Արցախի բնակչության անվտանգության: Կարծում եմ, որ այս ուղղությամբ առաջիկայում գործուն միջոցներ կձեռնարկվեն, այլ տարբերակ չկա:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031