«Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունը հարց է ուղղել պետքարտուղարություն այն մասին, թե ինչով է պայմանավորված ԱՄՆ դեսպանի հրաժարումն այցից, ու թե արդյոք եղել է համաձայնություն այս առիթով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջև
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցին՝ կապված Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի և դրա շրջակա տարածքներ Բաքվում հավատարմագրված մի խումբ դեսպանների ու դիվանագետների կողմից վերջերս իրականացված ուղեւորության հետ: Ուղևորությունը կազմակերպել էր պաշտոնական Բաքուն, որին չեն մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի դեսպանները: Ի պատասխան հարցի, թե ինչով է պայմանավորված ԱՄՆ-ի դեսպանի հրաժարումն այցից ու եղել է արդյոք որևէ համաձայնություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջև հրավերը մերժելու հարցում, ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունը պատասխանել է.
«Մենք չենք մեկնաբանում դեսպանի ժամանակացույցի հետ կապված մանրամասները կամ այն պատճառները, թե ինչու է նա մասնակցել կամ չի մասնակցել որևէ միջոցառման: Մենք հասկանում ենք, որ Բաքվում առկա են բազմաթիվ դիվանագիտական առաքելություններ, որոնք ի վիճակի չեն եղել մասնակցել ուրբաթօրյա այցելությանը Ֆիզուլի և Շուշա: Մենք չենք մեկնաբանում Ֆրանսիայի կամ Ռուսաստանի դեսպանների ժամանակացույցի վերաբերյալ մանրամասները: Կխնդրենք, որ դիմեք Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանություններ` իրենց դեսպանների վերաբերյալ մանրամասների համար»:
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ