Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռուպցիայի դեմ պայքարի գործող մոդելն արդյունավետ չէ»

Հուլիս 16,2021 13:30

Ի՞նչը կարող է զսպել եւ նվազեցնել վարչական մարմինների կողմից կոռուպցիոն դրսեւորումները: Կոռուպցիայի դեմ պայքարի, հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման, ինչպես նաեւ նոր քրեական դատավարության օրենսգրքի եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Միքայել Ահարոնյանի հետ:

– Տարիներ առաջ հենց դատախազության կողմից խոսվում էր, որ կոռուպցիայի ամենատարածված ձեւը վարչական կոռուպցիան է, մասնավորապես՝ նշվում էր, որ վարչական կոռուպցիայում ընդգրկված են ստորին եւ միջին պաշտոնատար անձինք: Արհեստականորեն ստեղծվում էր բյուրոկրատական քաշքշուկներ, իսկ այդ ամենը շրջանցելու ուղին՝ քաղաքացիներից գումարների շորթումն էր: Կոռուպցիայի դեմ վերջին տարիներին «անզիջում պայքարը», ի վերջո, տվե՞ց արդյունք:

– Կոռուպցիան իր էությամբ հավաքական երեւույթ է, որի դրսեւորումները թե՛ վարչական եւ թե՛ քրեական տիրույթում քողարկված կամ այլ կերպ ասած՝ լատենտային բնույթ ունեն։

Անդրադառնալով հարցի բուն էությանը, նշեմ, որ ըստ իս, կոռուպցիոն բնույթի իրավախախտումների դեմ անզիջում պայքարը պետք է մղել ամեն օր ու ամեն ժամ։

Եկեք սկզբում խոսենք թվերով։ Ըստ մեր երկրի գլխավոր դատախազի տարեկան հաղորդման՝ 2019 թվականի համեմատ 2020 թվականին 273-ով կամ 13,1 տոկոսով նվազել է կոռուպցիոն բնույթի դեպքերով ՀՀ իրավասու մարմինների վարույթում նախապատրաստված նյութերի քանակը, իսկ հարուցված քրեական գործերի քանակը նվազել է 11,9 տոկոսով կամ 167-ով։

Խոսելով վարչական ոլորտում ենթադրյալ կոռուպցիոն դրսեւորումներից, հարկ եմ համարում նշել, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով վարչական պատասխանատվություն է նախատեսվում մի շարք ոլորտներում իրավախախտում կատարելու համար։ Օրինակ՝ սեփականության հարցերը, շրջակա միջավայրը, տրանսպորտը, հասարակական կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումները, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտումները, վարչական իրավախախտումներ արդարադատության իրականացման բնագավառում, վարչական իրավախախտումներ զինվորական հաշվառման բնագավառում եւ այլն, եւ այլն։

Այս մեջբերված իրավախախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկում են նույն օրենսգրքով սահմանված լիազորված մարմինները՝ ոստիկանությունը, վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինները, արդարադատության նախարարության մարմինները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով դրա համար լիազորված այլ մարմիններ (պաշտոնատար անձինք):

Ընդհանուր առմամբ, ուսումնասիրելով այս մարմինների գործունեության արդյունքները, հանգում ենք այն եզրակացության, որ վերջիններիս կողմից ձեռնարկված օպերատիվ-համալիր միջոցառումները միտված են վարչական իրավահարաբերություններում կոռուպցիոն դեպքերի ինչ-որ առումով նվազման։

Հարկ եմ համարում ընդգծել նաեւ, որ կոռուպցիան ունի բազմաթիվ դրսեւորումներ, դրանք անընդհատ ձեւափոխվում ու փոփոխվում են, կատարելագործվում են, ու այս պայմաններում նրա դեմ պայքարն արդյունավետ կլինի, իմ կարծիքով, հենց քաղաքացիական հասարակական տարբեր ինստիտուտների ու քաղաքացիների, բնակչության ակտիվ աջակցության դեպքում միայն: Այս ընթացքում բացահայտված կոռուպցիայի դեպքերը չեն կարող հիմնովին փոխել իրավիճակը։

Հաճելիորեն զարմացած եմ, որ այսօր քաղաքացիները տարբեր գործարքներ կատարելիս սկսել են առավել հաճախ դիմել փաստաբանին՝ խնդիրը իրավաբանորեն ճիշտ լուծելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այս հանգամանքը կարծում եմ պետք է զսպի եւ նվազեցնի վարչական մարմինների կողմից կոռուպցիոն դրսեւորումները։

Գիտեք, իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպող արտահայտություն է դարձել «կաշառակերություն» եզրույթի օգտագործումը։ Այն, իհարկե, սերտորեն կապված է կոռուպցիայի առավել տարածված եւ վտանգավոր դրսեւորումներից գեթ մեկը բնութագրելու հետ։ Մեր երկրում գործող քրեական օրենսդրությունը պատասխանատվություն է սահմանում, այսպես ասած, կաշառակերության մաս կազմող փոխկապակցված տարբեր արարքների՝ կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի միջնորդության համար։ Հասկանալի է, որ հիշատակածս գործընթացի բոլոր մասնակիցները հենց իրենց սեփական շահն են հետապնդում եւ խիստ շահագրգռված են գործարքն արդյունավետ ավարտին հասցնելու համար եւ բնականաբար ամեն ինչ անում են, որպեսզի գործընթացն ուղեկցվի խիստ գաղտնիության պայմաններում։

– Աշխարհում գործող կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության իրականացմանն ուղղված երեք մոդել է գործում՝ ունիվերսալ, որը ներառում է ե՛ւ կանխարգելում, ե՛ւ հետաքննություն, իրավակիրառ՝ այն ավելի շատ հետաքննող մոդել է, եւ երրորդը՝ կանխարգելիչ: Հայաստանի պարագայում ի՞նչ մոդել է գործում:

– Հայկական իրականությունում կոռուպցիոն դեպքերի բացահայտման մի քանի ուղի կա, այդ թվում՝ հանցագործության մասին հաղորդում, քրեական գործի նյութերով առերեւույթ նոր կոռուպցիոն բնույթի հանցագործության բացահայտում, ԶԼՄ-ների հաղորդում։ Ինչպես երեւում է նշված ուղիներից՝ ՀՀ իրավասու մարմինները միջոցներ են ձեռնարկում թե՛ կոռուպցիոն բնույթի իրավախախտումների կանխարգելման, թե բացահայտման մասով, որը հանգեցնում է իրավական պատժողականությանը։

Նշված հարցի տրամաբանության լույսի ներքո, նշեմ, որ մեր երկրում առավել արտահայտված է ունիվերսալ մոդելը։

– Խոսելով արդյունավետությունից՝ հաջողե՞լ ենք: Այս ունիվերսալ մոդելը թույլ տվե՞ց նվազեցնել կոռուպցիոն դրսեւորումները:

– Մեր երկիրը հակակոռուպցիոն քաղաքականության զարգացման եւ միջազգային պարտավորությունների իրագործման շատ թույլ մակարդակի վրա չէ։ Այսուհանդերձ, հակակոռուպցիոն բարեփոխումների արագությունը եւ ընթացքը անբավարար գնահատել չի կարելի։ Մի կողմից կառավարությունը պետք է որդեգրի կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամք, մյուս կողմից՝ հանրությունը պետք է այս երեւույթի նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողականություն դրսեւորի։ Իմ պատկերացմամբ, իշխանությունները կենտրոնացել են ինստիտուցիոնալ եւ օրենսդրական հակակոռուպցիոն շրջանակների ձեւավորման վրա՝ առանց հիմնովին անդրադառնալու ուրվագծվող քաղաքականության իրականացմանը։

Այն մոդելը, որն այսօր մենք ունենք, չեմ կարող ասել, որ արդյունավետ է։ Ըստ իս, դա է պատճառը, որ ՀՀ կառավարությունը ձեռնամուխ եղավ ստեղծելու Հակակոռուպցիոն կոմիտեն։ Ուստիեւ այս տրամաբանությամբ դատախազությունում կստեղծի առանձնացված ստորաբաժանում՝ հենց այս մարմնի գործերի դատավարական ղեկավարումն իրականացնելու նպատակով, եւ ամենակարեւորը՝ կստեղծվի առանձին մասնագիտացված դատարան՝ կոռուպցիոն բնույթի ենթադրյալ հանցագործությունները ըստ էության քննելու համար։

– Ձեր խոսքում անդրադարձաք Հակակոռուցպիոն կոմիտեի ստեղծմանը՝ հակակոռուպցիոն մեկ մարմնի ստեղծումը բացառո՞ւմ է հենց նույն կառույցում կոռուպցիայի ձեւավորման ռիսկերը:

– Ոչինչ բացառել պետք չէ։ Եթե մտածենք կոռուպցիոն ռիսկերի ձեւավորման կանխավարկածով, ուրեմն ոչինչ պետք է չանենք։ Դա կլինի ապագային ուղղված գնահատական, որը այս պահին տալ չեմ ցանկանում։

– Այս պարագայում՝ քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործունեության մեկտեղումը օբյեկտիվ քննություն կապահովի՞:

– Իհարկե, ես լիովին համամիտ եմ հետաքննության եւ նախաքննության իրականացմանը՝ մեկ կառույցում։ Ինչպես արդեն նշեցի՝ կոռուպցիան լատենտային է, քողարկված բնույթ ունի եւ դրա դեմ պայքարը պետք է լայնածավալ լինի։

Եթե Հակակոռուպցիոն կոմիտեն օժտված լինի միայն նախաքննություն իրականացնելով, ապա արդյունքը մեծ լինել չի կարող։ Այսօր կան քննչական մարմիններ, որոնք շարունակում են քննել կոռուպցիոն բնույթի գործեր՝ իրենց հարկի տակ չունենալով հետաքննական մարմին։ Բացառություն կարող են լինել միայն ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն։

Այս կառույցի առանձնահատկությունը կայանում է հենց նրանում, որ թե՛ հետաքննությունը եւ թե՛ նախաքննությունը իրականացվում է մեկ հարկի տակ, որը ենթադրում է առավել մեծ լծակներ՝ իրենց առջեւ դրված խնդիրները լուծելու համար։

Տեսնում եմ միտում, որ մեր բնակչության դեռեւս միայն մի մասը փորձում է իր խնդիրները լուծել ոչ թե զարտուղի ճանապարհներով, այլ փաստաբանի ուղեկցությամբ իրավական ճանապարհով, որն, իհարկե, ողջունելի է։

– Բազմաչարչար Քրեական դատավարության նոր օրենսգիրքն օրերս ընդունվեց, կխնդրեմ փոքր-ինչ ներկայացնեք փոփոխությունների փաթեթը:

– Նոր քրեական դատավարության օրենսգիրքը ինստիտուցիոնալ էական փոփոխություններ է կրել։ Ցանկանում եմ նշել, որ նոր թե՛ քրեական օրենսգիրքը, թե՛ քրեական դատավարության օրենսգիրքը նպատակ ունեն լավագույնս ապահովել անձի դատավարական իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ քրեական պատասխանատվության ենթարկված անձի վերասոցիալացումը եւ նրա բարեհաջող մուտքը կրկին հասարակական կյանք։

Այս նպատակը չի բացառում անձի պատասխանատվությունը ցանկացած, այդ թվում՝ կոռուպցիոն բնույթի իրավախախտման համար պատասխանատվությունը օրենքի ամբողջ խստությամբ կրելուց։

Ամփոփելով՝ ցանկանում եմ նշել, որ քրեական ոլորտը կարգավորող նոր օրենսդրությունը պատիժը օգտագործում է ոչ թե իբրեւ վերջնարդյունք, այլ օգտագործում է, այսպես ասած, անձի սոցիալական «վերակենդանացումը» ապահովելու համար։

Էլեն ԱՌԱՔԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031