Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Երիտասարդական օպերային ծրագրի (գեղարվեստական ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) մեներգիչների եւ հրավիրված մեկ-երկու օպերային ձայների մասնակցությամբ «Օպերային խճանկար» խորագրով երեկոն, որտեղ ներկայացված էին բեմականացված հատվածներ համաշխարհային օպերային գրականության տարբեր ստեղծագործություններից, գտնվում է հանդիսատեսի եւ մասնագետների խոսակցությունների առանցքում։ Թեման թատերային դիմահարդարումը եւ շքեղ զգեստներն են։
«Առավոտը» թեեւ ներկա չի գտնվել համերգին, բայց ժամանակին (09.19.2019թ.) հրապարակած «Ինչպես թատերային դիմահարդարումը Հայաստանում էլ վերածել լուրջ մասնագիտության» հոդվածում անդրադարձել է խնդրին, նշելով թատրոնի մարդկանց մտահոգությունը, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի գրեթե բոլոր թատրոններում նկատվում է թատերական գրիմից, կեղծամներից, երբեմն նաեւ բեմական հագուստից խուսափելու միտում։
Որպես պատճառ մեր զրուցակիցները նշել էին, թե մեր օրերում դիմահարդարում-կեղծամ հանդերձանքին հաճախ փոխարինում են բեմական սարքավորումների տեխնոլոգիական ֆանտաստիկ նվաճումները, որտեղ հին բեմական ձեւավորումները իսկապես կարող են խղճուկ տեսք ստանալ նոր տեխնոլոգիաների անսահման հնարավորությունների համեմատ։ Արդյունքում բազում թատրոններ ու բեմադրիչներ հենվում են իբր ժամանակակից մոտեցումների վրա եւ բեմադրում են ներկայացումներ, որտեղ ոչ գրիմ կա, ոչ կեղծամ, ոչ էլ բեմական զգեստ ու շատ անգամ՝ բեմի ձեւավորում։ Մեր զրուցակիցների որակմամբ՝ համատարած խեղճությունը ներկայացվում է իբր ժամանակակից մոտեցում, իրականում ֆինանսական եւ ստեղծագործական անկարողությունը փորձելով ծածկել կոնցեպտուալ մոտեցման քողով։
Մինչ «Օպերային խճանկար» երեկոյին անդրադառնալը, մեզ հետ զրույցում ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը հայտնեց, որ եղել են ժամանակներ, երբ մեր թատրոններում Լենինի, Ստալինի, Միկոյանի, Օրջոնիկիձեի, ինչպես նաեւ հունական, եվրոպական առաջնորդների կերպարներով հանդես եկող հանրահայտ ու սիրված դերասաններ Վաղարշ Վաղարշյանին (Լենին), Գուրգեն Ջանիբեկյանին (Ստալին), Բաբկեն Ներսիսյանին (Նապոլեոն, Լենին) եւ մյուսներին հանդիսատեսը դժվարությամբ էր «տեղը բերում»՝ շնորհիվ պրոֆեսիոնալ գրիմյորների աշխատանքի։ Պարոն Առաքելյանը մտաբերեց Սունդուկյանի թատրոնի գրիմյոր տիկին Մառլենին, տիկին Ռիմային, որ 4-5 ժամ աշխատելով կարողանում էին մեկին մեկ ստանալ պահանջվող կերպարը։
«Իսկ, օրինակ, մեծն Փափազյանը ինքն էր իր գրիմն անում, այդ թվում՝ Օթելլոյի։ Մասնագետին մնում էր ընդամենը վրայից անցնել։ Ունեցել ենք դերասաններ, որոնք հիանալի գրիմյորներ էին, այդ թվում՝ Վանաձորի թատրոնից Արթուր Բաբայանը, որը ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանից «սարքում» էր իսկական Լենին կամ վաստակավոր արտիստ Հակոբ Բադալյանը, որը նույնպես հիանալի գրիմյոր էր։ Գիտե՞ք, գրիմյորները ժամանակին մեկնում էին Մոսկվա, մասնակցում հատուկ դասընթացների։ Ախր, պետք է մեր ինստիտուտում, նույնիսկ չգիտեմ ինչպես ասել՝ վերաբացե՞լ, թե՞ հիմնել հատուկ դիմահարդարման դասընթաց։ Ժամանակին հենց Արթուր Բաբայանը դասավանդում էր ինստիտուտում։ Վերջերս իմ կողմից շատ հարգված դերասաններից մեկը Ստալին էր խաղում, բայց նա, քանի որ զուգահեռ նկարահանվում էր ինչ-որ ֆիլմում, չէր կարող սափրվել ու եկավ, բեմ բարձրացավ, հենց «փրչոտ» Ստալին խաղաց, եւ ոչ մեկը ձայն չհանեց»,- ասաց մեր զրուցակիցը։
Իսկ հիմա անդրադառնանք «Օպերային խճանկարին», որտեղ ներկայացվեցին բեմականացված հատվածներ Բելինիի «Նորմա», «Պուրիտաններ», Պուչինիի «Մանոն Լեսկո», «Բոհեմ», «Տուրանդոտ», Լեոնկավալոյի «Պայացներ», Սեն-Սանսի «Սամսոն եւ Դալիլա», Գունոյի «Ֆաուստ» եւ Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերաներից։ Երիտասարդական ծրագրի 12 մեներգիչներից բացի, հրավիրված էին նաեւ այս ծրագրի առաջին կազմից «շրջանավարտ» մեցցո սոպրանո Սոֆյա Թումանյանը, որը հաջող կարիերա է անում նաեւ արտերկրում, օպերային թատրոնի մեներգիչ, տենոր Գրիգոր Աբրահամյանը, ճանաչված դերասան, երգահան, Լեւոն Ջավադյանի որակմամբ՝ փայլուն բաս Ռիչարդ Մադլենյանը։ Մենք քանիցս անդրադարձել ենք Երիտասարդական ծրագրի հիանալի ձայներին, որոնցից շատերը դափնիներ են շահել միջազգային տարբեր մրցույթներում, ոմանք էլ, այդ թվում՝ սոպրանոներ Սիլվա Պետրոսյանը, Նունե Գրիգորյանը, Անուշ Մարտիրոսյանը, տենորներ Տիգրան Հակոբյանը, Տիգրան Մելքոնյանը, բարիտոն Նավասարդ Հակոբյանը հանդես են եկել թատրոնի օպերային եւ բալետային ներկայացումներում, այդ թվում՝ Չուխաջյանի «Կարինե», Լեոնկավալոյի «Պայացներ», Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս», Մասնեի «Մանոն», Շորի «Բյուրեղապակյա դղյակ», Խաչատրյանի «Դիմակահանդես»։
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում Լեւոն Ջավադյանը հիշեցրեց, որ 2018թ. տարբեր օպերաներից՝ Վերդիի «Ռիգոլետտո», Մոցարտի «Այդպես են վարվում բոլոր կանայք», Պուչինիի «Բոհեմ», Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» եւ «Կարինե-կոկտեյլ», հատվածներ են ներկայացրել ծրագրի մեներգիչները՝ ճանաչված օպերային տենորներ Հովհաննես Այվազյանի եւ Լիպարիտ Ավետիսյանի ընկերակցությամբ։ Հարցին, թե՝ որտեղի՞ց նման ճոխ զգեստներ ու ովքե՞ր են դիմահարդարման հեղինակները, պարոն Ջավադյանը պատասխանեց. «Ամեն ինչ արված էր օպերային թատրոնի ուժերով։ Դիմահարդարներն էին Անահիտ Թորոսյանը, Մարիամ Ասատրյանը, Ռիմա Ավետիսյանը, Կարինե Ստեփանյանը եւ, իհարկե, ՀՀ վաստակավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանը։ Բեմականացումներն իրականացրել էին թատրոնի ռեժիսոր Մարինե Սարգսյանը, հրավիրել էինք Ժիրայր Բաբազյանին եւ կարիերան նոր-նոր սկսած Անահիտ Մանուկյանին, որին հրավիրել էինք թատերական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Լիլիթ Արզումանյանի խորհրդով։ Այդ օրը Լիույի դերերգով՝ «Տուրանդոտ» օպերայից, փայլեց մեր ծրագրի վոկալի խորհրդատու, սոպրանո, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանը։
Անկասկած, երեկոյի հաջողությանը նպաստեցին թատրոնի նվագախումբը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ եւ երգչախումբը (գլխավոր խմբավար՝ Հրաչ Բորյան)»։ Ինչ վերաբերում է հանդիսատեսի որակմամբ՝ շքեղ զգեստներին, մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ դրանք «պեղել» են թատրոնի զգեստապահարանից։ Ընդ որում, հենց այդ զգեստներով ժամանակին հանդես են եկել Գոհար Գասպարյանը, Հասմիկ Պապյանը, Էլլադա Չախոյանը, Գեղամ Գրիգորյանը եւ մեր մյուս անվանիները։ Մանրամասնելով էլ ասաց. «Ռոզինայի («Սեւիլյան սափրիչ») զգեստի աստառին գրված են Գոհար Գասպարյանի, Էլլադա Չախոյանի եւ Հասմիկ Պապյանի անունները։
Իսկ, օրինակ, Նորմայի զգեստը, որը կարված էր եղել Իրինա Զաքյանի համար, բայց երգչուհին այդպես էլ հանդես չէր եկել այդ դերերգով, շուրջ 20 տարի անց գտնվեց ու հանձնվեց երիտասարդ սոպրանո Օֆելյա Համբարձումյանին։ Ի դեպ, «Տուրանդոտի» զգեստները սիրով տրամադրեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը»։
Հետաքրքրությանը, թե՝ հնարավո՞ր է «Օպերային խճանկար»-ի կրկնությունը, Լեւոն Ջավադյանն ասաց, որ այն ըստ էության իրենց ծրագրի 5 տարվա հաշվետվության նման մի բան է եւ գալիք թատերաշրջանում անպայման կկրկնեն։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.07.2021