Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լռությունը համաձայնության նշան է…

Հուլիս 16,2021 12:00

Այն, ինչի մասին խոսվելու է սույն հոդվածում, իմ կողմից եւս շատ է բարձրաձայնվել, քանզի կարծում եմ՝ սույն ասելիքն այս օրերին երկրի, պետության, ժողովրդի համար ամենակարեւորն ու ամենահրատապն է եւ ճակատագրական նշանակություն ունի Հայաստանի ու նրա պետականության հետագա ճակատագրի համար:

Ուղիղ երկու ամիս առաջ՝ մայիսի 12-ին ադրբեջանցիներն անօրինական կերպով, առանց մեր կողմից որեւէ դիմադրության ներխուժեցին Սյունիքի մարզի Սեւ լճի տարածք, գրավեցին նրա մի հատվածը եւ մինչ այսօր հատվածաբար առաջանալով՝ զուգահեռաբար նաեւ կառուցելով դիրքերն ամրապնդող ենթակառուցվածքներ, օր օրի ավելացնում են իրենց թվաքանակը, գրավում նոր դիրքեր, որն էլ հստակ խոսում է լոկ այն մասին, որ նրանք հավանաբար մտադիր են մշտապես մնալու եւ պահպանելու այդ դիրքերը: Չնչին ժամանակ անց, նույն տարբերակով, օգտվելով նաեւ այն բանից, որ իրենց ներխուժումը Սեւ լճի տարածք որեւէ դիմադրության չարժանացավ, ադրբեջանցիները ներխուժեցին նաեւ Գեղարքունիքի մարզի Շորժայի տարածք եւ նույն ձեռագրով բույն դրեցին այդտեղ եւ մինչ այսօր պինդ տեղավորված են նաեւ այդ վայրում: Այս ներխուժումը եւս արժանացավ նույն ճակատագրին, այսինքն՝ հայերի կողմից դարձյալ որեւէ դիմադրության չարժանացավ:

Վստահաբար կարելի է ասել, որ վերջին գոնե 100 տարիների ընթացքում հայ ժողովուրդն ավելի զարմանալի բան չէր տեսել, քան մայիսի 12-ին տեղի ունեցածը, որն ի ցավ մեզ շարունակվում է առ այսօր, ավելին՝ իրավիճակը խոսում է այն մասին, որ դրա վերջը չի երեւում եւ դրա եւս որոշ ժամանակ նույն կերպ շարունակվելը զուտ մի բան է նշանակելու, որ այդ տարածքների վերջնական տերը փորձում են դառնալ իրենք: Իսկ ի՞նչ կնշանակի նման մոդելի կիրառումը նաեւ Հայաստանի այլ տարածքներում: Պատասխանը միակն է ու միարժեք. Հայաստանի մաս-մաս գրավում կամ հանձնում Ադրբեջանին…

Հայաստանում այսօր եւս կյանքն ընթանում է որոշակի առօրեական հունով, այլ խոսքով՝ ամեն ինչի մասին ասվում, խոսվում է, բացառությամբ մի հարցի. որեւէ ուժի կողմից որեւէ խոսք չի գնում ադրբեջանցիների կողմից՝ մայիսի 12-ից սկսած Հայաստանի տարածքների մաս-մաս բռնազավթման եւ ինչ-ինչ միջոցառումների գործարկման մասին: Մի՞թե Հայաստան երկիրն ու նրա ժողովուրդն արդեն հաշտվել են ստեղծված իրավիճակի հետ եւ քար լռությամբ սպասում են, թե հաջորդը Հայաստանի որ հատվածն է արժանանալու նման ճակատագրի: Փորձում եմ ու որեւէ կերպ չեմ հասկանում, թե ինչի է սպասում մեր ժողովուրդը. վախենո՞ւմ է, թե՞ կարծում է այս հարցը եւս պետք է լուծեն ասենք՝ Ռուսաստանը կամ այլ երկրներ, որ այսպես իներտ՝ հանգիստ սպասում են, կարծես թե մայիսի 12-ից մինչ այսօր Հայաստանում որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել: Հետաքրքիր է, եթե նրանք գան ու մի օր էլ Երեւանը գրավեն, նույն կերպ պետք է լռե՞նք ու ոչ մի քայլ չձեռնարկե՞նք… Չար բան եմ ասում, սակայն մայիսի 12-ից հետո մեր նման պահվածքը պարզորոշ վկայում է, որ հավանաբար հենց այդպես էլ կլինի եւ որեւէ քաղաքական ուժի կամ առհասարակ մեր ժողովրդի որեւէ այլ հատվածի կողմից բացի լռությունից, այլ բան չենք նկատի: Ցավոք, որքան փորձում եմ ստեղծված իրավիճակում որեւէ լուսավոր կետ տեսնել, չեմ տեսնում…

Հուսով եմ, որ անպայմանորեն գալու է այն օրը, երբ մենք հասկանալու ենք, թե մեր նման պահելաձեւով ինչ կործանարար ու անդառնալի սխալներ ենք թույլ տվել, հենց մայիսի 12-ին փորձ չանելով թշնամուն անմիջապես դուրս վռնդել մեր երկրի տարածքից, քանզի դա ոչ այլ ինչ է նշանակում, քան Արցախյան վերջին պատերազմում Արցախի տարածքի 75 տոկոսի կորստի՝ երբեւէ ետ վերադարձի վերաբերյալ տարաբնույթ հայտարարությունների սին լինելը: Եթե Հայաստանն Արցախի տարածքի 75 տոկոսի հանձնումից, 10 000-ից ավելի զոհերից, անհետ կորածներից, գերիներից անմիջապես հետո ամիսներ շարունակ հանդուրժում է նաեւ Հայաստանի որոշակի հատվածների գրավումը, որի շարունակական լինելու տենդենցը կարծես բավականին իրատեսական է, ապա ի՞նչ խոսք կարող է գնալ նույն ժողովրդի կողմից Արցախի արդեն կորցրած տարածքների երբեւէ ետ բերելուն ուղղված քայլերի իրատեսական լինելու վերաբերյալ: Կարծում եմ, մեր խայտառակ պարտությունից հետո, զուտ աշխարհի առջեւ արդարանալու համար, ընդամենը բարձրաձայնում ենք, որ մենք երբեք չենք հաշտվելու Արցախի մի հսկա հատվածի կորստի հետ եւ ամեն ինչ անելու ենք, որ պատեհ պահին փորձենք ետ բերել կորցրածը… Եկեք ինքներս մեզ խոստովանենք, որ դա բացարձակ անիրատեսական է, քանզի եթե մի ժողովուրդ հանդուրժում է իր երկրի տարածքների գրավումը եւ ոչ մի քայլ չձեռնարկելը, ապա այդ նույն ժողովուրդն ինչպե՞ս կարող է կամ ինչո՞ւ պետք է փորձի ետ բերել Արցախի կորցրած տարածքները…

Բանը հասել է այնտեղ, որ 12.07.2021թ.-ին Ալիեւը վստահորեն բարձրաձանում է, որ պետք է Սյունիքը եւ Գեղարքունիքը հանձնվեն Ադրբեջանին, քանզի իրենց 30 կմ-անոց տարածք է հարկավոր՝ Ադրբեջանական պետության բոլոր տարածքներն իրար կապելու համար… Կարծում եմ՝ դա էլ է հասկանալի, քանզի այսօր կարծես Ադրբեջանն է որոշում Հայաստանի տարածքների հարցը… Համենայնդեպս, մինչ Արցախյան վերջին պատերազմի սկիզբը որեւէ նորմալ մտածող հայ չէր կարող պատկերացնել, որ մենք այսքան թույլ ու վախկոտ ենք …
Բավ է, բերեք խախտենք մեր լուռ համաձայնությունը եւ րոպե առաջ փորձենք թշնամուց ազատագրել Հայաստանը…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
15.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031