Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եղել են հարձակումներ, որոնք հաղթանակել ենք Կարապետի շնորհիվ»

Հուլիս 16,2021 14:30

Կարապետ Անտոնյանը 6 տանկ է խոցել ու արժանացել սպայի կոչման

«2000 թվականի հուլիսի 9-ին ծնվեց Կարոս` մեր տան հպարտությունն ու պարծանքը, որը պետք է հզորանար ու հերոս դառնար։ Աշխարհի բոլոր խոսքերն ու բառերը քիչ են, որպեսզի նկարագրեմ Կարոյին։ Նա մի ուրիշ աշխարհ էր, նրա մասին կարելի է խոսել ժպիտով ու անվերջ հուշերով։ Աշխույժ բնավորության տեր մարդ էր, գեղեցիկ ժպիտ ուներ, ժպիտ, որը կարող էր քանդել ամենակարծր սիրտը։

Կյանքով լի էր, պայծառ, հանդուրժող, ներողամիտ ընկեր, ընկեր, որն ամեն վայրկյան կողքիդ էր, իր խոսքերով ու կատակներով մեղմացնում էր սրտիդ ցավը, իսկ ընկեր ընտրելիս ընտրում էր լավագույնից լավագույնին»,- «Առավոտ»-ի հետ զրույցում պատմում է 44 օրյա պատերազմում զոհված Կարապետ Անտոնյանի մայրը` Գոհար Անտոնյանը։

Կարապետը պատերազմի ընթացքում խոցելով 6 տանկ ստացել է սպայի կոչում։ Սովորել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանում։ 2019 թվականի հունվարի 17-ին զորակոչվել է բանակ ծառայության։ Լավագույն կերպով է կատարել ծառայությունը, 17 օր եղել է ռազմի դաշտում ու կենացմահու կռիվ տվել հակառակորդի դեմ։ Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 13-ին։

«Կարոս միշտ ինձ հետ է, ամեն վայրկյան ու հավերժ կմնա կողքիս։ Նա արդարություն էր ու իր արդար վաստակով պատերազմի ընթացքում ստացավ լեյտենանտի կոչում ու արժանացավ «Մարտական առաջին խաչ» շքանշանին»։

Կարապետի զինընկերը՝ Վահե Կյուրեղյանը մեզ հետ զրույցում կիսվեց իր եւ Կարոյի ծանոթության պատմություններով. «Կարոյի հետ ծանոթացել ենք ուսումնական գումարտակում ու միանգամից ընկերացել։ Կարոն իր բնավորությամբ տարբերվում էր բոլորից, ուժեղ ու միաժամանակ շատ բարի մարդ էր։ Նրա հետ հետո տեղափոխվեցինք դիրքային գումարտակ, նույն վաշտում էինք, հետո ինձ տեղափոխեցին, բայց Կարոն այնպես արեց, որ հետ գամ, նրա շնորհիվ եղա Ըթհ դասակի հրամանատարի տեղակալ։ Նա ոչ ոքի միջեւ տարբերություն չէր դնում, վաշտում միշտ հավասարություն էր տիրում։ Գումարտակում չկար մի մարդ, որը նրան չսիրեր, բոլորը հարգում էին նրա խոսքն ու լսում»։ Վահեի խոսքով` նա պարտական է Կարոյին իր կյանքի գնով, քանի որ, եթե Կարոն նրան չտեղափոխեր հետ իրենց վաշտ, ապա հավանական է, որ ինքը եւս զոհվեր. նախկին վաշտից շատ տղաներ էին զոհվել։ Կռվի սկսվելու ժամանակ Վահեն առաջնագծում էր, իսկ Կարոն մի փոքր հետ, որովհետեւ «ֆագոտ» զենքով էր կռվում` տանկեր խոցում։

«Առաջին իսկ օրերից տանկեր էր խփում, հարձակումներ են եղել, որոնք հաղթանակել ենք Կարոյի շնորհիվ։ Լայնածավալ հարձակումները լինում էին շատ տանկերով, մարտավարությունն այդպես էին կազմակերպում։ Երբ Կարոն մեզ հետ էր լինում` ոչ մի տանկ չէր կարողանում մոտ գալ։ Տանկերի գալուն պես մտածում էինք` շուտով մեր վրայով կանցնեն, բայց Կարոն կապի էր դուրս գալիս ու ասում, որ հիմա հրավառություն կտեսնենք, այդ պահին մեր գլխի վրայով իր հրթիռն էր անցնում, խոցում եղած բոլոր տանկերը։ Խելացի մարտավարություն ուներ` սկզբում խփում էր առաջին տանկին, հետո վերջինին, որ տանկերը մնային կանգնած ու այդպես բոլորը ոչնչացնում էր։ Նրա զոհվելու լուրը մեր գումարտակի հրամանատարը թաքցնում էր, որովհետեւ գիտակցում էր, թե դա ինչ ցավ կլիներ մեզ համար, Կարոն չափազանց կարեւոր մարդ էր մեր գումարտակում, նրա չլինելն արդեն հուսահատեցնում էր։ 2 օր հաջողվեց լուրը թաքցնել, որից հետո իմացանք ու պայքարն ավելի դժվարացավ»,-ասաց ընկերը:

«Կարոն շատ ուշադիր եղբայր էր։ Ես ունեմ շատ եղբայրներ, բայց Կարոն ինձ համար յուրահատուկ էր։ Ամեն անգամ զանգահարում էր, որ իմանար ինչպես եմ։ Կյանքումս Կարոյին փոխարինող եղբայր չի լինի, նա առանձնահատուկ էր ու միակը։ Հիշում եմ, թե ինչպես էր ինձ փոքր ժամանակ տանում զբոսանքի։ Մեզ մոտ միշտ հիշվում են ուրախ պահերը` մեր ծննդյան օրերի տարբերությունը մի օր էր։ Անցյալ տարի երբ Կարոն զանգահարեց որպեսզի տարեդարձս շնորհավորի` ասաց, որ այս տարի մենք անպայման միասին ենք նշելու մեր տարեդարձը։

Իհարկե, Կարոն այս տարի ֆիզիկապես մեզ հետ չէր, որ միասին նշեինք, բայց Կարոն հոգեպես ինձ հետ էր ամբողջ ծննդյանս օրվա ընթացքում»,- ասում է Էլեն Ճգնավորյանը` Կարապետի հորեղբոր աղջիկը։ Էլենը եղբոր զոհվելու մասին լուրն իմացել է իր հայրիկից։ «Հայրիկիս զանգահարեցին ու, երբ նա սկսեց լաց լինել` հասկացա, որ ինչ-որ բան այն չէ։ Այդ պահին ամբողջ աշխարհը շուռ եկավ գլխիս, կարծես ժամանակն ամբողջությամբ կանգ էր առել։ Մի պահ մտածում էի, որ այդ ամենը սուտ է, որովհետեւ յուրաքանչյուր դժվար իրավիճակից ելք գտնող Կարոյի հետ չէր կարող այդպիսի բան պատահել»։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031