«Իհարկե, պահում ենք բոլոր պահանջները, մասնակցում ենք կալանքի միջնորդության քննարկմանը, սակայն ուզում եմ մեկընդմիշտ ֆիքսենք, որ ընդհանրապես գործ չունենք իրավաբանության հետ, գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ»,- այս մասին այսօր դատարան մտնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Տեղեկացնենք, որ այս պահին դատարանը քննում է Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը:
Էրիկ Ալեքսանյանը նշեց. «Անձը Սահմանադրությամբ ունի պաշտպանության իրավունք, և մենք կփորձենք ամեն կերպ ապահովել պարոն Առուշանյանի այդ իրավունքը: Իհարկե, Սյունիքի շատ համայնքապետեր արդեն իսկ կալանավորված են, օրինակ՝ Մխիթար Զաքարյանը, Մանվել Փարամազյանը, կարծում եմ, պարոն Առուշանյանն էլ բացառություն չի լինի: Այնուամենայնիվ մենք մեր բոլոր իրավական փաստարկներով կպայքարենք և հույս ունենք, որ գոնե դատարանը՝ Կարեն Ֆաթոյանի նախագահությամբ ,մի փոքր շեղում թույլ կտա»:
Պաշտպանի փոխանցմամբ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու և ընտրակաշառք տալու մեջ, սակայն, ըստ նրա, չկա որևէ փաստական հանգամանք, որը կհավաստի, որ պարոն Առուշանյանը կապ ունի իրեն վերագրվող արարքների հետ:
Կարդացեք նաև
«Վստահեցնում եմ ձեզ, որ նախաքննական մարմնին ներկայացված որևէ ցուցմունք չի պարունակում Առուշ Առուշանյանի կողմից՝ «Հայաստան» դաշինքին ընտրելուն հարկադրելու փաստ»,- ասաց նա:
Դատարանի առջև էր նաև Գորիսի համայնապետ Առուշ Առուշանյանը, որը, լրագրողների հարցերին ի պատասխան, հայտարարեց. «Կանխատեսումներ չանեմ, կարծում եմ նույնը կլինի էլի, ինչպես մյուս համայնքապետերի դեպքում, խնդիր են դրել, խնդիր են կատարում: Մեղադրանքը շինծու, անլուրջ բան է: Երկրորդ տարբերակ չկա, սա քաղաքական հետապնդում է»,-ասաց նա:
Լրագրողները հիշեցրին, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, թե «չագուչը ձեռքին» գալու է համայնքապետերի հետևից, Առուշանյանն էլ արձագանքեց. «Ես ձեր նշած մարդուն խորհուրդ կտամ՝ Երևանում լիքը տանիքներ կան, թող գնա տանիք փոխի, որովհետև իրա մաքսիմում լեվելը տանիք փոխելը կարա լինի: Չագուչով ո՞ւմ է վախեցնում, Սյունիքում սյունեցո՞ւն, թե՞ մեզ, խնդալու է ուղղակի»:
Նելլի Գրիգորյան