Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեգիոնն» ուսումնասիրել է Ֆեյսբուքի 92 հարթակ՝ հասկանալու համար, թե ի՞նչ դերակատարում ուներ ԼՂ հակամարտությունը ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավում

Հուլիս 15,2021 23:27

Այսօր կայացած «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները եւ ԶԼՄ-ները» թեմայով քննարկման ժամանակ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը տեղեկացրեց, որ իրենք իրականացրել են հետազոտություն-մշտադիտարկում, թե ինչպես են ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը նախընտրական քարոզչության ժամանակ դրսեւորվել Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ ղարաբաղյան հակամարտության համատեքստում:

«Քանի որ այս ընտրություններն, ըստ էության անցկացվում էին հետպատերազմյան խորքային ճգնաժամը լուծելու նպատակով, պարզ է, որ այդ թեման գլխավոր դերում պիտի լիներ քարոզչության ժամանակ»,-նկատեց տիկին Բաղդասարյանը:

Հետազոտության համար շատ հետաքրքիր թիրախներ էին ընտրվել: Ուսումնասիրվել է ընդհանուր հաշվով 92 ֆեյսբուքյան հարթակ: Դրանցից 32-ը 25 քաղաքական ուժերի եւ (կամ) դրանց 1-ին դեմքերի (ընդհանուր առմամբ 32) ֆեյսբուքյան էջերն էին: Եվս 30-ը տարբեր փորձագետների, քաղաքացիական հասարակության ակտիվ դեմքերի եւ հասարակական կազմակերպությունների մեծ լսարան ունեցող էջերը: Ինչպես նաեւ 15 էջ՝ Արցախի պաշտոնյաներ, հանրային դեմքեր, փորձագետներ, այդ թվում՝ տեղահանված, որոնք նույնպես ունեն մեծ լսարան եւ նույնքան էլ՝ Սփյուռքի՝ ԱՄՆ, ՌԴ,  հանրային եւ մեծ լսարան ունեցող անձանց էջերը (ընդհանուր՝ 30): Այսպիսով կարելի է ասել, որ ընտրվել էր բավականին լայն ներկապնակ՝ հայ (ոչ միայն՝ հայաստանյան) հասարակության տեսակետներն ուսումնասիրելու համար:

Բուն հետազոտության հիմնական արդյունքները կներկայացվեն մոտ ժամանակներս՝ առանձին շնորհանդեսով, իսկ երեկ տիկին Բաղդասարյանը ներկայացրեց այս ընտրությունների ընթացքում մի շարք «աննախադեպ» երեւույթներ, որոնք դիտարկել էր «Ռեգիոնի» հետազոտական թիմը:

Մասնակիցների քանակով այս ընտրությունները գերազանցել են նորանկախ Հայաստանում մինչ այս կայացած բոլոր համապետական ընտրությունները:

Ընդ որում, մասնակից 25 քաղաքական ուժերից 17-ը նորաստեղծ կուսակցություններ են, որոնք «ծնվել են» 2018-ից հետո: Իսկ դրանցից 9-ը՝ ստեղծվել են 2021 թվականի ընթացքում՝ ընտրություններից առավելագույնը 6 ամիս առաջ : Երբեւէ նման բան չի եղել:

Երբեք չի եղել նաեւ, որ ընտրություններին մասնակցեն ՀՀ բոլոր նախկին ղեկավարները՝ 3 նախկին նախագահները եւ այդ պահի դրությամբ նախկին վարչապետը, որը ԺՊ էր:

Առանձնահատուկ էին այս ընտրությունները նաեւ ինչպես ելքի, արդյունքի, այդպես էլ՝ ընթացքի անկանխատեսելիությամբ: Ոչ ոք չէր կարող ասել, թե ի՞նչ կլինի՝ ո՞վ կանցնի խորհդարան, ձայների ինչպիսի՞ հարաբերակցություն կլինի, ի՞նչ հետընտրական զարգացումներ կլինեն… Ամեն ինչ առավել քան անկանխատեսելի էր:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031