Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակվել նույն դատարանում քաղաքացիական գործեր քննող դատավոր Գոռ Հարությունյանը։
Բարձրագույն դատական խորհրդի հուլիսի 8-ի որոշմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար ՀՀ նախագահին առաջարկվել է վերջինիս թեկածությունը։ Ինչպես ճշտեցինք դատարանի աշխատակիցներից, Գոռ Հարությունյանն արդեն իսկ պաշտոնավարում է։
34-ամյա Գոռ Հարությունյանը Երևանից է, սակայն 2019 թվականի փետրվարից ի վեր որպես դատավոր աշխատում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Նշենք, որ մինչ այդ եղել է դատավորի օգնական՝ աշխատելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք, այնուհետեւ Կենտրոն և Նորք -Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում։
Նա նաև ունի ՀՀ փաստաբանական գործունեության արտոնագիր, իսկ որ ամենակարևորն է՝ ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Կարդացեք նաև
Թե որքանով է երիտասարդ դատավորը 2,5 տարվա ընթացքում հասցրել ծանոթանալ Գյումրիի ավանդույթներին ու չգրված, սակայն խստորեն գործող օրենքներին, դժվար է ասել․ նրա անուն-ազգանունը լայն զանգվածներին հայտնի չէ, և սա այն բացառիկ դեպքերից է, երբ դատարանի նախագահ նշանակվում է ոչ տեղացի։
Court.am կայքէջում որպես գործող նախագահ առայժմ Գագիկ Հովհաննիսյանի անունն է: Նշենք, որ նրա պաշտոնավարման երեք տարվա ժամկետը լրացել էր։ Նա 2014 թվականից զբաղեցնում էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը:
Իսկ 2018 թվականի հուլիսի 4-ից էլ նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Գագիկ Հովհաննիսյանը Գյումրիում հայտնի է՝ որպես զուսպ, համեստ ու հավասարակշռված անձնավորություն։
Հարկ է նշել, որ մինչ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակվելը՝ 2006-2014թթ. նա եղել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ