Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄԱ-ի կողմից ԱԺ արտահերթ ընտրությունների՝ հեռարձակողների կողմից մշտադիտարկման հիմնական եզրակացություններ

Հուլիս 15,2021 22:19

Արդեն տեղեկացրել ենք, որ Երեւանի մամուլի ակումբը մշտադիտարկել է 7 հանրապետական սփռման հեռարձակողների լուսաբանումը ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական, քարոզարշավային եւ հետընտրական շրջանում: Ներկայացնենք մշտադիտարկման հիմնական արդյունքները.

 

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԹԻՄԸ ՆՇՈՒՄ Է, որ քաղաքական պայքարի սրությամբ և ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի աննախադեպ քանակով էր (25) պայմանավորված այն հանգամանքը, որ ԶԼՄ-ներն ակտիվորեն լուսաբանում էին քարոզարշավը։ Լրատվական դաշտում առճակատումն սկսվել էր պաշտոնական քարոզարշավից շատ առաջ և առանձնահատուկ ինտենսիվ բնույթ ստացավ, մասնավորապես, երբ որոշվեցին պատգամավորության բոլոր թեկնածուները։

Հանրային ուշադրության կենտրոնացումը երկու քաղաքական ուժերի՝ «Հայաստան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ, անդրադարձել է ԶԼՄ-ներում նրանց լուսաբանման վրա։ Դա հատկապես ակնհայտ էր մինչև 2021թ. հունիսի 7-ը, երբ սկսվեց պաշտոնական նախընտրական արշավը: Հենց երկու առաջատարների և ընտրապայքարի մասնակից մյուս 23-ի միջև խզումը մշտադիտարկման այս փուլում թույլ չէր տալիս խոսել պաշտոնական քարոզչությանը նախորդող շրջանում այս քարոզարշավի հավասարակշռված լուսաբանման մասին։

Պաշտոնական քարոզարշավի կարճաժամկետ (12 օր) լինելով պայմանավորված, երբ օրենսդրությամբ սահմանվում է հանրային մուլտիպլեքսում ընդգրկված վերգետնյա հեռարձակողների կողմից ընտրությունների բոլոր մասնակիցներին լուսաբանման հավասար հնարավորությունների տրամադրումը, նմանատիպ կարգավորման բացակայությունը նախորդող ժամանակահատվածում հանգեցնում է քաղաքական ուժերի նկատմամբ ուշադրության էական անհամամասնության։ Օրենսդրության այս բացն առավել սրությամբ դրսևորվում է արտահերթ ընտրությունների ժամանակ, որոնք անցկացվում են շատ ավելի սեղմ ժամկետներում, քան հերթական ընտրություններն են։ Այս հանգամանքը բազմիցս նշվել է դիտորդների կողմից, մասնավորապես, Երևանի մամուլի ակումբի մեդիա հետազոտություններում։ Մի շարք քաղաքական ուժերի համար երկար ժամանակով եթերի սահմանափակ հասանելիությունը, ներառյալ՝ ընտրությունների մասին հայտարարումից հետո, հազիվ թե հնարավոր է փոխհատուցել նախընտրական քարոզարշավի ոչ լիարժեք երկու շաբաթվա ընթացքում, նույնիսկ եթե այդ ժամանակահատվածում ապահովված է հավասարակշռված լուսաբանում։

ՈՐՊԵՍ ԱՅՍ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ դրական միտումներ, որոնք արձանագրել է ԵՄԱ մշտադիտարկման թիմը, կարելի է նշել հետևյալը.

• Հետազոտված ԶԼՄ-ները, լուսաբանելով նախընտրական միջոցառումները և հեռարձակելով քաղաքական գործիչների և այլոց արտահայտությունները, որպես կանոն, ձգտում էին, եթե դա ուղիղ եթեր չէր, փոխանցել այդ արտահայտությունների հիմնական միտքը՝ հնարավորինս բացառելով կոպիտ վիրավորանքները, հայհոյանքը, ատելության լեզուն։

• Հետազոտված հեռարձակողների նյութերի բովանդակությունը ծանրակշիռ հիմքեր չի տալիս խոսելու այս քարոզարշավի ընթացքում մեդիաոլորտի վրա ազդեցություն գործելու համար վարչական ռեսուրսի օգտագործման մասին։ Ընդ որում, ընտրությունների տեղական դիտորդները բերում էին զանազան նախընտրական միջոցառումների կազմակերպման ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործման բազմաթիվ վկայություններ։

• Նախընտրական բանավեճերը, որոնք կազմակերպվել էին ինչպես Հանրային հեռուստատեսությունը, այնպես էլ մասնավոր հեռուստաալիքները, չնայած առանձին միջադեպերի առկայությանը, անցնում էին էականորեն ավելի կառուցողական մթնոլորտում և քաղաքական մշակույթի որոշակի սկզբունքներին հետևելու շատ ավելի մեծ պատրաստակամությամբ, քան նախընտրական քարոզչության շրջանակներում կազմակերպվող հանրային միջոցառումները։

• Հետազոտված հեռարձակողների հաղորդումներում գրեթե բացակայում էին այն դրվագները, որտեղ երեխաները օգտագործվում էին նախընտրական քարոզչության նպատակներով։ Թեև հանրության հետ հանդիպումներում, հատկապես Հայաստանի մարզերում, դատելով առցանց ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տարածված տեսասյուժեներից, նախընտրական պայքարի մասնակիցները, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բավական հաճախ էին դիմում նման մեթոդների։

2021թ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մշտադիտարկումն արձանագրել է քաղաքական ուժերից մեկին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նշանային բնութագրիչներով անդրադարձների աննախադեպ բացասական հաշվեկշիռ։ Այս կուսակցության լուսաբանման նմանատիպ ուղղվածության համեմատությունը 2021թ. հունիսի 20-ի քվեարկության արդյունքներով նրա համոզիչ հաղթանակի հետ թույլ է տալիս լուրջ կասկածի տակ առնել ագրեսիվ տեղեկատվական արշավի արդյունավետությունը, որին կառավարող քաղաքական ուժը արժանացավ ոչ միայն նախընտրական շրջանում, այլ նաև դրան նախորդող ամիսներին։ Ավելին, չի կարելի բացառել, որ դա հանգեցրել է սպասվածից հակառակ արդյունքի։ Այստեղ հարկ է նշել, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավին հատուկ էր ոչ պակաս ագրեսիվությունը, սակայն դա մշտադիտարկման քանակական տվյալներում համարժեք արտացոլում չգտավ այն բանի հետևանքով, որ այս կուսակցության հասցեին բացասական արտահայտությունները բարձրաձայնվում էին քարոզարշավում ներգրավված շատ ավելի մեծ թվով սուբյեկտների կողմից։

Չեզոք լուսաբանումից պատճառաբանված շեղումները արձանագրվել են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի և «Պատիվ ունեմ» դաշինքի դեպքում, որը նույնականացվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչպես նաև «Հայ ազգային կոնգրես» կուսակցության դեպքում, որը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այս հանգամանքն ապացուցում է, որ հիմնավորված է 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների տարածված բնութագիրը՝ որպես «նախկինների և ներկաների» պայքարի, ինչպես նաև այն, որ ամբողջ ընտրարշավի թեմատիկան կենտրոնացված էր Հայաստանի նորագույն պատմության (վերջին 30 տարվա) գնահատականների վրա։ Ընդ որում, ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի միջև բանավեճերի կենտրոնում են եղել Լեռնային Ղարաբաղի և երկրի անվտանգության հիմնախնդիրները, ինչը պայմանավորել է տեղեկատվական առճակատման առանձնահատուկ սրությունը և զգայական բնույթը։

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ դեպքերի ճնշող մեծամասնության մեջ նշանային բնութագրիչներով լուսաբանումը ձևավորվում էր գրեթե բացառապես նախընտրական արշավի անմիջական մասնակիցների կողմից հայտարարությունների տարածման միջոցով. լրագրողները, որպես կանոն, խուսափում էին գնահատողական դատողություններից:

ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՆԱԽՈՐԴ ԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆՆ ընդգծեց նաև առաջատար հեռարձակողների քաղաքական դերի հետ կապված մի շարք ընդհանուր միտումներ: Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը, որը հետազոտված բոլոր լրատվամիջոցներից ամենաակտիվն է լուսաբանել 2021 թվականի ընտրությունները, այսպիսով գործել է համեմատաբար նոր կարգավիճակում: 2012թ. խորհրդարանական և 2013թ. նախագահական ընտրություններում Հանրայինը աննախադեպ պասիվություն էր ցուցաբերել։ Մեդիա փորձագետներն այս երևույթը բացատրեցին այն հանգամանքով, որ հայաստանյան քաղաքական վերնախավը նախընտրական քարոզչության հիմնական ծանրությունը տեղափոխել էր մասնավոր հեռուստաալիքների վրա։ Նույնիսկ 2015թ. ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի լուսաբանման հարցում Հանրայինի Առաջին ալիքը նախաձեռնությունը զիջել էր «Կենտրոնին» և «Երկիր Մեդիային»։ Սակայն 2018թ. «թավշյա» հեղափոխությունից հետո հանրային հեռուստահեռարձակողը վերադարձրեց ընտրությունների լուսաբանման և ընտրազանգվածին տեղեկացնելու իր առաջնային դիրքը։

Իրենց հերթին, «Կենտրոնը» և «Երկիր Մեդիան», փաստացի լինելով մասնավոր ընկերություններ, վերջին տարիներին գործել են որպես «կուսակցական հեռարձակողներ»: Սա որոշակի հակասության մեջ էր ՀՀ օրենսդրության հետ, որը քաղաքական ուժերին արգելում է հիմնել հեռուստա- և ռադիոընկերություններ: Սակայն 2021թ. ընտրություններում այս հեռարձակողները տարբեր կերպ վարվեցին: Որպես համազգային հեռուստաալիք, որը կապված է «Դաշնակցություն» կուսակցության հետ, «Երկիր Մեդիան» առանցքային դեր ստանձնեց՝ տեղեկատվական հարցում աջակցելու «Հայաստան» դաշինքին, որի մաս կազմեց այս կուսակցությունը: Այլ կերպ ասած, նրա պահվածքը կարելի է ավանդական համարել ինչպես նախընտրական, այնպես էլ հետընտրական շրջանում:

«Կենտրոն» հեռուստաընկերությունը նախորդ տարիներին լուսաբանման ինտենսիվությամբ մրցակցում էր «Երկիր Մեդիայի» հետ, սակայն այս անգամ համեմատաբար փոքր ուշադրություն է ցուցաբերել քարոզարշավին։ Եթե նախկինում «Կենտրոնի» ուշադրության կիզակետում ընդգծված կերպով եղել է այս ալիքի հետ նույնականացվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ապա այժմ, նախընտրական քարոզչության ողջ ժամանակահատվածի ցուցանիշներով, նրանից առաջ են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը։ Հետընտրական շրջանում ևս այս հեռարձակողը չի ընդգծել հունիսի 20-ի քվեարկության արդյունքների մասին «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը։ Հնարավոր է, որ գոյություն ունի որոշակի կապ այս հանգամանքի և ԲՀԿ-ի համեմատաբար համեստ քարոզարշավի միջև։ Կուսակցությունը 2007-ից մինչև 2018թթ. անփոփոխ անցել է ՀՀ Ազգային ժողով և թվով երկրորդ խմբակցությունն է ունեցել, իսկ այս անգամ նույնիսկ չի հաղթահարել հինգտոկոսանոց անցումային շեմը։

ԵՄԱ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ չի նախատեսել «լռության օրը» (2021թ. հունիսի 19) և քվեարկության օրը (2021թ. հունիսի 20) օրենսդրական սահմանափակումների խախտումների քանակական ուսումնասիրություն։ Մասնավորապես, ժամը 20.00-ին տեղամասերի փակումից 44 ժամ առաջ ՀՀ ընտրական օրենսգիրքն արգելում է քարոզչության ցանկացած ձև: Մինչդեռ, այս ամբողջ ժամանակահատվածը լեցուն էր պատգամավորության թեկնածուների, քաղաքական գործիչների, լրագրողների և այլոց մասնակցությամբ բազմաթիվ այնպիսի դրվագներով, որոնք իրավամբ կարող էին քարոզչություն համարվել: Այս դրվագներից մի քանիսը հայտնվել են նաև հետազոտված հեռարձակողների եթերում: Նշված հանգամանքը թույլ է տալիս եզրակացնել, որ, հաշվի առնելով հաղորդակցական միջավայրի էական փոփոխությունը, «լռության օրվա» կանոնները կարող են պահպանվել միայն այն դեպքում, եթե ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները գիտակցում են դրանց կարևորությունը և կամավոր հետևում դրանց։ Այս պայմանների բացակայության դեպքում համապատասխան օրենսդրական կարգավորման պահպանումը կորցնում է իր իմաստը, ավելին, դրա պարբերական անտեսումը նպաստում է իրավական նիհիլիզմի զարգացմանը այնպիսի կարևոր հասարակական-քաղաքական ինստիտուտի առնչությամբ, ինչպիսին են ընտրությունները:

Չնայած մի շարք խնդիրներին, 2021թ. ընտրությունների լուսաբանման նշված առանձնահատկությունները և միտումները ԵՄԱ մշտադիտարկման թիմին թույլ են տալիս գալ այն եզրակացությանը, որ նախընտրական քարոզարշավի մեդիա բաղադրիչը, առաջին հերթին՝ համազգային հեռարձակողների գործունեությունը, ավելի շատ էր համապատասխանել ՀՀ օրենսդրությանը և միջազգային չափանիշներին, քան այլ ինստիտուտների գործունեությունը և նախընտրական քարոզարշավն՝ ընդհանուր առմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031