Արդեն ավելի քան 20 տարի՝ Երեւանի մամուլի ակումբն իրականացնում է մշտադիտարկումներ մոնիտորինգներ ՝ հայաստանյան տարբեր ընտրությունների ժամանակ մամուլի լուսաբանումների վերաբերյալ:
Այսօր կայացած «Արտահերթ խորհրդարանական ընտրությունները եւ ԶԼՄ-ները» թեմայով քննարկման ժամանակ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ԵՄԱ-ի մշտադիտարկման արդյունքները եւ վերլուծեց դրանք:
Մշտադիտարկման էին ենթարկվել հանրապետական սփռման 6 հեռուստատեսության՝ Հանրային հեռուստատեսության 1-ին ալիք, «Արմենիա», «Շանթ», «Կենտրոն», «Երկիր մեդիա» եւ ԱՏՎ, ինչպես նաեւ Հանրային ռադիոյի հաղորդումները երեք փուլով՝ մինչ պաշտոնական քարոզարշավի սկիզբը՝ 31/05-06/06, պաշտոնական քարոզարշավի ընթացքը՝ 07/06-18/06 եւ քվեարկությունից հետո՝ 20/06-ի երեկոյան 8-ից սկսած՝ երկու շաբաթ տեւողությամբ՝ հետընտրական զարգացումներըի լուսաբանումը:
Ինչպես եւ նախատեսվում էր, հաշվի առնելով վերջին ամիսների սուր քաղաքական պայքարը, նաեւ՝ ընտրությունների մասնակիցների աննախադեպ քանակը՝ 25 քաղաքական ուժ, մշտադիտարկումը բավականին հետաքրքիր արդյունքներ է գրանցել:
Կարդացեք նաև
Շատ բաներ կախված են եղել նախընտրական քարոզարշավի կարճ՝ 12-օրյա պաշտոնական ժամանակահատվածի հետ: Ըստ Բ. Նավասարդյանի՝ այդ ժամկետը շատ փոքր է, որպեսզի քաղաքական ուժերը հասցնեն ծանոթացնել իրենց ծրագրերին եւ քարոզել դրանք, առավել եւս՝ նման մեծաքանակ մասնակիցների պարագայում: Եվ հենց դրանով է պայմանավորված, որ իրական քարոզարշավը սկսվել էր շատ ավելի վաղ, քան նախատեսվում էր օրենքով: Եվ, բնականաբար, չունենալով որեւէ պարտավորություններ օրենքի առջեւ, նախապաշտոնական քարոզարշավի լուսաբանումը ԶԼՄ-ների կողմից ամենեւին չի ընթացել խաղի այն կանոններով, որոնք ենթադրվում են պաշտոնական քարոզարշավի պարագայում, չի պահպանվել որեւէ հավասարակշռություն՝ թեկնածուներին տրամադրվող ժամանակի եւ այլ չափորոշիչների առումով:
Այդ իսկ պատճառով, թվերը, թե ինչպես են հեռարձակողները լուսաբանել ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանը՝ մինչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը եւ պաշտոնական քարոզարշավի ընթացքում, խիստ տարբեր են: Այս կապակցությամբ, ըստ պարոն Նավասարդյանի, զգացվում է օրենսդրական նոր կարգավորման անհրաժեշտություն, որը կա՛մ կերկարաձգի քարոզարշավի համար նախատեսված ժամանակահատվածը, կամ կպարտադրի ԶԼՄ-ներին՝ հավասարակշռությունը պահպանել ոչ միայն տվյալ ժամանակաշրջանում, այլ մինչ պաշտոնական քարոզչության շրջանում եւս, ասենք՝ ընտրություններին մասնակցության պաշտոնական հայտարարությունից ի վեր:
Ընդհանուր առմամբ, ըստ Բորիս Նավասարդյանի, առաջին անգամ էր, որ մեր հեռաուստաընկերությունները ձգտում էին չհեռարձակել ատելության խոսքն ու հայհոյանքները՝ միայն բովանդակային մասը հաղորդելով: Դա դրական միտում էր: Եվս մի դրական միտում է եղել այն, որ պաշտոնական քարոզարշավի 12 օրերի ընթացքում չի գրանցվել վարչական ռեսուրսի չարաշահման դեպք, բայց մինչ այդ՝ եղել է: Դրական էր նաեւ բանավեճերի առկայությունը:
Ըստ մշտադիտարկման արդյունքների՝ մասնավոր հեռարձակողների, իսկ գուցե նաեւ՝ ընդհանրապես բոլոր հեռարձակողների մեջ ամենահավասարակշռված մոտեցումը ցուցաբերել է «Շանթ» հեռուստաընկերությունը:
Մինչ պաշտոնական քարոզչության փուլում ամենաակտիվը եղել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը, որը ընտրարշավի մասնակիցների լուսաբանման եւ քարոզչության առումով գերազանցել է մյուս վեց հեռուստաընկերություններին միասին վերցրած; Իսկ ահա պաշտոնական քարոզչության ժամանակահատվածում ամենաակտիվ լուսաբանողը եղել է Հանրային հեռուստաընկերությունը, ապա՝ «Երկիր մեդիան»: Հանրայինի 1-ին ալիքն ամենաակտիվն է լուսաբանել նաեւ հետընտրական զարգացումները:
Շատ հետաքրքիր դիտարկում են գրանցել մշտադիտարկման արդյունքում՝ 1996 թվականից ի վեր որեւէ քաղաքական ուժ երբեք չի ստացել այնքան շատ բացասական լուսաբանում, որքան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Մշտադիտարկման առավել մանրամասն եզրակացությունները կարող եք կարդալ այստեղ:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ