Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ՍԴ-ն թույլ տվեց անսարք ինքնաթիռի թռիչքը անկարող անձնակազմի կողմից, ինքնաթիռը ենթարկվելու է աղետի, ողջ պատասխանատվությունն ընկնելու է ՍԴ-ի վրա». Մովսես Շահվերդյան

Հուլիս 15,2021 21:55

«Մենք կարծում ենք, որ ՍԴ-ն որոշում ընդունելիս, պետք է առաջնորդվի եւ հաշվի առնի ոչ միայն դատավարությանը տվյալ պահին մասնակից կողմերի կարծիքները, այլ ողջ քաղաքական դաշտի եւ հասարակության տրամադրվածությունները»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի աշխատավորական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն միասնական վարույթում քննվում է 20.06.2021թ.-ի արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հարցը՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումների հիման վրա: Որոշումը կհրապարակվի հուլիսի 17-ին:

«ՍԴ անդամները պետք է հստակ գիտակցեն իրենց դերակատարության կարեւորությունը` մեր ժողովրդի համար ճակատագրական այս իրավիճակում, դրսեւորեն պատասխանատվություն եւ իմաստնություն, հարցին մոտենան ոչ թե Ռոբերտ Քոչարյան-Նիկոլ Փաշինյան հակադրության կամ դիմակայության տեսանկյունից, այլ հայ ժողովրդի եւ ՀՀ շահերի ու խնդիրների տեսանկյունից»,- ասաց մեր զրուցակիցը:

Այս առիթով ՀԱՍԿ-ում երկու դիտարկում ունեն. ՍԴ-ում հարցի քննարկման ժամանակ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի կողմից, որ որոշման հիմքում պետք է դրվի Սահմանադրության երկրորդ անփոփոխ հոդվածը։ Այդ հոդվածում նշված է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Մովսես Շահվերդյանն ասում է. «Այստեղ պետք է հստակ մեկնաբանվի`ի՞նչ ասել է ժողովուրդ. դա ժողովրդի մեծամասնությո՞ւնն է, թե՞ փոքրամասնությունը, որովհետեւ, մենք լավ հիշում ենք, որ մինչեւ 1996 թվականի ընտրությունները ԸՕ-ում կար մասնակցության ցենզ, որի համաձայն, համապետական ընտրությունները համարվում են կայացած, եթե ընտրություններին մասնակցում են ընտրողների 50+1 տոկոսը: 1996-ից հետո այդ դրույթը հանվեց ՀՀՇ-ի կողմից, որը շատ մեծ սխալ էր Հայաստանի խնդիրներն ունեցող երկրի համար: Եթե Սահմանադրության  հոդվածը մեկնաբանվի այդ տրամաբանությամբ, որ ժողովուրդ ասելով նկատի ունենք մեծամասնությանը, ապա եւ 2018-ի, եւ 2021-ի ընտրությունները պետք է համարվեին չկայացած`այն պարզ պատճառով, որ դրանց մասնակցել է ընտրողների 50 տոկոսից պակասը: Հետեւաբար, այդ ընտրությունները ՍԴ-ն պետք է համարի չկայացած` հենց Սահմանադրության երկրորդ հոդվածի տրամաբանությամբ»:

Մեր զրուցակցի երկրորդ դիտարկումը վերաբերում է ՀՀ ներկա անվտանգային խնդիրներին եւ Հայաստանի շուրջ հնարավոր զարգացումներին. «Եթե պատկերավոր արտահայտվենք, ՀՀ-ն այսօր նման է վթարված, անսարք ինքնաթիռի, որը փորձում է վարել անփորձ անձնակազմը: Իսկ ՍԴ-ն, տվյալ պահին, գտնվում է գործակարգավարի (դիսպետչերի) դերում: Եթե ՍԴ-ն թույլ տվեց այս անսարք ինքնաթիռի թռիչքը այս անկարող անձնակազմի կողմից, որեւէ կասկած չկա, որ ինքնաթիռը ենթարկվելու է աղետի, իսկ ողջ պատասխանատվությունն ընկնելու է գործակարգավարի, տվյալ դեպքում, ՍԴ-ի վրա: Ուստի, մեր առաջարկն է եւ ցանկությունը, որ ՍԴ-ն գտնի այնպիսի լուծում, որը հնարավորություն կտա մոտակա ժամանակներում Հայաստանում անցկացնել իրական ընտրություններ եւ փոխել իրավիճակը` դեպի ավելի անվտանգ եւ ապահով Հայաստան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031