Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մորս  իրենց դռան առաջ են տեսել՝ արյունլվիկ եղած»․ գյումրեցի հավաքարար կնոջ սպանության գործով հրավիրված վկան չէր եկել դատարան

Հուլիս 15,2021 21:40

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվելուն պես հետաձգվեց 2018 թվականի դեկտեմբերի 2-ին իր իսկ թաղամասում՝ «Սլաբոդկա»-ում դաժանաբար սպանված Ջուլիետա Ղուկասյանի գործով դատական նիստը։

1961 թվականին ծնված կնոջ սպանության մեջ մեղադրվում է 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը, որը, ըստ մեղադրանքի, դեպքի օրը՝ առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում լինելով ալկոհոլի ազդեցության տակ՝ հետապնդել է աշխատանքի գնացող կնոջը, հասել նրա հետևից, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և անզգուշությամբ առաջացնելով նրա մահը: Կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ էլ նույն օրը ժամը 11:30-ին մահացել է:

Անդրեյ Ռազգիլդեևն այդպես էլ չներկայացավ դատական նիստերին, նա մասնակցում է հեռավար՝ չթույլատրելով տեսանկարահանել իրեն։

Այսօրվա դատական նիստին չէին ներկայացել մի քանի կարևոր վկաներ, նիստը վարող դատավոր Ադրինե Ղուկասյանը վկաների ներկայությունն ապահովելու նպատակով  հետաձգեց նիստը՝ նշանակելով հուլիսի 29-ին ժամը 15․30-ին։

Ու քանի որ դատարանը արձանագրություն չէր ստացել ոստիկանությունից՝ վկաներին բերման ենթարկելու որոշումը կատարել-չկատարելու մասին, որոշեց այդ ընթացքում տեղեկություն ստանալ, թե  ինչու չի կատարվել բերման ենթարկելու որոշումը։

Ջուլիետա Ղուկասյանի դուստրը՝ Անահիտ Ղուկասյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ դատարան հրավիրված այսօրվա վկաներից մեկի տան դիմաց է եղել սպանությունը։ Անահիտ Ղուկասյանի ասելով, հարևանի ամուսինը եկել է դատարան, կինը՝ ոչ, արդեն մի քանի նիստի  բացակայում է։

«Բայց իրենք են շտապօգնություն զանգել, ինքն է մամայիս տեսել արյունլվիկ եղած։ Ասում են՝ մամայիս տնքոցներից են առավոտ շուտ տնից դուրս ելել, էդպես են ասում, ես չգիտեմ՝ մեկի խոսքը մյուսին չի բռնում, չգիտեմ՝ որն է ճիշտ․․․»,-ասաց Անահիտ Ղուկասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031