Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրյա ներդրումով ազգային ավիափոխադրող. Կա՞ նման նախադեպ, ինչո՞ւ նախապատվությունը չի տրվել հայկական ավիաընկերությանը

Հուլիս 15,2021 21:33

«Ազգային ավիափոխադրող՝ արաբական լոուքոսթով»,-նախօրեին այսպիսի գրառում էր արել «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գեւորգ Խաչատրյանն այն բանից հետո, երբ կառավարությունը, մասնավորապես՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Էյր Արաբիա» ավիաընկերության հետ հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման մասին:

Վարչապետի պաշտոնակատարը նշել էր, որ այդ «հավակնոտ ծրագիրը» կյանքի է կոչվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի եւ ավիաընկերության միջեւ մի քանի ամիսների սերտ ու հետեւողական բանակցությունների արդյունքում:

Ըստ «Էյր Արաբիա»-ի տնօրենների խորհրդի նախագահի՝ հայկական ազգային ավիափոխադրողի հիմնումը եւ նոր ուղղություններով ավիաչվերթների կազմակերպումը նոր ազդակ կհաղորդի հայկական ավիացիոն շուկայի զարգացմանը: Արաբական ավիաընկերության պատասխանատուն նաեւ հայտնել է, որ գործելու են բյուջետային ավիաընկերություններին հատուկ սակագներով՝ մատուցելով բարձրակարգ ծառայություններ:

Համաձայնագրի կետերից կամ հնարավոր գործարքից շատ բան հայտնի չէ: Պայմանագիրը դեռ չի հանրայնացվել: Մեր հարցմանն ի պատասխան՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հորդորեցին հարցերն ուղարկել գրավոր:
Մեզ հետաքրքրում է՝ ազգային ավիափոխադրող ունենալու հարցում ինչո՞ւ նախապատվությունը չի տրվել հայկական ավիաընկերություններին: Այսպիսի մտահոգություն հայտնել է նաեւ «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրենը՝ նշելով, որ քանի տարի է, պայքարում են ոչ թե դառնալ ազգային՝ այլ ուժեղ հայկական ավիաընկերություն՝ առանց պետությունից ֆինանսավորում խնդրելու:

Aravot.am-ի հետ զրույցում Գեւորգ Խաչատրյանն ասաց, որ անգամ առաջարկել են զարգացման ծրագիր՝ 3-ի փոխարեն 10 օդանավ, 15-20 թռիչքային անձնակազմ, 300-ից ավելի աշխատատեղ, տասնապատիկ ավելի վճարված հարկեր՝ գումարած մեր անվտանգությունը, սակայն իրենց առաջարկը ո՛չ մերժվում է, ո՛չ՝ հաստատվում, անընդհատ քննարկումների փուլում է:

Մեր հարցին՝ նախապատվությունը հայկական ավիաընկերությանը չտալու պատճառներից կարո՞ղ է լինել այն, որ մեր տեղական ավիաընկերություններն անցյալ տարվանից, այսպես ասած, «սեւ ցուցակում են» եւ չեն կարող թռիչքներ իրականացնել եվրոպական ուղղություններով, Գեւորգ Խաչատրյանն ի պատասխան ասաց՝ չի կարող դա պատճառ հանդիսանալ, քանի որ Քաղավիացիայի կոմիտեն իր ենթակայության տակ գտնվող ավիափոխադրողների հետ միասին է հայտնվել ԵՄ ավիացիոն անվտանգության «սեւ ցուցակում», եւ դուրս չի գա այնքան ժամանակ՝ մինչեւ որ չլինի նոր ռազմավարությունը, որով կհամապատասխանենք ավիացիոն անվտանգության եվրոպական չափանիշներին: Այսինքն՝ եթե արաբական ընկերությունը Հայաստանում ունենա հայկական գրանցումով օդանավեր՝ միեւնույն է, չի կարող թռիչքներ կատարել դեպի Եվրոպա:

Թե ինչպե՞ս է լուծվել կամ լուծվելու այս խնդիրը, արդյոք արաբական ավիաընկերությունը խնդիրներ ունենալո՞ւ է «սեւ ցուցակի» պատճառով, կամ ի՞նչ փուլում է ավիացիոն անվտանգության նոր ռազմավարություն ունենալու հարցը, նույնպես պատասխաններ չստացանք, քանի որ այս եւ այլ հարցերը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին ուղղելու ենք գրավոր:

Մինչ կոմիտեն կպատասխանի վերոնշյալ հարցերին՝ Քաղավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանից փորձեցինք ճշտել՝ կա՞ նման նախադեպ՝ օտարերկրյա ներդրումով ազգային ավիափոխադրող:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Պետրոսյանն ասաց՝ ես այդ գործարքը նորմալ եմ համարում: Նրա խոսքով, երբ 2 տարի առաջ կառավարություն ծրագիր է ներկայացրել, գրեթե նույնպիսի առաջարկ է արել: Ըստ Շահեն Պետրոսյանի՝ ավիացիան այն ոլորտն է, որտեղ ալյանսներ են ստեղծվում, օրինակ՝ «Բլյու սքայ» ալյանսը, որտեղ «Էյր Ֆրանս», «Դելտա» ավիաընկերությունները միասին գործում են կամ մեկ այլ ալյանս՝ «Լյուֆթհանզան» մի քանի այլ՝ ամերիկյան եւ ավստրիական ավիաընկերությունների հետ. «Այդ ալյանսներն աշխարհով մեկ կան, որովհետեւ այդ ամենը թանկ արժե, մեծ ներդրումներ են պահանջում, իսկ Հայաստանի նման փոքր երկիրը չի կարող իրեն նման բան թույլ տալ: Եթե ժամանակին Ռոբերտ Քոչարյանը չվերացներ «Հայկական ավիաուղիները», մեր ավիացիան սնանկության աստիճանի չհասցնեին, այդ ժամանակ մենք նման ծրագիր ունեինք՝ այլյանսների մեջ մտնելու: Մասնավորապես հոլանդական ավիաընկերությունների հետ կար այդպիսի մտադրություն»:

Թե ինչու նախապատվությունը չեն տվել հայակական ավիաընկերությանը, ըստ Շահեն Պետրոսյանի, ազգային ավիափոխադրող լինելը թանկ հաճույք է, եւ ներդրողը տասը տարուց շուտ չի կարող եկամուտ ակնկալել, քանի որ դա բավականին ռիսկային բիզնես է. «Այն, ինչ առաջարկում է «Էյր Արաբիան», շատ դրական եմ համարում, նա օդանավերի պարկն ունի, եւ նրա օդանավերն այդքան էլ ծանրաբեռնված չեն: Նրանց օդանավերը բազավորվելու են «Զվարթնոց» օդանավակայում, ինչը օդանավակայանի համար ավիացիոն հեռանկար կբացի»:

Շահեն Պետրոսյանին հասած տեղեկություններով՝ եկող տարվա ապրիլից արդեն թռիչքներն իրականացվելու են:

Մեր հարցին՝ մենք տեսանք, որ պատերազմի, կորոնավիրուսի ստեղծած բարդ պայմաններում հիմնականում մեր հայկական ավիաընկերությունները, հայ օդաչուները ստանձնեցին բեռների, մարդկանց թռիչքները, արդյոք սա մտահոգություն չի՞ առաջացնում, որ ազգային ավիափոխադրումները վստահում ենք օտարերկրյա ավիաընկերությանը, Շահեն Պետրոսյանն ի պատասխան ասաց, որ իրեն հասած տեղեկություններով ազգային ավիափոխադրողը 50 տոկոսով լինելու է հայկական, եւ այդ մասնաբաժինը պատկանելու է կառավարությանը, իսկ 50 տոկոսը՝ «Էյր Արաբիային»:

«Մեր օդաչուները նույնպես պատրաստվելու են, եւ այդ օդանավերով նաեւ մեր օդաչուներն են թռիչքներ կատարելու: Նրանք էլ պետք է մասնակից լինեն, բացի այդ՝ աշխատատեղեր են ստեղծվելու»,-ասաց Քաղավիացիայի նախկին ղեկավարը:

Հետաքրքրվեցինք՝ եթե ընկերությունը մասամբ հայկական է լինելու, ինչպե՞ս են կարողանալու դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնել, «սեւ ցուցակում» լինելու պարագայում: Շահեն Պետրոսյանն ասաց, որ «Էյր Արաբիայի» օդանավերն արդեն սերտիֆիկացիա անցած օդանավեր են, եւ չի կարծում, որ սահմանափակումները նրանց վրա կազդեն. «Այդ սահմանափակումները հայկական ընկերությունների օդանավերի վրա էր, որոնք այդ սերտիֆիկացիան չեն անցել»:

Մեր դիտարկմանը, թե Քաղավիացիան է նաեւ «սեւ ցուցակում», պարոն Պետրոսյանն ասաց՝ «Էյր Արաբիան» աշխահում ճանաչված այնպիսի ընկերություն է, որ դժվար թե սահմանափակում լինի այդ ընկերության նկատմամբ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031