Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գրիգորյանի գործով ԲԴԽ-ն լրագրողից պահանջել է հարցազրույցի ձայնագրությունը

Հուլիս 15,2021 20:23

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննարկում էր Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին (լուսանկարում) կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարարը։ Իբրեւ հիմք՝ նախարարը ներկայացրել էր 2021 թվականի մարտի 30-ին armdaily.am կայքում հրապարակված հարցազրույցը դատավորի հետ: Այդ հարցազրույցում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշմանը, Դավիթ Գրիգորյանն ասել էր. «Ես համոզված էի, որ ՍԴ-ն կայացնելու է օբյեկտիվ դատական ակտ, քանի որ իմ կողմից դիմումում կոնկրետ հարց էր բարձրացվել՝ որոշակիության հետ կապված»: Իսկ մեղադրանքի վերաորակման հնարավորության մասին էլ ասել էր, որ դա հնարավոր է միայն քրեական դատավարության 309.1 հոդվածի սահմանված հիմքով:

Հիշեցնենք, որ հենց Դավիթ Գրիգորյանը 2019 թվականի մայիսի 18-ին կասեցրեց Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի քննությունը եւ դիմեց Սահմանադրական դատարան։ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, իսկ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ օրեր անց քրեական գործ հարուցվեց՝ մեկ այլ գործով պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածով։

ԲԴԽ նիստն այսօր չավարտվեց, այն կշարունակվի հուլիսի 26-ին, ժամը 15.00-ին, ԲԴԽ-ն լրագրողից պահանջել է հարցազրույցի ձայնագրությունը:

Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Գեորգի Մելիքյանի կարծիքով՝ միջնորդությունն անհիմն է, անորոշ եւ ենթակա է մերժման. «Որոշակիության տեսանկյունից՝ նա պարտավոր էր որոշակի իրադարձություններ վերլուծել կապված տվյալ հրապարակման հետ, որպեսզի կարողանար օբյեկտիվ դիրքորոշում ձեւավորել, թե արդյո՞ք Դավիթ Գրիգորյանի կողմից արտահայտված ձեւակերպումները վերաբերելի՞ էին Դանիբեկյանի վարույթում քննվող քրեական գործին եւ առհասարակ՝ արդյո՞ք նա այլ դատավորի գործի քննությանը միջամտող որեւէ ձեւակերպումներ է արտահայտել»։ Պաշտպանի պնդմամբ, դատավորի արտահայտած դիրքորոշումը եղել է զուտ տեսական վերլուծություն:

Դավիթ Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանն էլ նշեց, որ արդարադատության նախարարի միջնորդության հիմքում ընկած փաստական հիմքը հայտարարություններ կատարելն է. «Իրավական հիմքը ընդհանրական կերպով նշված է, որ՝ հայտարարություններ կատարելով՝ դատավորի վարքագծի ընդհանուր կանոններ խախտելն է։ Այսինքն՝ հայտարարություններ կատարելը մեկ առարկայի վերաբերյալ, միաժամանակ հանգեցրել է երեք ինքնուրույն կանոնների խախտման։ Կանոնների խախտումը թույլ են տրվել դիտավորությամբ կամ առնվազն կոպիտ անփութությամբ։ Վերագրվել է արդարադատության իրականացմանը միջամտելու կանոնի խախտում։ Այս նորմն ունի կոնկրետացման չափազանց բարձր աստիճան, այն նաեւ փոխկապակցված է դատավորի գործունեությանը միջամտելու վերաբերյալ անհապաղ ԲԴԽ-ին հայտնելու դրույթի հետ։ Այս տեսանկյունից չկա արձանագրված որեւէ փաստ, որ դատավոր Աննա Դանիբեկյանը հարցազրույցը գնահատել է որպես իր կողմից իրականացվող արդարադատությանը միջամտություն եւ այս կապակցությամբ դիմել է ԲԴԽ։ Ուստի, եթե Դավիթ Գրիգորյանին վերագրվում է Աննա Դանիբեկյանի կողմից իրականացվող արդարադատությանը միջամտելու խախտում, իսկ այդ միջամտության մասին Դանիբեկյանը ձեզ չի հայտնել, ապա սույն վարույթը նախաձեռնողն առնվազն նույն ապացույցների շրջանակում պետք է վարույթ հարուցեր Դանիբեկյանի նկատմամբ»։

Սիրանուշ Սահակյանի գահատմամբ՝ հարցազրույց տալը երբեւէ չի կարող դիտարկվել որպես միջամտություն՝ արդարադատության իրականացմանը, քանի որ այս դեպքում անհրաժեշտ է անմիջական կամ միջնորդավորված շփում դատավորի հետ՝ նրա նկատմամբ ներազդելու նպատակով: Մանավանդ, որ հարցազրույցի ընթացքում Դավիթ Գրիգորյանը ոչ թե գործի վերաբերյալ կարծիք է արտահայտել, այլ գործին առնչվող հանրաճանաչ փաստի անդրադարձել:

Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանն իր ելույթում ասել էր. «Եթե ես միջոցներ չեմ ձեռնարկել, ուրեմն ես համաձա՞յն եմ այդ հրապարակման հետ։ Իմ իրավունքն է, չէ՞, միջոցները կձեռնարկե՞մ, թե՞ ոչ։ Հիմա ես իմ իրավունքից չեմ օգտվել, դա մեկնաբանում եք ի վնաս ի՞նձ»:

Մինչդեռ Սիրանուշ Սահակյանի պնդմամբ, փոխնախարարը վերագրում է արտահայտություններ, որոնց համար պետք է կարգապահական պատասխանատվություն սահմանվի, իսկ հիմք չունի, որ Դավիթ Գրիգորյանն այդպիսի արտահայտություններ է արել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031