ԽՍՀՄ ժամանակներում մի անեկդոտ կար․
Վարդանիկին հարցնում են․
-Ի՞նչ կանես, եթե սահմանները բացվեն։
Վարդանիկը պատասխանում է․
Կարդացեք նաև
-Միանգամից ծառը կբարձրանամ։
-Ինչո՞ւ․․․
-Որ ոտքերի տակ չընկնեմ։
Իրականում, հենց այս՝ արտագաղթի հոգեբանությունն էր տիրում Խորհրդային Հայաստանի բնակչության բավականին ստվար հատվածում։ Արդեն 70-ականներից հնարավորություն տրվեց նախկին սփյուռքահայ ներգաղթածներին հեռանալ։ Եվ Խորհրդային Հայաստանից սկսվեց արդեն առաջին արտագաղթը։ Շատերը նախանձով էին նայում հեռացողներին։
Արդեն անկախության տարիներին, երբ սահմանները բացվեցին, արտագաղթը հասավ ահռելի չափերի և շարունակվում է մինչև մեր օրերը։ Միայն, եթե չեմ սխալվում այն ոչ միայն դադարեց, այլ որոշակի ներգաղթ եղավ 2004-2007թթ․։ Արտագաղթի պատճառներն էին․ «ավելի լավ ապրելը» (հեռացողների հիմնական մասը բավականին բարեկեցիկ էր ապրում), տղաներին բանակից փախցնելը, հանցագործության հետքեր կոծկելը, երբեմն նաև սոցիալական խնդիրները։
Փախստականի կարգավիճակ ստանալու համար, հեռացողները դիմում էին տարատեսակ խարդախությունների՝ քաղաքական հետապնդումներ, տարատեսակ փոքրամասնություններ, ադրբեջանցի կամ թուրք ազգականներ ունեցողներ և այլն։ Տարբեր «ընդդիմադիր» կուսակցություններ՝ որոշակի գումարի դիմաց, տեղեկանքներ էին տրամադրում արտագաղթել ցանկացողներին, որ նրանք արտասահմանում ներկայանան որպես քաղաքական հալածյալներ։ Խորհրդային շրջանից սկսած արտագաղթողների մեջ եղել նաև իմ ազգականները, բարեկամներն ու ընկերները։
Խորհրդային տարիներին լինելով այլախոհ, ամեն դեպքում չէի ընդունում հեռացողներին։ Անկախության տարիներին, այս անգամ, չնայած եղել եմ բոլոր իշխանությունների քննադատ, մտքումս խստորեն մեղադրում էի հեռացողներին։ Ամեն դեպքում ես հեռավոր հույսեր ունեի, որ մենք խելքի կգանք և կհզորացնենք Հայաստանը, որի հիմնական խթանը պետք է լիներ մեր ազգային նպատակի իրականացումը՝ Արցախի վերջնական ազատագրումը։ Սակայն պարզվեց, որ մենք, որպես ժողովուրդ չունենք ազգային նպատակ։ Այդ է վկայում ոչ միայն ժողովրդի գերակշիռ մասի անտարբերությունը Արցախի կորստի, խայտառակ պարտության և նվաստացման նկատմամբ, այլ շատ-շատերի նույնիսկ ոգևորությունը Արցախի բեռից ազատվելու և ատելությունն իրենց հայրենակից արցախցիների հանդեպ։ Այսպիսով` մենք դավաճանեցինք մեր արցախցի հայրենակիցներին և առանց խղճի խայթի թշնամուն նվիրեցինք մեր հայրենիքի մասը։ Ո՞րն է լինելու հայրենիքի մյուս հատվածից հրաժարումը, հանուն «լավ ապրելու»։
Այսօր ինքս ինձ օտար և խորթ եմ զգում իմ հայրենիքում։ Նվաստացուցիչ պարտությունից և Արցախը կորցնելուց հետո, զարմանալիորեն Հայաստանում լուրջ ընդվզում չեղավ, ավելին՝ պարտության հեղինակն ու Արցախը հանձնողը ոչ միայն մնաց իշխանության, այլ «ընտրություններում հաղթեց»։ Ոչ միայն «հաղթեց», այլ դրանով չբավարարվելով, սկսեց քաղաքական ահաբեկչությունը։ Այս աստիճանի բացահայտ քաղաքական հետապնդումներ, այլախոհ-ընդդիմադիրների նվաստացում, ասֆալտին տապալում, Հայաստանում հետստալինյան շրջանից հետո դեռևս չէր եղել։
Հայաստանում հաստատվում է գավառական, անգաղափար բռնապետություն։ Իսկ թշնամին չի հանգստանում, ավելին՝ օգտվելով իրավիճակից փորձում է վերջնականապես ոչնչացնել Հայաստանը։ Ներսից քանդելով Հայաստանը, հնարավորություն ենք տալիս թշնամուն վերջնական ջախջախման ենթարկել մեր երկիրը։ Եվ ամենացավալին այն է, որ այս ամենի դեմ այսօր էլ լուրջ դիմադրություն չկա։
Այսօր արդեն ոչ միայն չեմ մեղադրում կամ քննադատում հեռացողներին, այլ․․․Այլ խորապես զղջում, թե ինչո՞ւ 1987թ․ մերժեցի շարունակել գիտական գործունեությունս Սանկտ-Պետերբուրգում, մերժեցի նաև 1990թ․ Ֆրանսիայի հեղինակավոր գիտական ինստիտուտի հրավերը՝ Հայաստա՜ն, պետությու՜ն, հայոց լեզու՜, անկախությու՜ն, Արցա՜խ․․․
Իսկ ի՞նչ եմ մտածում այսօր։ Անկեղծորեն եմ ասում, որ եթե իմ մասնագիտությամբ՝ երկրաբանությամբ արտերկրում աշխատանք գտնեմ, ապա․․․ Բայց սա համարյա անիրականալի ցանկություն է։ Արտագաղթել և ներկայանալ որպես փախստական, հալածյալ և ստեր հորինել՝ երբեք։ Չեմ հեռանա նաև արտասահմանում բնակվող ազգականների տանն ապրելու, լինելով նրանց խնամքի տակ։ Այնպես որ, ինքս ինձ իմ հայրենիքում զգում եմ և օտար և դատապարտված։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
Պրն. Իշխանյան, Ձեզ հասկանում և կիսում եմ Ձեր մտորումները, որպես լուծում որոշել եմ դուրս գալ Երևանում բարձր վարձատրվող աշխատանքից և մեկնել Սյունիքի հեռավոր գյուղերից մեկը։
Հ.գ. հուսով եմ թուրքերը հետագայում էլ կթողնեն հայերին ապրել Զանգեզուրի լեռներում։