Շիրակի համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը, անդրադառնալով այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստին, որում քննարկվել եւ ընդունվել է իմքայլական երկու պատգամավորների ներկայացրած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում էր պատգամավորների գործունեության հետ կապված ամսական ծախսերը 50 հազար դրամից դարձնել 250 հազար դրամ, ասաց. «ՀՀ ներկայիս պառլամենտը, որի գործունեությունը շարունակվում է մինչեւ հաջորդ գումարման պառլամենտի առաջին նիստի անցկացման օրը, ոչ պակաս հանցագործ է, քան վարչապետը: Հայաստանի Հանրապետության նախագահը, նախագահի ինստիտուտը եւ այդ ինստիտուտի ներկայացուցիչները ոչ պակաս հանցագործ եւ պետական դավաճաններ են, քան վարչապետը»:
Ապա նկատեց. «Ես ուզում եմ պարզապես հիշեցնել, որ ՀՀ պառլամենտը սահմանադրական լիազորություններ ուներ, որպեսզի վերահսկեր վարչապետի գործունեությունը: Պատգամավորները վճարվել են, որպեսզի վերահսկեն կառավարության, մասնավորապես, վարչապետի գործունեությունը եւ հանդես գան օրենսդրական նախաձեռնություններով: Այս պառլամենտը այս երկու ֆունկցիաները ամբողջությամբ ձախողել է, եւ այս պառլամենտի ներկայացուցիչները ոչ միայն աշխատավարձ, հավելավճարներ պիտի չստանային, այլեւ պետք է չստանային ավելացված գումարները»:
«Սա սովորական, խայտառակ, անամոթ գործունեություն է, որն այս պառլամենտը ուզում է շարունակել մինչեւ ամենավերջին օրը: Այսինքն, չի ուզում գոնե վերջում որեւէ գործողություն անել, որը ինչ-որ կերպ մի փոքր թեթեւացնի իր վատ համբավը, որով ինքը մնալու է Հայաստանի Հանրապետության քաղաքական պատմության դասագրքերում»,- ասաց Արտակ Համբարձումյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ