Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիմակավորված մի խումբ անձինք հարձակվում են, հարցին, թե ո՞ւր եք տանում ասում են՝ «դավայ». Առուշ Առուշանյանի պաշտպան

Հուլիս 15,2021 17:45

«Եղել է այն, ինչ եղել է, բառեր էլ չեմ գտնում`մեկնաբանեմ: Մանկապարտեզ բաներ են անում: Կապիկ են, կապիկներից ի՞նչ պետք է սպասել»,- Հատուկ քննչական ծառայությունից դուրս գալուց հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

Հիշեցնենք, այսօր ԿԸՀ-ն համաձայնություն տվեց Առուշ Առուշանյանին անձեռնմխելիությունից զրկելու համար, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց եւ միջնորդություն է ներկայացվել դատարան, որպեսզի խափանման միջոցը կալանքն ընտրվի: Գորիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Նա մեղադրվում է «Հայաստան» դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու նպատակով ընտրակաշառք տալու մեջ։

Առուշ Առուշանյանը հրավիրվել էր ՀՔԾ: Արդեն ՀՔԾ-ի բակում՝ նրա եւ փաստաբանի վրա դիմակավորված անձինք են հարձակվել եւ բերման ենթարկել:

Առուշ Առուշանյանի մարտական ընկերն ու պաշտպան Արմեն Մելքոնյանը նրան առաջադրված մեղադրանքները շինծու եւ մտացածին է համարում: Մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածներով. «Առաջադրված մեղադրանքներում մենք մեզ մեղավոր չենք ճանաչում եւ մեղադրանքները չենք ընդունում։ Պարզ չէ նաեւ որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ շարադրվածը։ Անհասկանալի բաներ են, որոնք մեզ հետ ընդհանրապես կապ, աղերս չունեն։ Հոդվածներն ապօրինի են»:

Փաստաբանի խոսքով, իրենց հրավիրել են ՀՔԾ, նշված ժամին ներկայացել են, սակայն նրանց խնդրել են սպասել 15-20 րոպե, այդ ընթացքում իրենք որոշել են գնալ սուրճ խմելու եւ նրանց վրա հարձակվել են. «Դիմակավորված մի խումբ անձինք հարձակվում են բոլորիս վրա, ներկայանում են որպես փաստաբան, զենքերն ուղղում են վրաներս, հարցին, թե ո՞ւր եք տանում ասում են՝ «դավայ»։ Ես ցավում եմ այս ամենի համար, բառեր չեմ գտնում ասելու: Այս ամենը տեսնելուց հետո, ես չգիտեմ`ինչ-որ մեկն էլ կուզի՞ ապրել մեր երկրում: Մեկը ես`չեմ ցանկանա, որ իմ երեխաներն ապրեն: ՀՔԾ-ն հայտնում է, որ ինքը բերման ենթարկելու որոշում չի կայացրել եւ հետաքննության մարմնին նման հանձնարարական չի տվել, բայց հետաքննության մարմինն իր նախաձեռնությամբ այս թատրոնն է կազմակերպում ու այս կեղտոտ ձեւով: Առուշանյանին գետնեցին, բայց դրանով Առուշանյանին բարձրացրին վերեւ, իսկ իրենք գետնվեցին: Բա սա հաղթողի՞ պահվածք է»:

Այլ հարցերի պաշտպանը չպատասխանեց`ասելով, որ գործի ստվարածավալ նյութերին ծանոթանալուց հետո կարծիք կհայտնի: «Գնանք դատարան, եթե հերթական բեմականացումը չի նախատեսված մեզ համար, արդարությունը կհաղթի, իսկ եթե սցենարը գրված է, ուրեմն՝ սպասենք Աստծու դատաստանին»,- ասաց նա:

«Ժամանակը ցույց կտա, թե ի՞նչ խնդիրներ կառաջանան Սյունիքում, մենք`այնտեղ ներկա գտնվելով, ինչպես կպայքարենք այդ խնդիրների դեմ»,- ասաց Առուշ Առուշանյանը`պատասխանելով իր դեմ քրեական հետապնդում սկսելու մասին հարցին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031