Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը ԱԱԾ-ին ահազանգում է, թե ինչ մեծ վտանգ է կախված Հայաստանի գլխին

Հուլիս 15,2021 17:33

«Հայաստանի դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը այսօր հանդես եկավ խիստ մտահոգող հայտարարությամբ, որն ուղղված է Հայաստանի ԱԱԾ-ին:

«Ես այսօր հատուկ հայտարարությունով դիմում եմ ԱԱԾ-ին: Իրականում բոլոր հավաստի տվյալներն ունեմ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Շուշիի դեկլարացիան մշակելուց հետո գործի անցան եւ հրավիրեցին մասնագետների՝ պատմաբանների, սոցիոլոգների, հոգեբանների, տնտեսագետների: Նրանք մշակել են մի ծրագիր, որը կազմված է երկու փուլից:

Առաջին փուլում նրանք ծրագրել են տնտեսական էքսպանսիայի ենթարկել Հայաստանի տնտեսությունը, ինչի շնորհիվ իրենք կիշխեն մեր ամբողջ տնտեսական համակարգում: Դա շատ հեշտ է անել, որովհետեւ Հայաստանի այսօրվա տնտեսությունը, եթե մեղմ ասեմ, տկար վիճակում է, կառավարման մակարդակը ցածրագույն է: Իսկ հոգեբաններին ներգրավել են, որպեսզի պարզեն հայ ժողովրդի այն հատվածին, որը հակված է ապրել այսօրվա օրով, հակված է տունուտեղը վաճառել, որը կարող է ընդունել նաեւ թուրքի աշխատավարձը եւ պատրաստ է նրա հետ համագործակցել: Իսկ այդպիսիների թվում կան նաեւ գործարարներ, որոնց համար միեւնույն է՝ ում հետ են գործարք կատարելու: Եվ այս ամենը հաշվի առնելով՝ ծրագիրն արդեն մշակված է: Այն կսկսվի տնտեսական էքսպանսիայից հետո ճանապարհները բացելու պահին, երբ որ այսօրվա իշխանության ղեկավարը կստորագրի, այսպես կոչված, խաղաղության մասին պայմանագիրը: Այդ պարագայում նրանք իրավունք կստանան մտնել Հայաստան հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով: Շատ հեշտությամբ կարող են բնակֆոնդը գնել: Սա շատ լուրջ է, որի մասին ուզում եմ բացահայտ ասել՝ հաշվի առնելով, որ ժողովրդի մի հատվածը պատրաստ է ցանկացած գնով տունը վաճառել եւ հեռանալ երկրից: Նրանք կարող են այստեղ խորամանկություն անել՝ վճարելով երկու անգամ ավելի:

Ահա, այսպիսի լուրջ վտանգ է կախված մեր պետության գլխին:

Ճանապարհներ բացելը, թվում է, թե լավ երեւույթ է: Բայց այդ ճանապարհները բացվում են ոչ թե մեր, այլ՝ թուրքերի եւ ադրբեջանցիների առջեւ: Ու նրանք իրականացնելու են շատ ավելի մեծ այն ծրագիրը, որ ունեն: Դա իրենց դարձնելու է աշխարհաքաղաքական եւս մի գործոն շատ արագ փոփոխվող այս միջավայրում: Եվ դա արվելու է Հայաստանի միջոցով: Այլեւս ոչինչ պետք չի լինելու պատերազմով վերցնել: Դա շատ ավելի հեշտ է լինելու ճանապարհներն անխափան օգտագործելով, առավել եւս, որ մենք դիմադրություն ցույց չենք տալիս:

Այդ ծրագրի երկրորդ փուլը հետեւյալն է: Առանց պատերազմի մի քանի տարվա ընթացքում՝ լավագույն դեպքում 4-5 տարվա, տնտեսական էքսպանսիայի ենթարկելուց հետո լինելու է նաեւ դեմոգրաֆիական փոփոխություն: Այսինքն, այստեղ կբնակվեն նաեւ եկվորները: Արդեն օրինակներ ունենք: Եվ խառը բնակչության պայմաններում շատ ավելի հեշտ է լինելու լծակները վերցնել իրենց ձեռքը:

Եթե որեւէ մեկը կասկածում է իմ այս ասածներին, կարող եմ բերել Եվրոպայի օրինակը: Գերմանիայում արդեն թուրքական ամբողջական երկրներ կան, որոնք ինքնավար են գործում: Նրանց դեմոգրաֆիական աճը բերելու է նրան, որ 2050-ականներին գերմանացի ազգն արդեն տիտուլային ազգ չի լինելու: Սրանք բացահայտ փաստեր են:

Ահա, այսպիսի լուրջ վտանգ է կախված մեր պետության գլխին»,-հայտարարեց Արամ Սարգսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031