«Դատարանը որոշեց ոչ թե մերժել գործի կարճման՝ մեր միջնորդությունը, այլ քննարկումը հետաձգել, և դրա մասին վերջնական որոշում կկայացվի վերջնական դատական ակտը կայացնելու հետ միաժամանակ խորհրդակցական սենյակում»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի (լուսանկարում) պաշտպան Լևոն Սահակյանը:
Հուլիսի 15-ին Երևան քաղաքի դատարանում Գևորգ Լոռեցյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում Լևոն Սահակյանը դատարանին ներկայացրել է գործի կարճման միջնորդություն: Մեզ հետ զրույցում հիշեցրեց. «Նախկինում նույնպես գործի կարճման և քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություններ ներկայացրել էինք, և դրանք բոլորը մերժվել էին: Այս անգամ կրկին գործի կարճման միջնորդություն ներկայացրինք՝ հիմքն այն էր, որ քննիչն՝ ըստ էջերի չի համարակալել քրեական գործը և ինքնակամ ֆիլտրել այն՝ այնտեղից հանելով բազում ապացույցներ»:
Նշենք, որ Գեւորգ Լոռեցյանը կասկածվում է կաշառք ստանալու մեջ:
Լևոն Սահակյանը միջնորդության քննարկման հետաձգումը համարում է ոչ իրավաչափ և ապօրինի ու պարզաբանում. «Հիմքերն այնպիսին են, որ դատավարության ընթացքում դատարանն ինչ նյութ էլ հետազոտի, ինչ դատավարական գործողություն էլ կատարի, միևնույն է, փաստն այն է, և դատախազն էլ է ընդունել այդ հանգամանքը, որ քննիչը գործն ուղարկել է դատարան ֆիլտրված կարգով: Եվ հետևաբար այդ կոպիտ խախտումը վերացնել անհնար է, ուստի դատարանը հենց այսօր պետք է կարճեր քրեական գործը և դադարեցներ բոլոր ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը»:
Կարդացեք նաև
Լևոն Սահակյանն ասաց, որ մյուս ամբաստանյալների պաշտպանների կողմից ևս գործի կարճման միջնորդություն է ներկայացվել, նաև ներկայացրել են օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքները՝ որպես անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն, սակայն դրանց քննարկումը նույնպես հետաձգվել է մինչև դատական ակտի կայացման օրը: Լևոն Սահակյանը հայտնեց՝ ներկայացրել են նաև Գևորգ Լոռեցյանի խափանման միջոցը վերացնելու և գրավի միջնորդություն, որը ևս դատարանը մերժել է:
Պաշտպանը վրդովվեց. «Դրան գումարած դատարանը դատական հաջորդ նիստը նշանակեց հոկտեմբերի 11-ին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ դատավորը, հետո նաև դատախազը գտնվելու են արձակուրդի մեջ: Այսինքն՝ իրենց հանգստի իրավունքը գերադասեցին երկու տարի անազատության մեջ գտվող անձի ազատության իրավունքից, այն էլ այն պարագայում, երբ ակնհայտորեն քրեական գործ դատարանի վարույթում առկա չէ, քանի որ ներկայացված են կտրված ինչ որ փաստաթղթեր՝ վերջին պահին էջակալած»:
Ըստ պաշտպանի՝ դատարանի դահլիճում դատախազն ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել: Նա մանրամասնեց. «Դատախազը հայտնեց, թե իբր կողմերին, մեզ նույնպես ուղարկվել է ըստ էջերի համարակալված քրեական գործ, սակայն դա ակնհայտորեն չի համապատասխանում իրականությանը»:
Հարցին՝ իսկ ի՞նչ են պատրաստվում անել, Լևոն Սահակյանը պատասխանեց՝ դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ քրեական դատարան: Հետո էլ հավելեց. «Մեծացավ հավանականությունը, որ մենք հաղորդում կներկայացնենք հանցագործության մասին, որովհետև այստեղ խոսքը նաև ապօրինի կալանքի տակ պահելու մասին է»:
Հետաքրքրվեցինք՝ դրդապատճառը ո՞րն է, Լևոն Սահակյանն ասաց. «Դատախազության և ԱԱԾ կողմից տեսնում եմ միտում. դա այն է, որ նրանք ցուցաբերել են ավելորդ շտապողականություն, ձերբակալել փոխնախարարին, վերջինիս մեղադրանք առաջադրել: Հետագայում իրենք էլ հասկացել են, որ այդ մեղադրանքն ապագա ունենալ չի կարող, փոխել են մեղադրանքը, հիմա փորձում են մեղադրանքը հասցնել ավատին, որպեսզի կարողանան ինչ-որ կերպ արդարացնել փոխնախարարի ձերբակալությունը: Սակայն այստեղ խոսքը ոչ թե փոխնախարարի՝ Գևորգ Լոռեցյանի մասին է, այլ ՀՀ քաղաքացու մասին, ում նկատմամբ արդեն երկու տարի ակնհայտ ապօրինություն է տեղի ունենում, և բոլորը չգիտես ինչու՝ լռում են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ