Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դուդուկ շատ եմ սիրում, բայց պիտի դուդուկի կոդավորումից դուրս գանք». Հասմիկ Պապյան

Հուլիս 15,2021 17:12

Երկարամյա դադարից հետո Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքում կկայանա Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի հայաստանյան պրեմիերան։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ձեւակերպմամբ, Հասմիկ Պապյանը եկել է օպերային ստուդիա, որ այն ոտքի հանի ու կարճ ժամանակահատվածում բավականին գործ է արել. «Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերան, որ ներկայացնելու կարիք չունի, բացառիկ ստեղծագործություն է եւ Հասմիկ Պապյանի ընտրությունը, այժմ բեմադրվել է: Հասմիկ Պապյանը մեզ առաջարկել է նվագել, մենք էլ համաձայնել ենք համագործակցել, այլ դեպքում կարող էր տարօրինակ թվալ, թե ինչ գործ ունենք օպերային ստուդիայում: Ամեն դեպքում դա մեզ համար մեծ պատասխանատվություն է»,-ասաց մաեստրոն:

«Հասմիկ ջան, շնորհակալություն, որ աշխարհը գրավելուց հետո որոշեցիք գալ ու ձեր ուժը ներդնել Հայաստանի մեջ, ինչը շատ հուզիչ է»,-ընդգծեց Թոփչյանը, ապա ներկայացրեց երիտասարդ ռեժիսոր Վռամ Կարապետյանին` գնահատելով նրա պրոֆեսիոնալ մոտեցումը օպերային:

«Շատ ուրախ եմ նաեւ Տիգրան Ձիթողցյանի ներկայության համար, երեւի բոլորդ գիտեք, թե ով է Տիգրանը, համաշխարհային նկարիչ է, Նյու Յորքում անսահման մեծ հաջողություն վայելող, որը կապը միշտ պահում է Հայաստանի հետ: Ուրախ եմ, որ Տիգրանը մեր կողքին է, կուզեի ասել հպարտ, բայց հպարտ բառը հիմա ծռվել է, հպարտի հոմանիշ եմ (ժպտում է-Գ.Հ.), որ Տիգրանը մեզ հետ է»,-հավելեց մաեստրոն:

Նա խոսեց նաեւ ճանաչված օպերային երգիչ եւ դիրիժոր Սուրեն Շահիջանյանի մասին. «Նա մարդ արվեստ է… Ուրախ եմ, որ Սուրիկը երաժշտական ղեկավարությունը վերցրել է իր վրա: Սուրեն Շահիջանյանը,որ իմ մանկության ընկերն է, մեծ արժեք է որպես երաժիշտ»:

ԵՊԿ Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանն էլ նշեց, որ 31 տարի անց վերադառնալով Հայաստան` սիրով է ընդունել օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար լինելու առաջարկությունը. «Վստահ եմ, որ մեր ապագան երիտասարդներն են եւ իրենց ճիշտ ուղղորդելու ծրագրերը կազմելու գործը շատ կարեւոր է հատկապես Հայաստանում, հատկապես հիմա: Ինչու Գլյուկ, որովհետեւ կարծում եմ, որ մեր երկրին, ժողովրդին հատկապես այս պահին հարկավոր է ամոքող, սփոփող եւ բուժիչ երաժշտություն…Ես դուդուկ շատ եմ սիրում, բայց պիտի դուդուկի կոդավորումից դուրս գանք, պետք է կարողանանք բուժվել: Իսկ սա այն հազվագյուտ օպերաներից է, որ երջանիկ ավարտ ունի, սերը հաղթում է…Մենք պետք է շատ դրական հույզերով լցվենք»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031