Ջավախքում օրը տոնի է վերածվում, երբ նոր կրթական կամ մշակութային հաստատություն է բացվում: Տոնական էին նաև հուլիսի 12-ն ու 13-ը, քանի որ բացվեց երկու նոր «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա, առաջինը՝ Նինոծմինդա քաղաքում, երկրորդը՝ Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում:
Նինոծմինդայում «ԱրՄաթի» հիմնման ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (բարերարներ Արմեն և Թաթուլ Ղարսլյաններ), Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռաֆայել Ջավախ Ղարսլյանի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ գործընկերությամբ:
ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը նշեց, որ հիմնադրամը գործունեության լայն ասպեկտ ունի, որոնցից մեկը կրթամշակութայինն է: «Հերթական Արմաթի բացումը մեծ ու կարևոր նշանակություն ունի մեզ համար: Մենք մեծ սպասելիքներ ունենք այստեղ հաճախող երեխաներից: Նրանք պետք է տիրապետեն գիտությանն ու տեխնոլոգիական մասնագիտություններին, որպեսզի պատշաճ կերպով ներկայանանք աշխարհին, ունենանք մեր տեղն ու դիրքը: Նաև վստահ եմ, որ Արմաթում սովորող երեխաները մեծ նպաստ պետք է ունենան Վրաստանի տնտեսական ամրացմանն ու արժանապատիվ ձևով ջավախքը ներկայացնելու պատվավոր գործին, ինչպես նաև հայապահպանությանը», -նշեց պարոն Սահակյանը:
Նինոծմինդայի «ԱրՄաթ» լաբորատորիայի բարերար Արմեն Ղարսլյանի խոսքով՝ աշխարհում ամենավտանգավոր բանը տգետ մարդն է, դրա համար շատ կարևոր են նմանօրինակ կրթական հաստատությունների առկայությունն ու դերակատարումը. «Մեր նպատակներից մեկն այն է, որ ջավախքցին ոչ թե մեկնի արտագնա աշխատանքի այլ այսօրվա տեղեկատվական աշխարհում, թեկուզ ամենահեռավոր գյուղում՝ իր տանը նստած գումար վաստակի: Իսկ ԱրՄաթ լաբորատորիաները նպաստելու են հենց դրան»:
Կարդացեք նաև
«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի խոսքով Արմաթները ջավախքում բազմաթիվ խնդիրներ են լուծում. «Արմաթներն այստեղ ոչ միայն մասնագիտական կողմնորոշման այլ նաև սոցիալ-տնտեսական խնդիր են լուծում: Այս լաբորատորիաներում սովորելով երեխաները հետագայում կարող են ապահովել իրենց բարեկեցիկ ապագան՝ ունենալ պահանջված մասնագիտություններ: Մենք մեր առաջ խնդիր ենք դրել ինչպես Հայաստանում այնպես էլ ջավախքում հասնել նրան, որ ԱրՄաթը հասանելի լինի բոլոր համայնքների բոլոր երեխաներին», -նշեց պարոն Վարդանյանն ու հույս հայտնեց, որ Ջավախքում ԱրՄաթների թիվը մինչև տարվա վերջ կհասնի 10-ի:
ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը ուրախությամբ նշեց, որ Նինոծմինդայի «ԱրՄաթ» լաբորատորիա հաճախելու համար արդեն իսկ գրանցվել է 150 երեխա. «Սա իհարկե մեզ հաճելիորեն զարմացրեց և մենք նախնական վեց համակարգչի փոխարեն այստեղ տեղադրել ենք տասը համակարգիչ, որտեղ երեխաները մի քանի հերթափոխով կծանոթանան ինժեներիային, ռոբոտաշինությանը, 3Դ մոդելավորմանը, անիմացիաների ու խաղերի ստեղծմանը»: Սամվել Մկոյանը նաև հորդորեց բոլոր ջավախքցիներին միանալ այս նախաձեռնությանը և նպաստել, որպեսզի ԱրՄաթ լաբորատորիաները հասնեն նաև իրենց համայնքներ, գյուղեր:
Նինոծմինդայի «ԱրՄաթ» լաբորատորիայի խմբակավար Վեներա Սեյրանյանը տևական ժամանակ ապրելով և աշխատելով Երևանում, աշխատանքի հնարավորություն ստանալով վերադարձել է հայրենի Նինոծմինդա: «Որոշում կայացնելը և երևանից վերադառնալն, իհարկե, հեշտ չէր, սակայն գիտակցումը, թե ինչ նպատակի համար եմ վերադառնում և ինչ դերակատարում պիտի ունենամ այստեղ ինձ բերեց Նինոծմինդա», -ասում է Վեներան ու հպարտությամբ նշում, որ դասերին երեխաները մեծ ոգևորությամբ են հաճախում և շատ կարճ ժամանակահատվածում հասցրել են պատրաստել անիմացիաներ ու խաղեր:
Պաշտոնական բացմանը մասնակցում էին ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամները, բարերարներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ ու պաշտոնյաներ:
Միջոցառման ընթացքում պարային ու երաժշտական համարներով հանդես եկան Ռաֆայել Ջավախ Ղարսլյանի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի երգչախումբն ու պարային խումբը:
Պաշտոնական ելույթներից ու երաժշտական համարներից հետո տեղի ունեցավ ժապավենի կտրման հանդիսավոր արարողությունն ու կառույցի օրհնումը։ Նշենք, որ Արմաթը Նինոծմինդայում գործելու է Ռաֆայել Ջավախ Ղարսլյանի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի շենքում:
Հաջորդ օրը՝ հուլիսի 13-ին Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում կայացավ արդեն յոթերորդ «ԱրՄաթ» լաբորատորիայի պաշտոնական բացումը:
Օլավերդում ԱրՄաթի հիմնադրման ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (հովանավորներ՝ ՋԱՀ-ի Պերմի ներկայացուցիչ Գրիգոր Տաշչյանի գլխավորությամբ օլավերդցի բարերարներ) Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ գործընկերությամբ։
Ծնունդով Օլավերդցի բարերար Գրիգոր Տաշչյանը շուրջ հիսուն տարի է գյուղում չի ապրում, սակայն ոչ միայն չի մոռացել հայրենի գյուղն ու արմատները այլև իր ներդրումն է ունեցել գյուղում «ԱրՄաթ» լաբորատորիա բացելու գործում. «Շնորհակալ եմ բոլոր բարերարներից, որոնց հետ ֆինանսավորեցինք գյուղում ԱրՄաթի ստեղծման ծրագրին: Վստահեցնում եմ, որ սա մեր վերջին բարեգործությունը չի լինելու, շարունակելու ենք ամեն ինչ անել որպեսզի օլավերդցիներն ունենան բարեկեցիկ կյանք ու գյուղում մնալու, ապրելու հեռանկարներ» -ասաց պարոն Տաշչյանը:
Երկու միջոցառումների ընթացքում էլ, Ջավախքում արդեն գործող «Արմաթ» լաբորատորիաների սաները հատուկ տաղավարներով ներկայացրեցին այս տարիների ընթացքում իրենց ձեռքբերումները՝ սեփական ձեռքերով պատրաստած ռոբոտները, խաղերն ու անիմացիաները։
«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներիային և մաթեմաթիկային։
Այս ծրագրի շնորհիվ շրջանի երեխաների առջև իր դռներն է բացում ժամանակակից տեխնոլոգիաների և գիտության աշխարհը: Ի դեպ «ԱրՄաթ» լաբորատորիաներում կրթությունն անվճար է:
Ծրագրի նպատակն է խթանել Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացմանը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնմանը, հավելյալ տնտեսական ակտիվությանն ու ստեղծել աշխատանքի հնարավորություններ՝ հայրենիքում մնալու հեռանկարներ:
Առաջիկայում ՋԱՀ-ի նախաձեռնությամբ նախատեսվում է ևս երկու «ԱրՄաթ» լաբորատորիայի բացում Ախալքալաքի շրջանի Բեժանո և Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղերում:
«ԱրՄաթ»-ների հիմնման ծրագիրը Ջավախքում իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համագործակցությամբ և անհատ բարերարների ու կառույցների աջակցությամբ:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամ