Լրահոս
Օրվա լրահոսը

«Միաժամանակ սպառնում է Ալիեւը, գլխատվում են Սյունիքի համայնքները, իսկ պողպատյա մանդատակիրներին դա չի հետաքրքրում»․ Աննա Գրիգորյան

Հուլիս 15,2021 16:27

«Կարծում էի, որ զինված ու դիմակավորված ԱԱԾ-ականները պետք է Սեւ լիճ գնային, որովհետեւ այնտեղ է մեր թշնամին, բայց ոչ, ճանապարհը շփոթել, ներխուժել են կոմբինատ։ Աշխատակիցներին տեռորի են ենթարկում, ցուցմունքներ կորզում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կատարված խուզարկություններին՝ ասաց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ Աննա Գրիգորյանը։

«Աշխատակիցներն ահ ու սարսափով են այնտեղ գտնվում։ Սա հակապետական քայլ է։ Նման քայլից հետո ո՞ր տնտեսվարողն ու ներդրողը կուզենա ներդրում անել ՀՀ-ում։ Բերման են ենթարկում աշխատակիցներին, որոնք քաղաքական կողմնորոշում ունեն եւ ընդդիմությանն են սատարել»,-նշեց Աննա Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ նիստում այսօր էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի զեկուցած օրինագծին, որը նաեւ կոմբինատին է առնչվում, Աննա Գրիգորյանը շեշտեց․ «Ասում են, թե հանքարդյունաբերողներից փողը վերցնեն, տան ժողովրդին։ Բայց մեկ այլ նախագծով՝ իրենց տրվելիք գումարի չափն են բարձրացնում։ Ասում են, թե հիսուն հազար դրամը բավարար չէ պատգամավորի համար։ Իսկ թոշակառուին երեսուն հազար դրամը բավարա՞ր է։ Նախարար դարձած գործարարն ի՞նչ է կարծում, սա լա՞վ ազդակ է միջազգային ներդրողներին»։

Հիշեցնենք, որ պատգամավորների ծախսերին հատկացվող գումարը 50 000 դրամից 250 000 դրամ դարձնելու վերաբերյալ իշխանության հեղինակած նախագիծն այսօր եւս քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում։

Աննա Գրիգորյանը նաեւ շեշտեց՝ թշնամի երկրի ղեկավար Ալիեւը ՀՀ-ի հանդեպ տարածքային հավակնությունների մասին է խոսում, սպառնում, իսկ զուգահեռ՝ ՀՀ-ում Սյունիքի համայնքապետերին են ձերբակալում, իշխանության պողպատյա մանդատակիրներին Ալիեւի ասածները չեն հետաքրքրում, եւ այս ամենը՝ միաժամանակ։ «Համայնքները գլխատում են, որ իրենց կամակատարներին բերեն Սյունիքում»,-հավելեց Գրիգորյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031